Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մեկնաբանությամբ ուղղակի լեգիտիմացվում է երեխայի՝ իր բնատուր սեռից հրաժարվելու «իրավունքը»

Մայիս 14,2020 17:05

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և մեր հանրությունը, իր կամքին հակառակ, առերեսվել է մի անհեթեթ իրողության: ՀՀ ԱԺ մեծամասնությունը, առանց հասարակական լայն քննարկումների, հարցումներ և լսումներ անցկացնելու վավերացրել է առաջին հայացքից «անմեղ» թվացող «Սեռական շահագործման և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի՝ Լանզարոտեի կոնվենցիան:

Միանգամից փաստենք՝ եթե հանրության գիտակից և ակտիվ հատվածը թույլ տա այս կոնվենցիայի մի շարք անընդունելի դրույթների կիրառումը ուսումնական պրոցեսում, ապա հաջորդ քայլը լինելու է տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:

Մեծամասնություն ներկայացնող մի շարք պատգամավորներ, ժողովրդական լեզվով ասած, իրենց կույս ձևացնելով, փորձում են բացատրել անբացատրելին: Պարզվում է՝ կոնվենցիայում նշված «սեռական կողմնորոշում » եզրույթը վերաբերում է սեռական բռնության զոհին: Այսինքն՝ «զոհը» երեխան է, ով արդեն «որոշել է» իր սեռափոխության հարցը: Հասկանու՞մ եք, որ այս մեկնաբանությամբ ուղղակի լեգիտիմացվում է երեխայի՝ իր բնատուր սեռից հրաժարվելու «իրավունքը»: Այն, ինչ համարվել է, հիմնականում, դաստիարակության բացթողում կամ բնական շեղում, այս կոնվենցիայով ուղղակի խրախուսվում է որպես բնականոն երևույթ:

Ավելին, Կոնվենցիան մշակողները ներկայացրել են նաև, այսպես կոչված, «եվրոպական ստանդարտներ», որոնցից շեղումն անընդունելի է վավերացումից հետո:

Խորամուխ չլինելով դրանցում արտահայտված մեր ազգային արժեհամակարգին  և, ընդհանրապես, բանական բարոյական նորմերին  հակասող վարքագծին, շեշտենք հետևյալը. Կոնվենցիայի պարտադիր պահանջներից է սեռական դաստիարակության յուրովի իրականացումը դպրոցական տարիքի երեխաների նկատմամբ: Պատկերացրեք՝ վեց տարեկան մանուկին ներկայացվում է, մեջբերում եմ ԱԺ պատգամավորի «բացատրությունը»` «հարմարեցված ունակությունների տրամաբանումն է, թե ինչպես ճանաչել չափահաս մարդկանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ անձի կողմից, ինչպես ճանաչել այդ ազդանշանները»:

Մեկնաբանություններն ավելորդ են, ինքներդ դատեք, թե ինչ հետևանքներ են հնարավոր երեխայի հոգեկան վիճակում: Ստացվում է, որ, եթե եվրոպական «իմաստունները» մեզ չզգուշացնեին, մենք՝ ծնողներս, պապիկ, տատիկներս, ուսուցիչները, հոգ չէինք տանելու մեր երեխաների դաստիարակության և անվտանգության ապահովման համար:

Դիմումի ձևաչափը թույլ չի տալիս կետ առ կետ անդրադառնալ կոնվենցիայի խութերում թաքնված բոլոր անընդունելի դրույթներին: Սակայն, վերոգրյալն էլ բավարար է, որ դատապարտենք նախկին իշխանություններին, որոնք ստորագրել են այս կոնվենցիան և դատապարտենք գործող իշխանություններին, որոնք խոսքով երդվում են ազգային ինքնությունն ու արժեհամակարգը պաշտպանել վտանգավոր ոտնձգություններից, իսկ իրականում ՝ կուրորեն ենթարկվում օտարածին «սկզբունքներին» :

Անիմաստ համարելով ՀՀ ԱԺ մեծամասնությանը դիմելը, մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին հեղեղել կառավարության փոստարկղը՝ պահանջելով բացառել կրթական օջախներում կոնվենցիայից բխող «սեռական դաստիարակությանը» վերաբերող ուսումնական ծրագրերի կիրառումը:

Հնարավոր բռնարարքները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ գործիքակազմն օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված է և կիրառվում է:

Կգա ժամանակը, երբ նոր խորհրդարանը կհրաժարվի այս և նման կոնվենցիաների վավերացումից, քանցի նրանք «մարդու իրավունքների պաշտպանության» շղարշի ներքո խթանում են այլասերության տարածումը և սեռական փոքրամասնությունների ագրեսիվ քարոզչությունը:

Հիշեք՝ մենք մի ժողովուրդ ենք, ով ունի հազարամյակներում ձևավորված քաղաքակրթություն, որն այսօր մեր բոլորիս պաշտպանության կարիքն ունի:

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031