Դեռեւս 2018 թ նոյեմբերի 27-ին ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն հարցաքննության՝ իր ձեւակերպմամբ ձգձգվող անհեթեթ մի գործով: Նաեւ շեշտել էր, որ գործը հարուցվել է մինչեւ հեղափոխությունը, բայց ինքը սկսել է գործով վկա անցնել ընդդիմություն դառնալուց հետո։
Խոսքը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N2 դպրոցին՝ երեք դիմորդի ուսումը պետպատվերով կազմակերպվել էր, բայց նրանք չէին աշխատել, ու Մանկավարժական համալսարանը դիմել էր դատարան՝ շուրջ 4 միլիոն դրամ դպրոցից գանձելու պահանջով։
Արմեն Աշոտյանն այդ առիթով նաեւ նշել էր, որ հեռավոր գյուղերից մեկի դպրոցի գլխին կախվում է մի դատավճիռ, որի արդյունքում դպրոցը կկանգնի փակման եզրին, դրա համար էլ որպես նախարար, հարկ է համարել միջամտել ու խնդրել Մանկավարժական համալսարանի ռեկտորին՝ հրաժարվել գումարը փոխհատուցելու պահանջից:
Aravot.am-ը Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ներկայիս տնօրեն Սամվել Մելիքյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու մասին եւ գործը Հատուկ Քննչական ծառայություն է ուղարկվել, ինչպես նաեւ նոր քրեական գործ է հարուցվել:
Կարդացեք նաև
Զոլաքարի դպրոցի տնօրենն ասաց, որ դպրոցի ու մանկավարժական համալսարանի խնդիրը իր պաշտոնավարումից առաջ է եղել: Ապա հրաժարվեց ինչ-ինչ մեկնաբանություններ անելուց: «Եթե գումար ունենար դպրոցը, գանձեին, բայց եթե չուներ, որտեղի՞ց գանձեին»,-նեղսրտեց տնօրենն ու անջատեց հեռախոսը:
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, նա իր ֆեյսբուքի էջում գրել է, որ առայժմ ձեռնպահ կմնա որևէ մեկնաբանություն անելուց, քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չի ստացել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ