Այսօր կառավարության առաջ բողոքի ցույց էր անում քաղաքացի Նելլի Միքայելյանը՝ դժգոհելով ոստիկանության եւ քննչական մարմինների գործողություններից: Տիկին Նելլին հեղափոխությունից ի վեր առաջին անգամ է, որ ցուցարարի դերում է, մինչ այս, նա, կարելի է ասել, «հարձակում» էր գործում եւ կշտամբում կառավարության առաջ ցույց անող քաղաքացիներին՝ անկախ, թե ինչ խնդիրներից էին նրանք բողոքում:
Հարցին՝ ինչո՞ւ է մտքափոխվել եւ այժմ ոչ թե կառավարությանն է պաշտպանում, այլ կառավարության դեմ ցույց է անում, ասաց. «Այո, ես բոլորի դեմ էի դուրս գալիս: Ես հոգով, հույսով, հավատով, ակնկալիքով ոտքի եմ ելել, որ վերջապես այն հանցավոր խմբերը, սկսած՝ գրասենյակի այլանդակներից, դուրս կշպրտվեն փողոց: Ասում եմ՝ համբերեմ մի ամիս, երկու ամիս, երեք ամիս, չորս ամիս, մի տարի, որ վերջապես կմաքրվեն, բայց ոչինչ չփոխվեց: Այո, ես հոգով, սրտով, բջիջ առ բջիջ կանգնել եմ այս կառավարության կողքը, բայց այսօր,ես իմ կաշվի վրա զգում եմ ոստիկանության այլանդակությունը: 10 միլիոն մարդ ոտքի կանգնեց այդ հանցագործ ռեժիմի դեմ, բայց ռեժիմը չի փոխվել, մի հատ Սերժ է փոխվել: Բայց նույն հանցագործը, նույն պաշտոնին նստած, նույն ձեւի աշխատում է ու չգիտենք ուր գնանք, ում բողոքենք, այո ես կանգնել եմ իմ վարչապետի կողքին, բայց այսօր հիասթափված եմ: Անուն առ անուն բողոքում ես, բայց ոչ մեկին աշխատանքից չի հեռացնում»:
Նրա խոսքով, Երեւանի քննչական վարչությունում իր նկատմամբ բռնություն է կատարվել, որի ապացույցները տեսախցիկներում կան: Իսկ քննչական գնացել էր, քանի որ ժառանգության հարցին առնչվող խնդիրներ է ունեցել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ