«Քիչ առաջ դատարանը որոշում կայացրեց մեր բողոքը բավարարելու և քննիչի միջնորդությունը միաժամանակ բավարարելու մասին: Արթուր Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը:
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը մայիսի 12-ին, դատախազի ցուցումով ձերբակալվել էր: ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել էր՝ Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նիստի ավարտից հետո Արթուր Ալեքսանյանը Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ նա կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն ՝ «մայիսի 11-ին Ազգային ժողովի պատգամավորներից մեկը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ»:
Էմին Բեգլարյանն ասաց, որ իրենց միջնորդությունը, որը վերաբերում էր ձերբակալման իրավաչափությանը, դատարանը բավարարել է ու մանրամասնեց. «Որոշման եզրափակիչ մասով նշվում է՝ պաշտպանի բողոքը բավարարել, ձերբակալումը համարել ոչ իրավաչափ, միաժամանակ բավարարել նաև քննիչի միջնորդությունը և Արթուր Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը երկու ամսով: Հաշվի առնելով գործի հանգամանքները՝ միջնորդության քննության ընթացքը որևէ այլ կերպ, քան խայտառակություն չեմ կարող որակել»:
Կարդացեք նաև
Էմին Բեգլարյանը մեզ հետ զրուցում ասաց, թե որպես իրավաբան չի պատկերացնում՝ ինչպե՞ս էր հնարավոր բավարարել այս միջնորդությունը, քանի որ դատարանը որոշմամբ գտել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, ընդ որում, ձերբակալման նպատակը ձերբակալման արձանագրությամբ նշված է եղել Արթուր Ալեքսանյանի փախուստը կանխելը: Որպես կալանավորման հիմք քննիչը միջնորդության մեջ նշել է, որ վերջինս, ազատության մեջ մնալով, կդիմի փախուստի: Եթե դատարանը գտնում է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, քանի որ փախուստի վտանգ չկա, ինչպե՞ս է քննիչի միջնորդությունը բավարարում: Երկակի ստանդարտներ են կիրառվել: Նույն ակտով հենց ինքն իրեն է հակասում դատարանը»:
Էմին Բեգլարյանն ասաց, որ կալանավորման միաժամանակ երկու հիմք է ներկայացվել՝ փախուստը և նոր հանցանք կատարելը ու շարունակեց. «Կոնկրետ ձերբակալման մասով հասցրել եմ ծանոթանալ: Նշվում է՝ քանի որ նպատակն առկա չէ և նպատակը նշեցի փախուստը կանխելն էր, դատարանն առհասարակ ձերբակալման հիմքերին չի անդրադարձել: Թե հիմա ինչպե՞ս է ստացվել, որ այդ նույն փախուստը նա նաև կալանավորման հիմքերի մասով հաստատված է համարել, այդ մասով տրամաբանել չեմ կարող»:
Արթուր Ալեքսանյանի պաշտպանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննության կարգով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ