«Ես հասկանում եմ, որ ինքնաշեն դիմակներ կարող են լինել, նինձյայի նման շալեր կապեն իրար վրա, բայց, այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ ստից դիմակների գինը՝ 210-240 դրամ, շատ մեծ է: Լինելո՞ւ է պարետատան վերահսկողություն, որ միջինացված ռացիոնալ գին լինի, ինչպես նախկինում: Նախկինում 20 դրամ էին, լավ, ընդունենք 20 չլինի, գոնե 50-60 դրամ, ոչ թե միաշերտ այդ ստից դիմակը 240 դրամ է: Եթե մարդը անընդհատ պետք է կրի, արդյունավետ լինելու համար գոնե 2-3 ժամը մեկ պետք է փոխի, իսկ այդ միաշերտ դիմակը լվանալ ուղղակի հնարավոր չէ: Չե՞ք կարծում, որ գնային վերահսկողություն պիտի լինի»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհաբյանը:
Հիշեցնենք, որ քննարկվում է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցը:
Ավինյանը պատասխանեց, որ դիմակները ներմուծվում են, նաեւ արտադրվում են ՀՀ-ում բավականին մեծ քանակով. «Մենք կարճ շրջան ունեցանք դեֆիցիտ: Հիմա համաձայն եմ, գներն էականորեն աճել են ու ոչ միայն ՀՀ-ում, այլեւ համաշխարհային շուկայում: Դա պայմանավորված է պահանջարկով: Մենք ոչ թե պետք է գնանք գների կարգավորման, այլ ինչ-որ մեխանիզմներ կարող ենք մշակել»:
Պարետը նաեւ ասաց, որ առաջին հերթին տուգանվելու են այն անձինք, որոնց համար ինքնամեկուսացման պահանջ է եղել: Իսկ մյուս դեպքերում տուգանքների չափը հնարավոր է վերանայեն:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանից մարդիկ հետաքրքրվել են՝ նորածին երեխայի հետ գնում են զբոսնելու, նորածնի՞նն էլ պետք է պարտադիր դիմակ ունենա: Ավինյանը պատասխանեց, որ խելագարության կանխավարկածով չեն շարժվում եւ մինչեւ 4 տարեկան երեխաների դեպքում նման պահանջ չի կարող դրվել: Իսկ փակ տարածքներում 4-ից բարձր տարիքի անձանց դիմակ կրելը պարտադիր է, հատկապես տնտեսվարողները պետք է հետեւեն դրան ու թույլ չտան, որ որեւէ մեկը մտնի առանց դիմակի:
Կոնջորյանը նաեւ հետաքրքրվեց՝ պարետատունը քարոզչական հոլովակներ պատրաստելո՞ւ է այն մարդկանց համար, որոնք ռիսկը չեն գիտակցում: Պարետը պատասխանեց. «Ես հասկանում եմ նմանատիպ մարդկանց, որովհետեւ նույնիսկ եղել են վարակակիրներ, որոնք ասիմպտոմ անցկացրել են հիվանդության ընթացքը եւ մինչ օրս պնդում են, որ հիվանդություն գոյություն չունի:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը քեֆ-ուրախության անցկացման մանրամասներից հարցրեց՝ եթե թույլ են տալիս 5 հոգով սրճարանում մի սեղանի շուրջ նստեն, ռեստորաններում ինչո՞ւ չեն կարող հարսանիք անել՝ ամեն սեղանի շուրջ 5 հոգով նստելով. «Հետո որ ասում եք դիմակներով սննդի օբյեկտում նստեն, ինչպե՞ս եք պատկերացնում, դիմակը հանի, մի կտոր հաց ուտի, նորից հագնի, հետո նորից հանի, ջո՞ւր խմի ու նորից դնի: Մի բան եք պահանջում, որը պրակտիկայում հնարավոր չի իրականացնել: Իսկ եթե հնարավոր չի իրականացնել, եկեք նման պահանջ չդնենք, որ հարգանքը ինստիտուտի նկատմամբ չկորչի»: Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ եթե հարսանիք անեն ու նստեն ոչ թե 1 սեղանի շուրջ, այլ՝ 100, դա կլինի 500 հոգանոց միջոցառում, ուստի անհնար է նման կերպ հարսանիք անել: Համապատասխան ահազանգի դեպքում ոստիկանությունը այցելելու է տվյալ օբյեկտ, կասեցնելու է ու տուգանվելու է թե՛ տնտեսվարողը, թե՛ այն մարդիկ, որոնք մասնակցում են նման միջոցառմանը.
«Ինչ վերաբերում է բացօթյա սրճարաններում ու ռեստորաններում դիմակ կրելուն, մենք առաջնորդվում ենք ողջամտության կանխավարկածով: Պարետի որոշման մեջ կանոնները հստակ կհրապարակվեն: Կարիք չկա, երբ որ դու սնունդ ես ընդունում, դիմակ կրելու: Փակ վայրերում դիմակ կրելը պարտադիր է: Եթե դուք ասում եք, որ անհարմարություն է պատճառում դիմակ կրելը, ես ձեզ վստահեցնում եմ, վարակվելը շատ ավելի մեծ պոտենցիալ անհարմարություններ է պատճառելու: Ու ոչ թե մեկ անձի խնդիրն է, այլ անձանց վարակելու վտանգ է: Շատ երկրներ այդ փորձի միջով անցել են, մենք չենք ուզում անցնենք: Մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն ու մարդիկ մեր աչքի առաջ մահանան: Լավ օրից չի, որ այդ պահանջը դնում ենք, այո՛, պարո՛ն Բագրատյան, անհարմար է, թանկ է, տիկի՛ն Զոհրաբյան, բայց այդ պահանջները դրվում են նրա համար, որ մենք չգնանք վատ սցենարով՝ այլ երկրների գնացած»:
Բագրատյանը չհամաձայնեց. «Անհարմարը մի բան է, անհնարը մեկ այլ բան է: Ես ձեզ ասում եմ՝ անհնար է ռեստորան, սրճարանում նստած մարդը դիմակ կրի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ