«Ինձ կրկին ձերբակալեցին և տանում են ոստիկանության Էրեբունի բաժին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական շարժման ներկայացուցիչ Վահագն Չախալյանը:
https://www.facebook.com/vahagn.chakhalyan.5/posts/606076333589444?__xts__[0]=68.ARCgSS4_WKrUW7aJ4NZc97lmwGsrz8LDpB8gS4vJyioOceA_ixYpEGG5PpEte9ah45Cw2ho-tg9pGLqIogTmXXVKumMOrW_w-36HN-hlTSWqaTr4I9tSYrCYhCQHyDQRjf8QhaWxYzLaA8or3oFWhUFYl8qMlPSFg0m99fBSrrT5mj1QJKzZ9a3CY915zv1LHs_ucgSpUrcMavO8_kfpKi_D-gQcpM3D7XikJzDGoH9g0Oi0XSMzl9ygs-0hX9lMhJKkFtMzQlxMVU7ozfYBRN3gIYuQX4Z1IemPRJyC0skGOmE_EJT_p-_dPI9kv0sMx2OT9SLOPYYW5pjmzhZ_BioNJ1IYDRqfHiy3&__tn__=-R
Ուղիղ եթերում երևում է, որ ոստիկանները հորդորում են Վահագն Չախալյանին և նրա ընկերներին հեռանալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացից և հավաք չանել: Մինչդեռ Վահագն Չախալյանն ասում է, որ իրենք հավաք չեն անում. եկել են աջակցելու իրենց ընկերոջը՝ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանին: Այս ամենից հետո ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:
Նշենք, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը մայիսի 12-ին, դատախազի ցուցումով ձերբակալվել էր: ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել էր՝ Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նիստի ավարտից հետո Արթուր Ալեքսանյանը Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ նա կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Կարդացեք նաև
Նշենք, որ ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն ՝ «մայիսի 11-ին Ազգային ժողովի պատգամավորներից մեկը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ»:
Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Արթուր Ալեքսանյանին կալանավորելու միջնորդության հետ կապված դատարանն ի՞նչ որոշում կայացրեց: Նա պատասխանեց. «Դատարանն ըստ էության որոշում չհրապարակեց: Որոշում կայացվեց թե′ ձերբակալման դեմ տարված մեր բողոքի և թե′ կալանավորման միջնորդության քննությունը վերսկսելու մասին: Այսօր ժամը 19:00-ին դատական նիստ է նշանակվել: Մեր պահանջն է եղել, որ հնարավորինս շուտ նշանակվի այդ նիստը, քանի որ ձերբակալված է մեր պաշտպանյալը. մեր շահերից չի բխում, որ որոշումն ուշ հրապարակվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Aravot.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանից: Նա ասաց, որ չի ցանկանում մեկնաբանություններ տալ: