ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ահազանգեր ստանալ՝ նոր կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված զորակոչիկների շրջանում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ:
Այս անգամ ՀՔԱՎ է դիմել քաղաքացի, որը գտնվում է արտերկրում եւ տարկետման ժամկետը լրանալուց հետո սահմանների փակ լինելու, չվերթների բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ ներկայանալու զինվորական կոմիսարիատ եւ անցնելու համապատասխան բուժզննություն:
Ստացվում է, որ զորակոչիկ հանդիսացող բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ հետագայում կհայտարարվի հետախուզում, չնայած այն հանգամանքին, որ չեն ներկայացել՝ ոչ իրենց մեղքով եւ չեն խուսափել զինվորական ծառայությունից:
Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է իրազեկեն զորակոչիկներին եւ համապատասխան դեսպանությունների միջոցով ապահովեն զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների վերադարձը, իսկ անհնարինության դեպքում նման քաղաքացիներին համապատասխան կարգի սահմանմամբ տրամադրեն տարկետում՝ մինչեւ իրավիճակի փոփոխությունը:
Կարդացեք նաև
Նշենք, որ ավելի վաղ միայն Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունն էր հայտարարություն տարածել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, իրենց տվյալները կարող են ուղարկել դեսպանություն։
Այնուամենայնիվ, մեր ստացած տեղեկությունը ցույց է տալիս, որ խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի բարեխիղճ քաղաքացիները չենթարկվեն անհիմն քրեական հետապնդման։
ՀՔԱՎ