«Մայիսի 25-ից եկեղեցում պատարագները, ժամերգություններն ինչպե՞ս են անցկացվելու»,- այսօր ԱԺ հատուկ նիստում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Ավինյանը պատասխանեց, որ որոշ սահմանափակումներ ավելի են խստացրել, մասնավորապես, հանրային միջոցառումների մասնակցող անձանց քանակը 20-ից նվազեցրել են 5-ի, ուստի եկեղեցու ժամերգություն-պատարագն էլ պետք է այդ տրամաբանության մեջ լինի:
Բաբաջանյանը նաեւ ասաց, որ միջազգային մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ այս վարակը լուրջ վնաս է հասցնում երեխաների առողջությանը, ախտահարում է ոչ միայն թոքերը, այլեւ վնասում երիկամները, նյարդային համակարգը: Իսկ Հայաստանում որոշում են մանկապարտեզները բացել, ինչը ռիսկը մեծացնում է՝ մանավանդ, որ երեխաներին սոցիալական հեռավորություն չեն կարող պարտադրել: Ավինյանն ասաց, որ նման տեղեկատվություն ինքը չունի եւ նման հետազոտության արդյունքներին ծանոթ չեն. «Մեզ մոտ երեխաների դեպքերը հիմնականում անցել են ասիմպտոմ, ծանր դեպքեր չեմ մտաբերում: Երեխաների վրա ազդեցությունը համարվում է ամենանվազ վտանգավորը»:
«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հարցրեց՝ լողավազաններ, մարզասրահները, որ բացում են, ի՞նչ պայմաններով են բացում, բնականաբար, դիակով չեն լողալու: Ավինյանը պատասխանեց, որ որոշակի հեռավորության վրա են լինելու ու տրամաբանական է, որ լողալիս դիմակ ու ձեռնոց չեն կրի:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը բանկերի դիմաց հերթերից ու կուտակումներից հարցրեց՝ ի՞նչ է հնարավոր անել, որ բնակիչներին զերծ պահենք դրանից:
Ավինյանը պատասխանեց, որ հերթի պահպանումը մեր մշակութային խորքային խնդիրներից մեկն է, ամեն ինչ սկսվում է այդ տարրական կանոններից, պետք է հասարակությանը ցույց տալ, որ հերթ պահելն այնքան էլ վատ բան չէ: ԲՀԿ-ականը նաեւ հարցրեց սգո արարողություններից, ավելի ճիշտ՝ հոգեհացից. «Եթե սեղանների հեռավորությունը պահեն, կարո՞ղ են մեծ քանակով հոգեհացի արարողությունն անել»: Պարետը պատասխանեց. «Ցավոք, ոչ, հանրային միջոցառումների թվաքանակի սահմանափակումը նվազեցվել է: Հոգեհացի արարողության համար առանձին կարգ է սահմանված, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ ապրում ենք համավարակի պահմաններում, ուստի հոգեհանգստի, թաղման արարողությունները սահմանափակումներով են լինելու»:
Պատգամավոր Արթուր Գրիգորյանն էլ հարցրեց հարսանիքներից, Ավինյանը պատասխանեց, որ Հայաստանում հարսանիքները առանց էմոցիոնալ պոռթկումների դժվար է պատկերացնել ու դա շատ ռիսկային է այս պայմաններում. «Խնամիները իրար բարեւում են, պաչում են, իրար հետ պարում են ու վարակը շատ արագ տարածում»:
ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանն ասաց, որ Լարսի անցակետում մարդիկ են մնացել, որ կարելի է ասել՝ բնակվում են իրենց տրանսպորտային միջոցներում. «Ի՞նչ է լինելու իրենց ճակատագրի հետ: Վերջերս՝ երեկ եւ դրանից մի քանի օր առաջ տվյալ տարածքի պարեկային ծառայության պետերը շատ անշնորհք ձեւով են իրենց պահել մեր քաղաքացիների նկատմամբ: Չպետք է թույլ տալ, որ մեր քաղաքացիներն իրենց զգան անտեսված տվյալ տարածքում»:
Ավինյանն ի պատասխան տեղեկացրեց, որ նախ, վաղվանից կազմակերպելու են պարբերական թռիչքներ, որոնք նպատակաուղղված են լինելու ՀՀ քաղաքացիների վերադարձն ապահովելուն: Կրասնոդարում նույնպես նմանատիպ թռիչքներ են պլանավորվում:
Ինչ վերաբերում է Լարսի անցակետում գտնվող մեր քաղաքացիներին՝ Ավինյանն ասաց. «Չեմ հասկանում այնտեղ հայտնվելու դրդապատճառը որն է եղել, որովհետեւ պարզ էր, որ փակ է ե՛ւ վրացական սահմանը, ե՛ւ հայ-վրացական սահմանը եւ իրենք փաստացի ունենալու էին այդ խնդիրը: Ավտոմեքենաներով գալ այնտեղ ու պահանջել, որ թույլ տան…պետք է հասկանալ, թե ինչ ծավալների դա կարող է բերել: Իրենց խնդիրներին պետք է անդրադառնա ԱԳՆ-ն ու եթե նրանք կարիք ունեն վերադառնալու ՀՀ, պետք է ցուցակագրվեն ու հերթով վերադարձը կապահովվի: Դալլաքյանն արձագանքեց. «Դիտարկենք այն տեսանկյունից, որ առանց հասկանալու եկել հասել են տվյալ տարածք, չեն հասկացել՝ հասել են այդտեղ: Ես գտնում եմ, որ տվյալ քաղաքացիներին պետք է գոնե 48 ժամվա ընթացքում փորձել բերել մեր հայրենիք՝ բանակցելով վրաց իշխանությունների հետ»: Ավինյանը զարմացավ՝ եթե աշխարհով մեկ հայտարարվում է համավարակ, սահմանները փակվում են, այդ իրավիճակում կասկածում է, որ այդ անձինք չեն իմացել, որ սահմանը փակ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ