«Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանն այսօր ժամը 12․00-ից Վարդանանց հրապարակում սկսել է անժամկետ հացադուլ։ Նա պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի։
Aravot.am-ի հետ զրույցում Արտյոմ Թումանյանն ասաց․ «Մեր երկիրը պայթունավտանգ իրավիճակում է, ու ես՝ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, որը կանգնել է հեղափոխության կողքին ու չեմ սխալվել, որոշել եմ հացադուլ հայտարարելով պայքարել, կանգնել վարչապետի կողքին՝ պահանջելով նրա այցը Գյումրի: Թող գա, տեսնենք՝ ինչ ենք անելու։ Օր առաջ վիճակը պիտի կարգավորվի, որովհետև ոչ միայն վտանգված է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ոչ միայն սահմանին կանգնած զինվորներն, այլ բոլորը։ Իմ քայլը ես ճիշտ եմ գնահատում»։
Մեր հարցին՝ կա՞ն կառույցներ, որոնց աշխատանքը ձեզ չի բավարարում, Արտյոմ Թումանյանն ասաց․ «Այո, մեր ուժային կառույցներից ոչ մեկը չի գործում, սա հայտարարում եմ պաշտոնապես։ Մենք բոլորս տեսանք վերջին մեկ ամսվա ընթացքում ինչքան սպանություններ, վերջին երեք ամսվա ընթացում ինչքան ինքնասպանություններ եղան, կարծում եմ այս ամենին վերջ պիտի դրվի, և եթե մենք հեղափոխություն ենք արել ու գիտենք, որ վտանգված է, օր առաջ պիտի կանգնենք մեր վարչապետի կողքին և կոչ անենք, այսպես ասած, երկրորդ մասի ավարտի սկիզբը հայտարարենք»։
Մեր դիտարկմանը, թե դուք երկրի համընդհանուր վիճակից եք դժգո՞հ, Արտյոմ Թումանյանն ասաց․ «Այո, համընդհանուր իրավիճակից, մենք էսօր տեսնում ենք, մեր վարչապետն ամեն ինչ անում է, որ մեր երկիրը չենթարկվի կոլապսի, կորոնավիրուս ասված գործողությունները շատ խանգարեցին գործընթացներին։ Կարճ ասեմ՝ ոչ մեկին մենք չենք վստահում, բացի մեկ հոգուց, ով մեզ նվիրեց հեղափոխություն, և մենք պատրաստ ենք կանգնելու իր կողքին և տանենք առաջ մինչև վերջնագիծ»։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ասում է, որ կադրային համատարած փոփոխություն պետք է անել ու վերջ տալ թավիշին։
Նա ասաց, որ հացադուլ կհայտարարի այնքան ժամանակ, մինչև որ իր վարչապետն այցելի Գյումրի, և ինքը ներկայացնի ժողովրդի կողմից կազմված 10 հարցերը։ Այդ հարցերը մեր զրուցակիցը չմանրամասնեց, սակայն ասաց, որ հարցեր տվող կլինեն ոչ միայն գյումրեցիները, այլ ողջ հայությունը։
«Ես ոչ մեկին կոչ չեմ արել ինձ միանալ, ես իմ կյանքն ու առողջությունը դնում եմ զոհասեղանին, ով ինչպես կհասկանա, փառք իրենց հասկացությանը։ Մի բան կարող եմ ասել, որ սա քաղաքական բնույթ չի կրում, այլ քաղաքացիական է, միայն ժողովուրդն է այստեղ, ու այն ժողովուրդը, որը ոչ մի բանից չի դժգոհել մինչև էսօր, մեր դժգոհությունն առաջնային մեր երկրի անվտանգությունն է»,-ասաց Արտյոմ Թումանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ