Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը որպես հնարավորություն՝ Իրան-ԱՄՆ լարվածությունը մեղմելու համար

Մայիս 14,2020 19:20

Կորոնավիրուսը շարունակում է վնասել ոչ միայն մարդկանց առողջությունը, այլ կաթվածահար անել երկրների տնտեսությունը։ Այդ երկրներից է ԱՄՆ-ն, որի և՛ տնտեսական վնասներն են մեծ եղել, և՛ մարդկային կորուստները։ Այսօր այդ երկրում գոյություն ունի 1.2 մլն. կորոնավիրուսով վարակված, որից 76000֊ ը մահացել են։

Իրանում էլ, ինչպես շատ երկրներում, կորոնավիրուսը շարունակում է զոհեր խլել։ Մինչ այժմ զոհերի թիվը այդ երկրում գերազանցել է 6700֊ը և ավելի քան հարյուր տասը հազար մարդ վարակված է վիրուսով։

Դա այն դեպքում, երբ Իրանի նկատմամբ Վաշինգթոնի առավելագույն ճնշում քաղաքականությունն ու սահմանված ամենախիստ պատժամիջոցները պատճառ են դարձել, որ մի կողմից Իրանի նավթի վաճառքը, որպես աշխարհում նավթ արտահանող 4֊րդ երկիր ամբողջովին դադարեցվի, և մյուս կողմից՝ այս երկիրը չկարողանա ֆինանսական գործարքներ կատարել և գնել դեղորայք ու անհրաժեշտ բժշկական սարքավորումներ քաղաքացիների բուժումը լիարժեք կերպով կազմակերպելու նպատակով, ինչի պատճառով ամերիկյան պատժամիջոցների լեգիտիմությունը և օրինականությունը միջազգային մակարդակով հարցականի տակ է դրվել և աշխարհի բազմաթիվ ղեկավարներ, դիվանագետներ, պաշտոնյաներ, մասնագետներ և քաղաքացիական կազմակերպություններ ԱՄՆ-ից պահանջում են, որ չեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի երկրի կառավարությունը հնարավորություն ունենա փրկել հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքեր։

Իրանի կառավարությունը հայտարարել է, որ պատժամիջոցները թույլ չեն տալիս բժշկական սարքավորումներ և դեղորայք գնել, ուստի դրանց չեղարկելու վերաբերյալ պահանջ է ներկայացրել միջազգային ատյաններին։

ԻԻՀ արտգործնախարար Ջավադ Զարիֆի ասելով` ԱՄՆ֊ի կառավարությունը Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շարունակելով ոչ միայն տնտեսական, այլ առողջապահական ահաբեկչություն է իրականացնում։

Նա դիմելով միջազգային հանրությանը կոչ է արել չհետևել ԱՄՆ֊ի բարոյականությունից և օրինականությունից զուրկ պատժամիջոցներին, քանի որ ըստ նրա` Վաշինգթոնի այդ քայլը ռազմական հանցագործություն է համարվում։

Ամերիկյան որոշ դիվանագետներ և քաղաքական շրջանակներ նույնպես պահանջել են ԱՄՆ֊ի նախագահ Դոնալդ Թրամփից, որպեսզի չեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Այդ դիվանագետներից են դեմոկրատ սենատորներ Բերնի Սանդերզը և Էլիզաբեթ Ուորենը։

Սակայն որոշ աջակողմյան շրջանակներ, ինչպիսիք են «Ժողովրդավարության պաշտպան հիմնադրամը» և «Ինտերպրայզ ինստիտուտը»՝ ԱՄՆ֊ի կառավարությունից պահանջում են, որ պատժամիջոցներն էլ ավելի խստացնի։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այս խմբերն ամեն ինչ անում են, որ ԱՄՆ-ին ներքաշեն Իրանի դեմ լայնածավալ պատերազմի մեջ։

Ըստ երևույթին, Թրամփը սպասարկում է երկրորդ խմբի շահերը երկու նպատակով՝ ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա, որ վերջինս ստիպված գա բանակցության սեղանի շուրջ և նրան պարտադրի իր պահանջները, և երկրորդ՝ Իրանի դեմ թշնամանքը խորացնելու միջոցով ընտրողների ազգայնական պոռթկումների հաշվին մեծացնել գալիք նոյեմբերին նախագահական ընտրություններում հաղթելու իր շանսերը։

Այսպիսով, Թրամփը ոչ միայն արգելափակել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իրանին 5 մլրդ դոլար վարկի հատկացումը, որն Իրանը խնդրել էր նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այլ կորոնավիրուսյան ճգնաժամի պայմաններում էլ ավելի է խստացրել պատժամիջոցները և վետո դրել կոնգրեսի օրինագծի վրա, որով նախատեսվում էր սահմանափակել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները։

Թրամփը, սպասարկելով Իսրայելի և Սաուդյան Արաբիայի շահերը, ամեն ինչ անում է, որ զինաթափված Իրանի հետ բանակցություններ վարի և այդ երկրին թելադրի իր պահանջները՝ այդպիսով ամերիկյան ընտրողների շրջանակներում իրեն հռչակի որպես հաղթող կողմ։

Սակայն առկա է նաև մի այլ կարծիք, որի համաձայն՝ հնարավոր է Իրանի դիմադրությունը թերևս պատճառ դառնա Թրամփը վերանայի իր քաղաքականությունը և հաշտվի Իրանի ներկայիս իրողության հետ, իսկ կորոնավիրուսից բխած իրավիճակը թերևս հարմար առիթ լինի նրա համար, որ մարդասիրական նկրտումներից ելնելով՝ որոշակի քայլեր կատարի Իրանի հետ իր խնդիրները լուծելու ուղղությամբ։

Փորձագետներից շատերը Թրամփին առաջարկում են՝ ռազմատենչ խմբերի հորդորներին հետևելու և տարածաշրջանի վիճակը ավելի բարդացնելու փոխարեն հումանիտար դիվանագիտություն վարել։

Միջուկային համաձայնագրի բանակցությունների մասնակից, Գերմանիայում Իրանի նախկին դեսպան և Փրինսթոն համալսարանի դասախոս Սեյեդ Հոսեյն Մուսավիայնի կարծիքով Թրամփի համար համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը կարող է ծառայել որպես հարմար առիթ վերանայելու իր ճնշման քաղաքականությունը, կատարելով հետևյալ քայլերը։

1֊ չեղարկել բանկային գործարքների պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, թույլ տալով այդ երկրին նավթի վաճառքից եկամուտներ ստանալ, որ կարողանա բժշկական սարքավորումներ և դեղորայք ձեռք բերել։

2֊ ստեղծել հնարավորություն, որ ԱՄՆ֊ում բնակվող հարյուր հազարավոր իրանցիք իրենց ընտանիքներին ֆինանսական և բժշկական օգնություններ ցուցաբերեն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։

3֊ փոխանակել երկու երկրներում բանտարկված ամերիկացի և իրանցի կալանավորներին։ Այս կապակցությամբ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է այդ քայլի գնալ առանց նախապայմանների։

5֊ զարկ տալ ժողովրդական դիվանագիտությանը և հնարավորություն տալ երկու երկրների ժողովուրդներին շփվել միմյանց հետ։ Սա հատկապես կարևոր է ստեղծված ներկա ճգնաժամային իրավիճակում։

Այս քայլը նաև անկախ դիվանագիտական շփումների բացակայությունից, կարող է նպաստել երկու երկրի միջև խաղաղության ամրապնդմանը։

Ի վերջո, պետք է ասել, որ կորոնավիրուսը սպառնում է ողջ մարդկությանը անկախ ազգությունից։ Այսպիսի պայմաններում սահմանված պատժամիջոցների շարունակությունը խիստ անարդար և անմարդկային է գնահատվում։ Ուստի ներկա դրությամբ ճնշումներ պիտի գործադրվեն Թրամփի վրա, որ նա հնարավորինս շուտ չեղարկի պատժամիջոցները, հակառակ դեպքում ոչ միայն Թրամփը, այլ միջազգային հանրությունը պետք է պատասխնատվություն կրի գալիք ողբերգությունների, ինչու չէ նաև հնարավոր պատերազմի համար։

Ժորժ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031