Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին». Արսեն Բաբայան

Մայիս 14,2020 19:30

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը համոզված է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Այս մասին այսօր իր եւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը` պատասխանելով հարցին`դատարանում հայտարարեցիք, որ վարչապետին քննադատելուց հետո տեղի ունեցավ ձեր ձերբակալությունը, կարծում եք`քաղաքական հետապնդո՞ւմ է Ձեր նկատմամբ իրականացվում:

Հիշեցնենք, Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար:

Դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել մեղադրական եզրակացությունն ու այն հետ էր ուղարկել ՀՔԾ՝ որոշակի առաջարկություններով։ Արա Բաբլոյանն ի սկզբանե մեղադրվում էր իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար, Արսեն Բաբայանը՝ իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիքի համար:

Արսեն Բաբայանն ասաց, որ իրավապաշտպանի կարգավիճակում տեւական ժամանակ եւ բավական կոշտ քննադատություններ է հնչեցրել  քաղաքական ղեկավարության հասցեին, որոնք բոլորն էլ եղել են ապացույցների հիման վրա եւ հայտարարեց, որ իր ձերբակալությունը, ապա կալանավորումը, եղել է իշխանություններին քննադատող հարցազրույցներից հետո:

Արսեն Բաբայանն ասաց, որ իր ապօրինի ձերբակալվելուց օրեր առաջ, տարբեր հարցազրույցներում քննադատել է քաղաքական իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի, «ապիկար կառավարումը», արդարադատության ոլորտում երկակի ստանդարտներ կիրառելը եւ այլն եւ հիշեցնում է, որ մի քանի դեպքով քաղաքական իշխանությունը ստիպված եղավ իր որոշումները վերանայի, որպեսզի միջազգային հանրության մոտ անհարմար վիճակի մեջ չհայտնվի. «Դա հանդիսացավ պատճառ, որ առանց որևէ հիմքի՝ օդից վերցրած փաստաթղթեր ստեղծելով, ինձ ձերբակալեցին, գոյություն չունեցող հոդվածով, հետո արդեն՝ կալանավորեցին։ Այս մեղադրանքն էլ անգրագիտաբար է ձեւակերպված»:

Արսեն Բաբայանը նաեւ հայտարարում է, որ  որևէ քաղաքական ճնշում իրեն չի կանգնեցնելու. «Ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031