Aravot.am-ը հրաժարական ներկայացրած ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեց՝ ինչ նկատի ուներ ֆեյսբուքի իր էջում գրելով, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել ԿԳՄՍ նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում խորացել են: Խնդրեցինք՝ գոնե մեկ օրինակ բերել:
«Ես համարել եմ, որ պետք է ոչ թե բռնել ու լրիվ նոր օրենք գրել-փոխել, այլ թեկուզ կամաց-կամաց օրենքի մեջ փոփոխություններ անելով՝ ամեն հաջորդ ամիս մի քիչ ավելի լավը սարքել: Մինչդեռ երկու տարի է անցել, բայց մենք դեռ ոչինչ չունենք»,-ասաց Սմբատ Գոգյանը:
Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ՝ գրելով, որ գրագողերը սպասում են կառույցի փակմանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նկատի ունեմ բոլոր նրանց, որոնք փողը տվել են, իրենց դիսերտացիաները գրվել են, բայց չեն կարողանում պաշտպանել, հերթի մեջ սպասում են: Գրագողերը սպասում են փակվելուն, բայց չեմ հավատում, որ ԲՈԿ-ը փակելուց եւ ինքնավարությունը բուհերին հանձնելու արդյունքում որակը պետք է բարձրանա, որովհետեւ այսօրվա դրությամբ հանրային բոլորը գիտեն, որ մարդը գրագող է, բայց իրեն խորհրդի կազմում են ընդգրկում եւ գիտական ղեկավար են նշանակում»:
Մեր դիտարկմանը, որ ուներ վարչապետի աջակցությունը, այնուամենայնիվ, ինչու չպայքարեց ու չգնաց մինչեւ վերջ, Սմբատ Գոգյանը պատասխանեց. «Վարչապետին չեմ տեսել, երբեք հետը չեմ շփվել: Ինչ վերաբերում է պայքարելուն, ի՞նչ գիտեք, թե չեմ պայքարել, ուղղակի հրապարակային չեմ արտահայտվել»:
Կարդացեք նաև
Նրա հետ զրույցում պարզեցինք, որ աշխատելու է կրթության ոլորտում: «Կրթության մեջ եմ լինելու….Կարող եմ մանկապարտեզից մինչեւ դոկտորանտուրա՝ ամեն տեղ էլ դասավանդեմ: Ես միակ մարդն եմ նախարարության մեջ, որ դպրոցում դաս է տալիս: Միակ մարդն եմ, որը գիտությունների դոկտոր է, եւ դասարանցուն է դասավանդել, եւ ուսանողին, համ էլ ասպիրանտ է ունեցել: Այնպես որ չեմ կորի…»,-ասաց ԲՈԿ-ի՝ դիմում գրած նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ