Զոհրաբ Մնացականյանը չհիշեցրեց Ադրբեջանին խաղաղություն
պարտադրելու՝ մայիսի 12-ի օրվա խորհրդի մասին
Մայիսի 12-ին առաջին անգամ տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացվեց ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ղրղըզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Մոլդովայի արտգործնախարար Օլեգ Ցուլը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդդինը, Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը, ինչպես նաեւ գործադիր կոմիտեի նախագահ – ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
Նիստի մասնակիցները շնորհավորանքներ են փոխանակել ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի եւ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության արդիական հարցեր, միջազգային եւ տարածաշրջանային գործերում կազմակերպության դերի եւ տեղի բարձրացման հեռանկարները, ինչպես նաեւ՝ կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: Նրանք կարեւորել են առեւտրատնտեսական եւ տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներում փոխգործակցության առկա եւ հաստատված բոլոր մեխանիզմների, կարանտինային սահմանափակումների պահպանումը, ինչպես նաեւ ԱՊՀ ազատ առեւտրի գոտու լիարժեք գործունեությունը:
Պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են կորոնավիրուսային համաճարակի հետեւանքները կանխելու գործում Համագործակցության մասնակից պետությունների ջանքերի միավորման արդիականությունը: Առանձին ուշադրություն է դարձվել ԱՊՀ երկրների տարածքում անվտանգության եւ կայունության ապահովման բնագավառում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ երկխոսության ամրապնդման, ինչպես նաեւ ներդրումների, տրանսպորտի, նորարարության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերին: Ընդգծվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը բարիդրացիության, փոխադարձ հարգանքի եւ շահերի հաշվառման հիման վրա ՝ Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների բարեկեցության եւ կյանքի որակի բարձրացման նպատակով: Նիստի արդյունքում ստորագրվել են համագործակցության տարբեր բնագավառներին առնչվող 11 փաստաթղթեր, օրակարգի բոլոր հարցերի շուրջ ընդունվել են փոխհամաձայնեցված որոշումներ:
Կարդացեք նաև
ԱՊՀ երկրները համարժեք եւ ժամանակին են արձագանքում կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակին, ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք նշել ենք, որ ԱՊՀ-ն, ընդհանուր առմամբ, օպերատիվորեն է արձագանքում փոփոխվող իրականությանը, մշակում է համավարակին հակազդելու համաձայնեցված քայլեր: Ակտիվորեն գործում է որոշ ժամանակ առաջ ստեղծված, ներկայիս կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ չկապված, ինֆեկցիոն հիվանդություններից տարածքի սանիտարական պահպանման Համակարգող խորհուրդը»,- նշել է նա:
Լավրովը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը քննարկվելու է մայիսի 29-ին ԱՊՀ վարչապետների նիստում, իսկ ԱՊՀ գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 16-ին Տաշքենդում, որտեղ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին կներկայացվի մայիսի 12-ին հավանության արժանացած ինտեգրացիոն կապերի ամրապնդման փաստաթղթերի մի մասը: Դրանք առնչվում են պաշտպանության եւ անվտանգության, մշակութային-հումանիտար ոլորտների հարցերին: Լավրովը նաեւ նշել է, որ այդ իրադարձության նախօրեին՝ հոկտեմբերի 15-ին, նախատեսվում է անցկացնել ԱՊՀ ԱԳ նախարարների նոր հանդիպում:
Թեեւ այս նիստում կարեւորվել են ԱՊՀ երկրների տարածքում անվտանգությունն ու կայունության ապահովումը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ երկխոսության ամրապնդման ոլորտում, Ադրբեջանի արտգործնախարարը առիթը բաց չի թողել հեռավար հանդիպման ընթացքում եւս Հայաստանին քննադատելու:
«Հայկական կողմը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության նոր սպառնալիքներ է ստեղծում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Այսօր աշխարհում տիրող իրողությունները արդյունավետ համագործակցություն են պահանջում: Սակայն ԱՊՀ տարածքում առկա չլուծված հակամարտությունները թույլ չեն տալիս արդյունավետ համագործակցել: Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի խանգարի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ այդպիսով սպառնալիքներ ստեղծելով տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար,-ասել է նա՝ հավելելով,- Ադրբեջանը կողմ է հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորմանը: Բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել»: Ապա Մամեդյարովը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Փարիզյան Խարտիայի եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի համաձայն՝ Ադրբեջանն իրավունք ունի վերականգնել տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների մակարդակի շրջանակում:
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նախ իր բացման խոսքում շնորհավորել է գործընկերներին` Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ` նշելով. «Զոհվածների, նացիստական տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի եւ ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության եւ այլատյացության գաղափարախոսության տարածմանը»: Աշխատանքային թեմաներին անդրադառնալուց հետո Մնացականյանն այնուհետեւ նկատել է, որ ստիպված է արձագանքել ադրբեջանցի իր գործընկերոջը։
«Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը եւ մտադիր ենք հետագայում եւս շարունակել այն: Ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, եւ այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են: Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաեւ կողմերից որեւէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում եւ այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար: Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Մայիսի 12-ը, երբ անց էր կացվում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, ղարաբաղյան կարգավորման գործընթացի պատմության համար ամենանշանակալի օրերից մեկն էր, երբ հայկական կողմը զինադադար պարտադրեց Ադրբեջանին:
26 տարի առաջ Ադրբեջանը ստիպված եղավ Հայաստանի ու Արցախի հետ զինադադար հաստատելու փաստաթուղթ ստորագրել, իսկ մինչ այդ Ադրբեջանի ղեկավարությունը ԱՊՀ-ական տարբեր երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների մոտ բանագնացներ էր ուղարկում, որպեսզի համոզեն հայկական կողմին կանգ առնել, քանի որ իրենց իսկ սանձազերծած պատերազմը հյուծել ու քայքայել էր Ադրբեջանը:
Ցավալի է, որ Հայաստանի ԱԳ նախարարը ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը չօգտագործեց որպես պատեհ առիթ՝ հիշեցնելու մայիսի 12-ի օրվա խորհուրդը: Իսկ ղարաբաղյան բանակցային գործընթացի պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդկանց հայտնի է, որ նախեւառաջ ռուսական միջնորդական ջանքերի, մասնավորապես՝ Վլադիմիր Կազիմիրովի նախաձեռնողականության շնորհիվ կնքված զինադադարով հայկական կողմը Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաջին քայլն իրականացրեց՝ հաղթանակ տանելով ոչ միայն ռազմաճակատում, այլեւ՝ դիվանագիտական ճակատում:
Մայիսի 12-ի երեկոյան միայն պաշտոնական Երեւանը տարածեց հրադադարի եռակողմ համաձայնագրի 26-ամյակի առթիվ հաղորդագրություն: «Այսօր լրանում է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակը, որը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային: Համաձայնագիրն անժամկետ է. դրա անշեղ իրագործումը եւ հրադադարի ռեժիմի ամրապնդումը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված համաձայնագրերի իրականացման միջոցով ԼՂ խաղաղ գործընթացի առանցքային մասն է: Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, որն ուղեկցվում է բանակցություններում փոխզիջումները մերժող դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտն է»,- ասվում էր ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակի հաղորդագրությունում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.05.2020