Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրող կողմը, փաստացի հրաժարվեց իր մեղադրանքը պաշտպանելուց». Լուսինե Սահակյան

Մայիս 14,2020 20:15

«Իհարկե, ես այլ պատասխան էի  սպասում, որպեսզի մեղադրող կողմը հրաժարված չլիներ իր մեղադրանքից: Այսօր մեղադրող կողմը, փաստացի հրաժարվեց իր մեղադրանքը պաշտպանելուց: Իրենք նույնիսկ չկարողացան, որպես ՀՀ քաղաքացի ասել, որ այո, իրենք համաձայն են այդ մեղադրանքի հետ, որ իրենք ինչ-որ կամարտահայտություններ էին ձեւավորել եւ ինչ-որ լեգիտիմ ակնկալիքներ ունեին, եւ այդ լեգիտիմ ակնկալիքները խոչընդոտվել են: Շատ շնորհակալ եմ մեղադրողին, որ գոնե իրենք այդքան ազնիվ գտնվեցին, գոնե չասելու այն, ինչի հետ իրենք համաձայն չեն»,- այս հայտարարությունն այսօր դատարանում արեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանական խմբի անդամ Լուսինե Սահակյանը:

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում մեկնարկեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը: Նախագահող դատավորն է Հարություն Մանուկյանը:

Հիշեցնենք, Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով: Դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել մեղադրական եզրակացությունն ու այն հետ էր ուղարկել ՀՔԾ՝ որոշակի առաջարկություններով։ Արա Բաբլոյանն ի սկզբանե մեղադրվում էր իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար, Արսեն Բաբայանը՝ իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիքի համար: Մեղադրանքները վերաբերվում են Հրայր Թովմասյանի`ՍԴ նախագահի պաշտոնում ընտրության գործընթացին:

Նիստի մեկնարկին Արսեն Բաբայանն ու իր պաշտպանները հարց ուղղեցին դատավորին`արդյոք ինքը, որպես ՀՀ քաղաքացի, ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգի առնչությամբ այս քրեական գործով համարում է իրեն տուժող: Հարցի պատասխանը, ինչպես հայտարարեց Լուսինե Սահակյանը, իրենց համար կարեւոր էր, դատավորին  ինքնաբացարկի միջնորդություն անելու հարցը հստակեցնելու համար: Դատավորն ասաց` եթե ինքը գործով տուժող լիներ, ապա կունենար համապատասխան կարգավիճակ: Քանի որ սույն գործով ինքը չունի տուժողի կարգավիճակ՝ հետևաբար տուժող չէ։ Դատավորի պատասխանը կողմնորոշվելու հնարավորություն չտվեց եւ Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ իրենց համար այդպես էլ հասկանալի չդարձավ` դատավորը կողմնակա՞լ է, թե՞ ոչ: «Մեղադրանքի շրջանակում չկա գեթ մեկ դատավոր, որը կարողանա այս գործի շրջանակներում անկողմնակալ քննություն իրականացնել»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը`հավելելով, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացնում: Մեղադրող կողմը ևս դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չուներ։

Մեղադրյալներից Արսեն Բաբայանն էլ հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր քննադատական հարցազրույցներից հետո իրեն ձերբակալել են և գործը քաղաքական ենթատեքստ։

Աշխատանքային ժամի ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 9-ին, ժամը՝ 13։30-ին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031