Լրահոս
Օրվա լրահոսը

Մնացել էր կալանքի տակ՝ 2 միլիոն դրամի չափով գրավը չմուծելու համար

Մայիս 15,2020 13:30

Նոր դատարանը, կորոնավիրուսով պայմանավորված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն է ընտրել

Նարեկ Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու եւ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին միջնորդությունը բավարարվել է: Նարեկ Մնացականյանի կալանքը ստորագրությամբ փոփոխելու որոշումը կայացրել է Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Հարությունյանը։ Նարեկի նկատմամբ 2019թ. փետրվարի 15-ին ըտրվել էր կալանավորում խափանման միջոցը:

Այս մասին երեկ «Առավոտին» ասաց ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը: Ի դեպ, պաշտպանի 10 միջնորդություններից ապրիլ ամսվա ընթացքում դատարանները բավարարել են 8-ը:

Նարեկ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով.  նա  2019 թվականի փետրվարի 13-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Արամայիս Մելքումյանի եւ իր եղբոր՝ Արթուր Մնացականյանի հետ Երեւանի Իոսիֆյան 7 հասցեի մոտից գաղտնի հափշտակել են Արտակ Ավետիսյանին պատկանող 300 000 ՀՀ դրամ արժողությամբ «ՎԱԶ 21 07» մակնիշի 65 SU 393 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Մեքենան վաճառելու նպատակով տեղափոխել են Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղ, որտեղ ոստիկանության Ապարանի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել են եւ գողություն կատարելու կասկածանքով Արամայիս Մելքումյանը եւ Նարեկը բերման են ենթարկվել ոստիկանության Ապարանի բաժին, իսկ Արթուրը դիմել էր փախուստի: 2019թ. ապրիլի 4-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Նարեկի նկատմամբ կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ: Ըստ պաշտպանի, դատարանը փաստել էր, որ գործի քննության տվյալ փուլում, երբ, ըստ էության, կատարվել է հիմնական ապացույցների հավաքմանը, ձեռքբերմանը ուղղված քննչական, դատավարական գործողությունների գերակշիռ մասը, գործի նախաքննությունն ավարտվել է, գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, դատավորության մասնակիցների մեծամասնությունը ոստիկաններ են, վերացել կամ էապես նվազել է գործի քննությանը խոչընդոտելու վտանգը: Նախաքննության ավարտից հետո խոսք չի կարող գնալ նախկինում հիշատակված իրեղեն ապացույցները թաքցնելու կամ ոչնչացնելու մասին: Չնայած դրան, դատարանը փաստել էր, թե առկա է դատական քննությունից թաքնվելու, խուսափելու վտանգ՝ հաշվի առնելով արարքի կատարումից հետո դրսեւորած վարքագիծն ու բռնվելը:

Պաշտպանության կողմը միջնորդել էր` 2 000 000 ՀՀ դրամի չափով գրավ կիրառել: Սակայն ամբաստանյալ Նարեկ Մնացականյանն ի վիճակի չի եղել վճարել գրավի գումարը եւ որոշումը կայացնելուց մինչ վերջերս շարունակել էր մնալ կալանքի տակ։ Ըստ պաշտպանի` Նարեկ Մնացականյանին մեղսագրվել է միջին ծանրության մեկ դրվագ հանցավոր արարքի կատարում: Նա դատվածություն չուներ, կալանավայրում հիվանդացել էր տուբերկուլյոզով, շուրջ մեկ տարի եւ երկու ամիս գտնվում է կալանքի տակ:

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի վտանգի, դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում, երբ հայտնի չէ, երբ կնշանակվեն դատական նիստերը, երբ ողջամիտ ժամկետ հնարավոր չէր նշել, ու երբ հայտնի չէ, թե երբ կավարտվի քրեական գործի դատաքննությունը, նրա խափանման միջոցը փոխելու հարցը ժամանակին էր:

Պաշտպանը հղում էր կատարել նաեւ Եվրոպայի խորհրդի՝ «խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։ Նշված զեկույցում, կարեւորելով ազատության մեջ գտնվող անձանց կյանքի եւ առողջության իրավունքը, նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։ «Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության դեպքում։ Համաձայն նույն զեկույցի՝ կորոնավիրուսը նոր մարտահրավեր է ազատությունից զրկման տարբեր վայրերի աշխատակիցների, ինչպես նաեւ այն նորաստեղծ հաստատությունների համար, որտեղ անձինք գտնվում են կարանտինի մեջ. «COVID-19»-ի տարածումը կանխելու նպատակով ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակող միջոց պետք է ունենա իրավական հիմք, լինի անհրաժեշտ, համաչափ, հիմնված լինի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա եւ կիրառվի սահմանափակ ժամկետով»,-նշել էր Լ. Ավետիսյանը:

Ամբաստանյալ Նարեկ Մնացականյանի կողմից մեկուսարանի գերբնակեցման պայմաններում կորոնավիրուսով վարակվելու եւ այլոց վարակելու հավանականության մեծությունը եւս բավարար հիմք էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու եւ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու համար, որը բավարար է եւ կարող է ապահովել նրա պատշաճ վարքագիծը։

Ռուզան ԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031