Ուղիղ տասը տարի առաջ, երբ Օվսաննա Շեկոյանն արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի, գեղանկարների մրցանակային նրա «Դպրոց» շարքն արդեն բավական լայն շրջանակներում էր հայտնի ու գնահատված։
«Այդ տարվա ժյուրիի կազմում շատ տաղանդավոր արվեստագետներ էին։ Հիմա վերհիշելով՝ շատ հպարտ եմ, որ հենց այդ ժյուրին է ինձ ընտրել մրցանակի համար»։
Օվսաննան Սովետում մեծացած մարդ չէ ու երբևէ չի կապել կարմիր վզկապ, չէր էլ կարող իր հորը՝ բանաստեղծ Արմեն Շեկոյանին, ու նրա մանկության ընկերներին տեսած լինել նրանց դեռահասության տարիներին… Բացատրում էր, որ նկարներում իր երևակայությունը սնել են ընտանեկան ալբոմները։ Իսկ հիմա՝
«Ընտանեկան ալբոմներ այլևս գոյություն չունեն։ Այդպիսիք այսօր Instagram-ն ու TikTok-ն են։ Այսօր մեր կյանքի ցանկացած իրադարձություն կամ լուսանկար մի քանի վայրկյան հետո սոցիալական ցանցերում արխիվ է դառնում, ու այդ արխիվները բաց են բոլորի համար։ Իսկ մի բան, որը կորցնում է ինտիմությունը, արվեստի համար այդքան էլ հետաքրքիր չէ»։
Կարդացեք նաև
Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնի մագիստրատուրան չավարտած՝ 19 տարեկանում, Օվսաննայի աշխատանքները ցուցադրվեցին ՆՓԱԿ-ում։ Դրա հաջորդ տարին՝ 2010-ը, շատ բեղուն տարի եղավ նրա համար. «Պարապ վախտի խաղալիք» և «Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսներին մասնակցությունը ՆՓԱԿ-ում, ապա և Նախագահի մրցանակը։ Դրան հաջորդած տասնամյակում նման շրջան, իր կարծիքով, երևի կարելի է համարել 2016-17-ը։
«Այդ ընթացքում ես կարճամետրաժ «Թվիստ» ֆիլմի սցենարը զարգացրի Berlinale Talents–ի Short Film Station կինոհարթակի շնորհիվ, որից հետո գերմանական մեկ այլ փառատոնում այն զարգացման դրամաշնորհ ստացավ։ Եթե չլիներ այդ աջակցությունը, ֆիլմն այդպես էլ չէի նկարի»։
Գեղանկարիչ Օվսաննա Շեկոյանն իր մի քանի կարճամետրաժ ֆիլմերով անցել է դեպի կինո՞։
«Անցում, որպես այդպիսին, չի եղել։ Ինձ համար միշտ ավելի կարևոր են թեմաներն ու խնդիրները, որոնց անդրադառնում են, քան թե մեդիան՝ լինի ֆիլմ կամ գեղանկար: Այս բաժանումներն, օրինակ, դրսում երբեք չեն եղել։ Չեմ կարծում, որ Դալին զարմացրել է հանդիսատեսին, երբ Բունյուելի հետ ֆիլմ է նկարել (սցենար գրել) կամ Չուպաչուպսի փաթեթավորման համար դիզայն արել։ Դրանք բնական ու հաճախ անհրաժեշտ անցումներ են։ Էնդի Ուորհոլը մոտ 100-ից ավելի նարատիվ ֆիլմ է արել, իսկ վիդեոարտերն ընդհանրապես 500-ից անցնում են։ Դեյվիդ Լինչի գեղանկարներն իր ֆիլմերից ոչ պակաս հանճարեղ են։ Իմ գեղանկարներն էլ լուսանկարչությունից են շատ օգտվել, այսինքն, որպես այդպիսին երբեք էլ «ստերիլ» չեն եղել։ Այսօր ժամանակակից արվեստագետների շատ ցուցադրություններ ավելի շատ գիտական հետազոտություններ են հիշեցնում։ Ընդհանրապես, արվեստի մեջ սահմաններ գծելը հիմարություն է»։
Շեկոյանի «Արենա» կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է 2020թ. պետական ֆինանսավորման մրցույթի, սպասում է արդյունքներին.
«Ի դեպ, սա առաջին ֆիլմն է, որի համար ես պետական ֆինանսավորման եմ դիմել։ Մինչ այս ֆիլմերս իրականացրել եմ տարբեր դրամաշնորհներով, որովհետև ինքս էլ հասկանում էի, որ էքսպերիմենտալ, ոչ այդքան նարատիվ ֆիլմի համար պետական ֆինանսավորում ստանալը գրեթե անհնար է»։
Վերջին կարճամետրաժը՝ «Թվիստը», ավարտեց մոտ երկու ամիս առաջ, ապա համավարակը եղավ, ուստի ֆիլմի հետագա կյանքը մի փոքր մշուշոտ է նրա համար.
«Իմ ընկերներից շատերն են հիմա այս իրավիճակում, ինչից, կարծում եմ, կարևոր հետևություններ կարելի է անել։ Վերջին հինգ տարվա մեջ ֆիլմերի սպառման մեթոդները կտրուկ փոխվել են։ Կինոթատրոններն ու փառատոններն իրենց դիրքերը զիջել են մուլտիմեդիա, օնլայն հարթակներին, ինչպիսին, օրինակ, Netflix-ն է։ Շատ հնարավոր է, որ մեկ տասնամյակ հետո, եթե կինոթատրոնները դեռ ոչ, ապա փառատոններն ամբողջովին դառնան լուսանցքային։ Համաճարակը շատ լավ ցույց տվեց, որ այս փոփոխություններն անխուսափելի են։ Կաննի կինոփառատոնն իր 73 տարվա պատմության մեջ առաջին անգամ չի անցկացվելու, ու դա մեծ ողբերգություն չդարձավ, շատերը նույնիսկ չնկատեցին էլ։ Բայց եթե վաղը Netflix-ը կամ մյուս առցանց հարթակները հանկարծ որոշեն դադարեցնել աշխատանքը, հաջորդ օրը ամբողջ աշխարհում բողոքներ կսկսվեն»։
Տասը տարի առաջ «Երկիր» թերթի համար մեր զրույցում, երբ հարցրի՝ նկարչի հետ կամուսնանա՞ս, Օվսաննան ասաց՝ ո՛չ, արվեստագետներն ընդհանրապես շատ կենտրոնացած են սեփական անձի վրա` իրենց մասին մտածելով քնում են, իրենց մասին մտածելով արթնանում: Հետագայում ամուսնացավ օպերատոր, պրոդյուսեր Անդրանիկ Սահակյանի հետ։ Այդ հին մեր զրույցում Օվսաննան նաև ասել էր, որ Հայաստանում արվեստագետներն իրենք են գնում իրենց ցուցահանդեսներին, իրար մեջ նեղ քննարկում են բացում, ու արդյունքում բոլոր փոփոխությունները մնում են էդ շրջանակի ներսում». այս առումով հիմա որևէ բան փոխվե՞լ է.
«Տասը տարի առաջ ցուցահանդեսային կյանքը շատ ավելի ակտիվ էր։ Սակայն այդ ժամանակ էլ արդեն տեսանելի էր, որ արվեստը չորս պատի ներսում այլևս չի ցանկանում մնալ։ Հիմա այդ պատերն արդեն չկան ու , այո՛, սպառողների, քննարկողների շրջանակն ավելի մեծ է։ Ուրիշ հարց է, որ բոլորը չէ, որ հեշտությամբ են հարմարվում այս տրանսֆորմացիաներին ու պատրաստ են ռեֆլեքսիայի»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել և ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակները ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։
Օվսաննա Շեկոյանի լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի։
Մյուս նկարներում՝ Օվսաննա Շեկոյանի յուղաներկ նկարների 2009թ. «Դպրոց» շարքը, որի համար 2010թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։
«Առավոտ» օրաթերթ
14.05.2020