ԱԺ հատուկ նիստում այսօր քննարկվում է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցը: Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է՝ արտակարգ դրությունը կգործի մինչեւ հունիսի 13-ը ներառյալ: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը խորհրդարանին զեկուցեց իրավիճակը. «Հանրության շրջանում այս որոշման վերաբերյալ արդեն իսկ քննարկում է ձեւավորվել: Նախ այսօրվա վիճակն ասեմ, թեեւ բոլորս ամեն օր տեղեկանում ենք: Մարտ-ապրիլ ամիսներին, երբ խստությամբ կիրառվում էին սահմանափակումները, մայիսի սկզբից դեպքերն աճեցին՝ պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ եւ թեստավորման ծավալների աճով»:
Ավինյանի խոսքով՝ վարակի վերարտադրման գործակիցը մայիսի 5-ի դրությամբ 1,48 է, որը մնացել է նույն սահմանաչափի վրա. «Վարակի տարածման ինտենսիվությունը հնարավոր է մարել, եթե այս գործակիցը մեկից փոքր լինի: Շատերի մոտ հարց է առաջանում, թե նման իրավիճակում ինչու ենք թուլացնում սահմանափակումները, եւ ինչու ենք երկարաձգում արտակարգ դրությունը: Այսօր կարող ենք եզրահանգումներ անել կատարածից եւ պլանավորել առաջիկա մարտավարությունը: Սա չի նշանակում, թե որոշումները դրվագային են լինելու: Վիճակի ամենօրյա մշտադիտարկմամբ պայմանավորված՝ ճշգրտում ենք առաջիկա երկու շաբաթվա մարտավարական քայլերը, այդ թվում՝ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների խստացման կամ թուլացման հարցերը»:
Փոխվարչապետը նշեց. «Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ կգործարկվի: Կվերաբացվեն առեւտրի վայրերը, նաեւ հանրային սննդի օբյեկտները՝ փակ ձեւաչափում, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը: Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքը, կվերաբացվեն նախակրթարանները: Շեշտեմ, որ թուլացումներն ուղեկցվելու են հստակ կանոններով, որոնց չկիրառումը հանգեցնում է տույժի եւ տուգանքի: Գործարար համայնքը կանոնները պահելը պետք է ընդունի որպես մրցակցային առավելություն: Իսկ մայիսի 25-ից պարտադիր է դառնում նաեւ բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից: Թուլացումները մեզանից հավելյալ ջանք են պահանջում եւ պատասխանատվություն, որպեսզի վարակի տարածման արագությունը պահպանվի այն չափով, որ չափով հիմա է, իսկ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին»:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ դիմակը պարտադիր չէ, որ եռաշերտ լինի, կարող է տնային՝ ինքնաշեն կտորե դիմակ լինել. «Քաղաքացիներին հորդորում եմ, որ գործատուներից պահանջեն առողջապահական կանոնների պահպանում, իսկ չպահպանման դեպքում՝ ահազանգեն իրավապահներին: Մեր համար առանցքային է մարդու առողջությունը, ուստի արժեբանական քննարկումներն անտեղի են: Շահարկվում է հարցը, թե կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը քաղաքացու վրա է բարդում: Նման ձեւակերպումները մանիպուլյացիա են: Կառավարությունը ձեռնարկում է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, բայց այս պայքարը հանրային լայն սոլիդարություն է պահանջում: ՀՀ-ն կհաջողի, երբ ամեն նախարար, բժիշկ, ոստիկան ու քաղաքացի գիտակցեն պատասխանատվության սեփական բաժինը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ