Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով արտակարգ դրության ռեժիմի մեկ ամսով երկարացնելու ընթացքում քաղաքացիների վարքագծի մասին, չկարողացավ շրջանցել նախկիններին հիշելու գայթակղությունը:
«Հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական կարիք ունեցող քաղաքացիները, որոնք վարակված դեպքերի մոտավորապես 20-30%-ն են կազմում: Մենք կկենտրոնանանք միայն բուժական գործի վրա: Իհարկե, կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ: Ինքնամեկուսացման ռեժիմը դեռ երկար կշարունակենք:
Կրկին իմ համար շատ անհասկանալի զավեշտը, կատակի վերածելը, սրամտելը շատ է հիասթափեցնում: Ինչի՞ վրա ենք սրամտում…Չեմ ուզում ասել՝ պետք է ազգովի սթափվենք, որովհետեւ դա մի քիչ վատ ասոցիացիաներ է առաջացնում նախկին ռեժիմի որոշ կարկառուն ներկայացուցիչների հետ: Բայց լրջանանք մի քիչ, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում այսօր, տեւելու է շատ երկար:
Ես այսօր հեռավար մի աշխատանքային քննարկման էի մասնակցում աշխարհի տարբեր ծայրերի վեց երկրների հետ: Ամեն տեղ վիճակը մոտավորապես նույնն է: Վերջում մի ամփոփիչ նոտա եղավ, եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդությունը բուժելու, մեղմելու, կամ պացիենտի բուժումն արագացնելու դեղամիջոցը, կամ պատվաստանյութը, որը ավելի քիչ հավանական է կամ ավելի ուշ կլինի, միեւնույն է, կորոնավիրուսային համաճարակի կամ համավարակի վերջը հնարավոր է՝ տեսանելի լինի ոչ շուտ, քան հինգ տարի հետո: Հետեւաբար, պետք է իրոք լրջանանք մեր հարազատների, հատկապես տարեց, քրոնիկ հիվանդություններով հարազատների, որոնք մատների արանքով նայող մեր քաղաքացիների ծնողներն են, տատիկ-պապիկներն են, գուցե, քույր-եղբայրներն են, եւ փորձենք մեր վարքագիծը ճշգրտել մոտավորապես իմ ասած ժամանակաշրջանի համար: Դրանից հետո չգիտեմ ինչ կլինի»,-հայտարարեց Արսեն Թորոսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ