«Առաջիկայում նոր համակարգեր ենք ներդնելու: Մասնավորապես, օրինակ, ՀՀ-ն բաժանվելու է 119 շրջանների, որոնցից յուրաքանչյուրում գործելու են ոստիկանության եւ ԱԻՆ-ի մեկական խմբեր, որոնք մեկուսացման ցուցում ունեցողների՝ մեկուսացված լինելու փաստն են ստուգելու եւ համակարգելու»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
ԱԺ հատուկ նիստում այսօր քննարկվում է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցը: Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է՝ արտակարգ դրությունը կգործի մինչեւ հունիսի 13-ը ներառյալ:
Ավինյանը հավելեց. «Ինչ վերաբերում է արդեն իսկ գործող՝ հեռախոսահամարների տեղորոշման, եւ ոչ՝ գաղտնալսման, համակարգին, ապա արդեն 1938 հիվանդների կոնտակտավորների տեղորոշում ենք արել. մոտ 36 000 անձի մասին է խոսքը: Այդ թվից զտվել են իրական հիվանդների կոնտակտները: Սա 20-30%-ով ավելացնում է մեր աշխատանքի արդյունավետությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ