Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի վաղ ասածներս մնում են ուժի մեջ». Ռաֆայել Մեհրաբյանը՝ Տոկիոյի ՕԽ հայ բռնցքամարտիկների մասնակցության մասին

Մայիս 14,2020 17:01

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը վստահեցնում է, որ նախկինում տված իր խոստումներն ուժի մեջ են, թեեւ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը կազմված ծրագրերից իրենց բավականին հետ գցեց:

«Ես նախկինում ասել եմ, որ ամառային 32-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա նվազագույնը՝ 3, առավելագույնը՝ 5 մասնակից: Հիմա էլ խոսքերս ուժի մեջ են: Ավելին ասեմ. մենք ձգտելու ենք առավելագույն նպատակին: Չեմ ուզում անտեսել նաեւ մեր աղջիկների հնարավորությունները: Ունենք երեք կին բռնցքամարտիկ, որոնք ապրում են մարզում եւ տրանսպորտ չլինելու պատճառով այսօր չկարողացան հավաքականի հիմնական կորիզի հետ միասին մասնակցել մարզմանը, սակայն մարզվում են տեղերում: Շատ հավանական է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում ունենանք նաեւ աղջիկ մասնակից:

Տեւական դադարից հետո մարզումները սկսել ենք համեմատաբար թեթեւ ծանրաբեռնվածությունից՝ աշխատելով պահպանել մարզիկների միջեւ անվտանգ տարածություն: Առկա պայմանների պարագայում մի փոքր դժվար է, սակայն պիտի անենք առավելագույնը: Մարզումների քանակը չենք քչացրել, սակայն այս փուլում գլխավոր ուշադրությունը դարձնում ենք ընդհանուր եւ հատուկ ֆիզպատրաստվածությանը: Կարեւորում ենք ոչ միայն մասնագիտացված դահլիճներում, այլեւ բաց տարածքներում մարզումները: Ընթացքում ծրագիրը կխտացնենք ըստ միջազգային ֆեդերացիաների կայացնելիք որոշումների: Համոզված եմ, որ ցանկալի արդյունքներն արձանագրելու ճանապարհին մեզ ոչինչ խանգարել չի կարող: Հակատակը, թող տարօրինակ չթվա, բայց այս կարանտինը մի փոքր էլ դրական դերակատարություն ունեցավ այն առումով, որ այն բռնցքամարտիկները, որոնք վնասվածք ունեին ու դեռ լիովին չէին ապաքինվել, հիմա արդեն խնդիր չունեն: Անկեղծ ասած, տեսնում եմ, որ բռնցքամարտիկները մի քիչ էլ կարոտել են համատեղ մարզումները»,- ասաց մարզիչը եւ հավելեց նաեւ, որ Լոնդոնի վարկանիշային մրցաշարը շարունակվելու է այն կետից, որտեղ դադարեցվել էր: Այսինքն, բռնցքամարտիկները գիտեն առաջիկա իրենց մրցակիցներին, ինչն ավելի նպատակային է դարձնում յուրաքանչյուրի մարզման ռազմավարությունն ընտրելը:

Ռաֆայել Մեհրաբյանը նաեւ ասաց, որ կանոնավոր մարզումները վերականգնելը կնվազեցնի մարզիկների վարակվելու հավանականությունը: «Երբ սկսենք ուսումնամարզական հավաքները, թե տղաները, թե աղջիկները ինչ-որ իմաստով մեկուսացված կլինեն շրջակա աշխարհից: Այդ ընթացքում նրանք չեն շփվի, կամ առավելագույնը՝ շատ քիչ կշփվեն ընկերների, ծանոթների հետ, ինչը կնվազեցնի վարակվելու հավանականությունը»,-վստահեցրեց մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031