Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում համաճարակն արդեն անցել է երրորդ փուլ». առողջապահության փոխնախարար

Մայիս 14,2020 15:20

Aravot.am-ն այսօր առողջապահության նախարար Լենա Նանուշյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ երեկ հարցազրույցում արված հայտարարությունը. «Այո, մենք վիրուսի շրջանառությունը չենք վերահսկում»: Ի՞նչ նկատի ուներ նախարարը՝ մեր հարցին, Լենա Նանուշյանը պատասխանեց, որ հարցը մի քանի ուղղություն ունի. «Եթե, մենք համաճարակի առաջին օրերին նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում եւ Հայաստանը մարտ ամսին գտնվում էր առաջին փուլում, որը որ ենթադրում եմ, եզակի կամ բերովի դեպքեր էին, ապա, այնուհետեւ, մեր համաճարակն անցավ երկրորդ փուլ, որը որ ենթադրում էր կլաստերային հիվանդությունների արձանագրում, այսինքն՝ որոշակի խմբերում՝ որոնք կարող էին լինել ընտանիքի խմբեր, որոշակի արտադրամասեր եւ այլն: Ներկայումս Հայաստանում համաճարակն արդեն անցել է երրորդ փուլ, որը որ վերջին փուլն է եւ տարածվածությամբ է բնորոշվում, այն է՝ իրականացվում է համայնքային փոխանցում՝ կորոնավիրուսային հիվանդության տարածում»:

Փոխնախարարի խոսքով, երբ առաջին օրերի ընթացքում, ցանկացած նոր դեպք հայտնաբերել են եւ իմացել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, ապա, վերջին օրերի ընթացքում, տարածվածության ընդլայնմամբ պայմանավորված, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին կամ աղբյուրը թե անձն ումից է վարակվել: «Համաճարակաբանական տեսանկյունից դա նշանակում է, որ չհայտնաբերելով, թե վարակի աղբյուրը ով է եղել, հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն արդյունավետորեն իրականացնել, այն է՝ հայտնաբերել աղբյուրը, մեկուսացնել եւ նրա մյուս կոնտակտավորներին հայտնաբերել եւ ուղարկել մեկուսացման»,-բացատրեց փոխնախարարը՝ նշելով, որ այդ առումով որոշակի դժվարություններ կան. «Բայց մենք մեր բոլոր ջանքերն ուղղում ենք, որպեսզի կարողանանք կառավարենք համաճարակը եւ այդ կառավարումն ուղղված է, ոչ միայն այս համաճարակաբանական միջոցառումների իրականացմանը, այլ նաեւ մեր առողջապահական համակարգի բուժական հատվածի պատրաստվածության բարձրացմանը: Եվ, ինչպես բազմիցս նշվել է, մենք կարողացանք, այս ամիսների ընթացքում հզորացնել եւ պատրաստել համակարգը եւ, հետեւաբար, կդժվարանամ գնահատական տալ, ո՛ր մասով մենք կառավարում ենք, ո՛ր մասով չենք կառավարում համաճարակը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031