Վրաստանը կարծես հուլիսի 1-ից պատրաստվում է իր ցամաքային սահմանը բացել, իսկ մենք ե՞րբ ենք բացելու: Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն այս հարցն ուղղեց ՀՀ պարետին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Նա պատասխանեց, որ այդ մասին դեռեւս քննարկում չեն ունեցել, բայց մոտ ապագայում կանդրադառնան:
Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստում այսօր քննարկվում է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցը:
Սոս Ավետիսյանը հարցրեց, թե COVID-19-ի համար ինչքան գումար է հավաքվել, նաեւ հետաքրքրվեց տնտեսական ցուցանիշներից: Ավինյանը պատասխանեց, որ մարտին վատ ցուցանիշներ ունեն, ավելի մեծ անկում էին սպասում. «Նախորդ տարիներին մենք էական բարձր ցուցանիշներ ենք ունեցել: Առաջին երկու ամիսներին 8,7 տոկոս էր: Իսկ մարտին մոտ 4 տոկոսի հասավ: Իսկ հատուկ կորոնավիրուսի համար բացված հաշվին մոտ 1 մլրդ դրամից անցնում է գումարը: Փոխանցումները արդեն իսկ քիչ են»:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցրեց, թե քննարկվե՞լ է խոցելի խավերի, նպաստառուների համար առողջապահական փաթեթ ձեռնոց, դիմակ, ալկոգել, որ եթե դրանից հետո ինքը չի կրի՝ պատժենք: Ավինյանը պատասխանեց. «Խոսքը պարտադիր չի գնում եռաշերտ դիմակի մասին, որոնք պետք է գնեն դեղատնից: Դրանք կարող են լինել ինքնաշեն դիմակներ, որոնք պատրաստված են քաղաքացիների կողմից, նույնիսկ բազմակի օգտագործման կարելի է ասել»: Պարետը չբացառեց, որ հնարավոր է որոշ ծրագրեր քննարկեն՝ սոցիալապես անապահով խմբերին սուբսիդավորելու դիմակ, ձեռնոցի համար. «Օրինակ, ինքամեկուսացման դեպքում սննդի հետ կապված անում ենք, ապահովում ենք սննդով: Միգուցե նմանատիպ հարց կարելի է ձեւակերպել որոշակի խմբերի համար»:
Մանուկյանը նաեւ հետաքրքրվեց՝ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունը հնարավորություն ունի՞ ֆուտբոլի խաղեր իրականացնել, թե՞ ոչ: Ավինյանը պատասխանեց, որ սպորտային պրոֆեսիոնալ ակումբների գործունեության համար արդեն իսկ մինչեւ այս փուլը սահմանափակումները հանված են եղել: Ավինյանը զարմացավ՝ բա ո՞նց ֆուտբոլի խաղեր չի տեսել, կամ ճի՞շտ է հասկանում, որ շախմատի առաջնություն կարող է անցկացվել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց. «Միանգամից դա հարցնեիք, հեռվից եք գալիս»: Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Իրականում ձեր մատնանշած հարցերը միգուցե ընկնեն հանրային միջոցառումների տրամաբանության մեջ եւ դեռեւս սահմանափակումներ դրանց համար գործում են: Միգուցե դա հնարավոր է կազմակերպել, եթե կազմակերպչական հարցերը քննարկենք»:
Ավինյանի խոսքը ինքնաշեն դիմակների մասին տարակուսանք առաջացրեց: Իմքայլական Տաթեւիկ Հայրապետյանը հարցրեց՝ հնարավո՞ր է մարդը, եթե պիտի ինքնաշեն դիմակով դուրս գա, իր շարֆով փաթաթվի ու դա դիտարկվի՝ որպես ինքնաշեն դիմակ:
Պարետը պատասխանեց. «Այո, ինքնաշեն դիմակը հենց այն է, ինչ դուք նկարագրեցիք: Շարֆը կարող է լինել ինքնաշեն դիմակ, կամ մեկ այլ կտորից ինչ-որ մի բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու»:
Տաթեւիկ Հայրապետյանը նաեւ հարցրեց՝ ի՞նչ չափի տուգանքի մասին է խոսքը, որովհետեւ միգուցե ֆինանսական պայմաններից ելնելով՝ մարդը ի վիճակի չլինի դիմակ առնել, պետք է հստակություն մտցնել, թե տուգանքը որ դեպքում է կիրառվում: Միգուցե այգում զբոսնում է, պայուսակում դիմակ ունի, չտուգանվի, հենց մտնի առանց դիմակի խանութ՝ տուգանվի:
Ավինյանը պատասխանեց, որ միգուցե տուգանքը բարձր է, սկսում է 100 հազար դրամից. «Իրականում, որպեսզի հասկանանք վտանգավորության աստիճանը, ես ուզում եմ մեր վերաբերմունքը փոխենք: Մենք չպետք է մտածենք՝ դե լավ, այսօր դիմակ չկրեմ: Պետք է տուգանքի մասին չմտածել, այլ՝ վարակվելու չվարակվելու մասին: Եթե անձը վարակված է ու նույնիսկ ասիմպտոմ է, առաջին հերթին դիմակը թույլ է տալիս, որ անձը չվարակի մյուսներին, ուստի տուգանքների մասով պետք է հնարավորինս խիստ լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ