«ԱՄՆ-ից շատ են դիմողները, որոնք ուզում են ՀՀ վերադառնալ: Վիզայի ժամկետի ավարտի խնդիր ունեն: Վիզայի երկարեցումը 4-5000 դոլար է: Կազմակերպվելո՞ւ է չվերթ՝ ԱՄՆ-ի մեր հայրենակիցներին վերադարձնելու համար»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Քաջատեղյակ ենք խնդիրներից: ԱԳՆ-ն զբաղվում է այդ հարցով: Հնարավոր տարբերակներն են քննարկվում, եւ կարծում եմ՝ ապագայում ԱԳՆ-ն կհրապարակի, թե ինչ ծրագիր ունի այդ հարցի առնչությամբ»:
Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստում այսօր քննարկվում է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցը: Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է՝ արտակարգ դրությունը կգործի մինչեւ հունիսի 13-ը ներառյալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ