Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Պարետատունը հիմա քննարկում է հարցը, թե արդյոք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման

Մայիս 14,2020 15:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին և արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման անհրաժեշտության հարցին։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Հարգելի գործընկերներ,

երեկ մենք կրկին արձանագրել ենք կորոնավիրուսի նոր, 100-ից ավելի դեպք՝ 142 դեպք։ Մենք վերջին շրջանում ունենք 100-ը գերազանցող ամենօրյա դեպքեր, և այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու և ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում: Բացի շոշափելի և տեխնիկա-կազմակերպչական հարցերից, ես արձանագրել եմ մեկ, այսպես ասած, սոցիալ-հոգեբանական խնդիր. բանն այն է, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի և այլն, սարքած գործ է, և այսպես շարունակ: Իհարկե, ժպիտներից անդին պետք է նաև հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը, և պետք է ասել, որ սա ունի կոնկրետ պատճառ: Մենք մեր օրինակով և վիճակագրությամբ կարող ենք դա արձանագրել:

Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ և այս ընթացքում էլ անընդհատ ունեցել ենք, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտավորապես 70 տոկոսից ավելի՝ մոտավորապես 75 տոկոսի մոտ, հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Ի՞նչ է նշանակում՝ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Սա նշանակում է, որ մարդը կամ կարճ ինչ-որ շրջան ջերմություն է ունեցել, կամ ինքն էլ չի նկատել, որ նույնիսկ ջերմություն է ունեցել, թեստ է արվել, նրա մոտ ախտորոշվել է դրական, և, ըստ էության, այս պարագայում հիվանդությունը մարդու համար ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է: Որովհետև ի՞նչ նկատի ունենք մենք, երբ ասում ենք՝ մենք հիվանդ ենք. նկատի ունենք, որ կամ ջերմություն ունենք, կամ ինչ-որ ցավ ունենք և այլն, և այդպես շարունակ: Բայց մեր պոզիտիվ ախտորոշված դեպքերի 75 տոկոսը չունի ոչ մի բողոք, այսինքն՝ նրա համար այդ հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է և լուր, որ ձեր թեստը պոզիտիվ է: Ես գիտեմ նույնիսկ կոնկրետ դեպքեր, երբ մարդիկ դրական են ախտորոշվել, հետո մնալով հիվանդանոցում կամ հյուրանոցում՝ բացասական ախտորոշմամբ դուրս են գրվել, և իրենք մինչ օրս, նույնիսկ եթե ջերմություն են ունեցել այդ ընթացքում, մինչ օրս չեն հավատում, որ իրենք որևէ հիվանդությամբ հիվանդացել են: Եվ մարդուն շատ դժվար է համոզել, որ ինքն իրոք ինչ-որ պրոբլեմ է ունեցել, քանի դեռ այդ ընտանիքի որևէ անդամ՝ հիմնականում տարիքով անդամ, չի վարակվել, ասենք, նրա վիճակը չի ծանրացել, ընդհուպ մինչև ցավալի մահվան դեպքի չի հասել: Ընդ որում՝ ասեմ, որ այս պահին մենք ունենք 49 մահվան արձանագրված դեպք: Եվ ուրեմն, այս հիվանդությունը շոշափելի իրենց վրա զգում են այն քաղաքացիները, ում ընտանիքի անդամները՝ տարիքով մարդիկ, հիվանդանում են, և նրանց վիճակը ծանրանում է, ծայրահեղ ծանրանում է կամ, ցավոք, 49 դեպքերում հասնում է մահվան։ Ահա այսպիսի իրավիճակ մենք ունենք այսօր հանրապետությունում, բայց, մյուս կողմից էլ, մենք պետք է հասկանանք՝ այդ մարդկանց 70 տոկոսը, որոնց պահում ենք հյուրանոցներում և հիվանդանոցներում, և հիվանդության առաջին մեր դեպքն էլ, ի դեպ, այդպես է եղել. ինքը 14 օրից ավելի մնաց հիվանդանոցում՝ Նորքի ինֆեկցիոն կենտրոնում, և այդ ընթացքում չունեցավ ոչ մի ախտանշան, նույնիսկ ջերմություն: Եվ 14 օր ուղղակի մի քանի անգամ ախտորոշեցին, և երբ վերջին ախտորոշումը եղավ բացասական, ասացին՝ խնդրեմ, Դուք կարող եք գնալ Ձեր տուն:

Մենք պետք է հասկանանք, որ այսպիսի իրավիճակում ենք գտնվում և նաև այսօր մեր հետագա անելիքների հետ կապված որոշում պետք է կայացնենք՝ արտակարգ դրությունը երկարացնելու որոշում պետք է կայացնենք: Բայց մեր ռազմավարությունն ընդհանուր առմամբ հետևյալն է, որ մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ պետք է գնանք այն ճանապարհով, որ արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձենք համոզել, որտեղ անհրաժեշտ է՝ պարտադրել, որ նրանք պահպանեն անվտանգության որոշակի կանոններ, այսինքն՝ մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք կրկին հետ չգնանք փակման ռեժիմներին: Եվ, բնականաբար, այստեղ հարց է առաջանալու, թե եթե հիմա այսպիսի ռազմավարություն ենք որդեգրում, ինչո՞ւ նախկինում կայացվեց փակվելու և սահմանափակումներ մտցնելու մասին որոշումը: Սրա համար կա մի քանի կոնկրետ պատճառ:

Առաջինը՝ նախ մեր հիվանդանոցային կարողություններն ընդլայնելու անհրաժեշտություն կար, և մենք ինֆեկցիոն ոլորտում այդ սահմանափակումների շրջանում 300 տեղերը հնգապատկել ենք և դարձրել ենք 1500 տեղ, և հիմա էլ այդ պրոցեսը շարունակվում է: Բացի այս, անկեղծ ասած, մենք մարտին ունեինք հաշվարկ, որ եթե հանկարծ մեր մոտ իրադարձությունը զարգանա, օրինակ, իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում մենք կորոնավիրուսից կունենանք 10000 մահ: Այսինքն՝ մենք չգիտեինք, համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթանա, և, եթե անկեղծ ասեմ, հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա՞, թե՞ ոչ: Եվ մենք պետք է արձանագրենք, որ ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի հետագայում սահմանափակումների ռեժիմին չվերադառնալը, այնուամենայնիվ, մենք կարող ենք ստիպված լինել՝ գնալ այդպիսի որոշման:  Ո՞ր պարագայում դա տեղի կունենա: Կա մի պարագա, որի պայմաններում դա տեղի կունենա՝ եթե մենք սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Այսինքն՝ պարզվի, որ Հայաստանում կա 1500 հիվանդ, ովքեր ոչ թե ասիմպտոմ են – այսօր արդեն ակտիվ դեպքերը 2217 են – բայց 2217-ից միայն մոտավորապես 600-ն են, ովքեր որևէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն: Հիմա, մասնավորապես, թոքաբորբով 661 հիվանդ ունենք այս պահին: Ընդ որում՝ մեր մասնագետներն ասում են, որ այս թոքաբորբով հիվանդների մոտավորապես 20-25 տոկոսին կամ նույնիսկ ավելի կարելի է համարել ասիմպտոմ, որովհետև թոքաբորբի շատ թեթև տեսակներ են, արյան մեջ թթվածնի պարունակությունն ավելի քան բավարար է: Այսինքն՝ դուք գիտեք, այդպիսի դեպքեր լինում են, երբ մենք գնում ենք բժշկի, մեզ ասում են, որ գիտեք, Դուք ոտքի վրա թոքաբորբ եք տարել, այսինքն՝ թեթև թոքաբորբ: Եթե պարզվի, որ մենք ունենք ավելի քան 1500 հիվանդ, ովքեր ունեն կոնկրետ բժշկական անհրաժեշտություն, բուժման անհրաժեշտություն, և մենք արդեն անխուսափելիորեն մոտենալու ենք այն թվին և անցնելու ենք, մենք ստիպված կլինենք, ուղղակի ուրիշ տարբերակ չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին:

Նախկինում սահմանափակումների հետ կապված նաև այսպիսի շատ կոնկրետ պատճառ կար. խոսքը թոքային օդափոխման սարքերի առկայության մասին էր: Որովհետև, դուք գիտեք, երբ ճգնաժամը ծավալվում էր, ամբողջ աշխարհում թիվ մեկ թեման թոքային օդափոխության սարքերի առկայությանն էր վերաբերում, և մենք այդ սահմանափակումների շրջանում ապահովեցինք թոքային օդափոխության 100 սարքերի առկայություն, ևս 70-ն այս պահին գտնվում է այս պահին գնման գործընթացում և ևս մոտավորապես 100 հատ, այսպես ասած, ավելի թեթև տեսակի թոքային օդափոխության սարք ձեռք բերեցինք: Բայց, մյուս կողմից, փաստը մնում է փաստ, որ այս ընթացքում, այս պահին մենք թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ ունենք, և այս ընթացքում այդ պացիենտների թիվը չի ավելացել՝ 6, 7, նույնիսկ 10-ի, եթե չեմ սխալվում, մենք չենք հասել ոչ մի անգամ: Բայց, մյուս կողմից, և՛ մեր հանրության, և՛ միջազգային հանրության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսակետից ամենակարևոր գործողություններից էր հենց այս սարքն ունենալը: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մեր մասնագետները  պրակտիկայում արդեն մեր պացիենտների հետ շփվելու ընթացքում իրենք գնահատեցին, թե որ պարագաներում է պետք միացնել թոքային օդափոխության սարքերը, և մեր մասնագետները, ըստ էության, եզրակացրել են, և պրակտիկան այդպիսին է, ըստ էության, որ ոչ միայն ծայրահեղ ծանր, այլև հուսահատության եզրին մոտ գտնվող հիվանդների պարագայում են օգտագործում:

Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք մայիսի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հայտարարեցինք, որ մենք հիմա պետք է անցնենք կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարի ռազմավարությանը, ինչը նշանակում է, որ, բացի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներից, յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական պատասխանատվության շրջանակում պետք է մասնակցի այդ պայքարին, ընդ որում՝ առաջին հերթին իր, իր ընտանիքի անդամների անվտանգության և առողջապահության շահերից ելնելով: Այո՛, այս ընթացքում մեր ձեռք բերած փորձով կարող ենք արձանագրել, որ երեխաներն ունեն բավական ուժեղ պաշտպանիչ իմունային համակարգ՝ այս հիվանդությունից պաշտպանվելու համար, միջին տարիքի մարդիկ ունեն բավական ուժեղ իմունային համակարգ՝ այս հիվանդությունից պաշտպանվելու համար, եթե չունեն քրոնիկ հիվանդություններ: Չնայած մենք մի դեպք ունեցանք, երբ քրոնիկ հիվանդություն չունեցող, 30 տարեկան, մոտավորապես միջին տարիքի տղամարդը հասավ ծայրահեղ ծանր, նույնիսկ մահամերձ վիճակի, բայց, փառք Աստծո, հաջողվեց նրան այդ վիճակից դուրս բերել: Եվ, եթե անկեղծ ասենք, մենք չգիտենք, որ պարագան է՝ որ պացիենտին հասցնում է այդ վիճակին և որ պարագան է, որ ընդհանրապես պահում է ասիմպտոմ դաշտում: Ընդ որում՝ ասիմպտոմի պարագան էլ պետք է հասկանանք, որ երբ մարդու մոտ ախտորոշվում է, ոչ ոք երաշխիք չունի: Այսինքն՝ մենք պետականորեն չենք կարող երաշխավորել, ասել, գիտեք ի՞նչ, հարգելի քաղաքացի, եթե Ձեզ մոտ պոզիտիվ թեստ է եղել, և Դուք քրոնիկ հիվանդություն չունեք, մենք երաշխավորում ենք, որ Դուք չեք հասնի ծայրահեղ ծանր վիճակի: Չենք կարող ասել: Աշխարհում որևէ մեկը չի կարող ասել այդպիսի բան:

Հետևաբար, այո՛, մենք պետք է շարունակենք ապակենտրոն պայքարի տրամաբանությունը՝ այս ոլորտում պատասխանատվություն պատվիրակելով նաև յուրաքանչյուր քաղաքացու: Ընդհանրապես, կարծում եմ, որ այստեղ էլ մեր հասցեին մեղադրանքներ կհնչեն, որ քաղաքացու վրա ենք դնում պատասխանատվությունը, բայց ես ասեմ, որ դա պատասխանատվության հարց չէ, դա ընդհանրապես մեր գաղափարախոսությունն է: Մեր կառավարությունը ձևավորումից առաջ և ընդհանրապես մեր քաղաքական գործունեության ամբողջ փիլիսոփայությունը դեռ ամենասկզբում եղել է հետևյալը. մենք որևէ փոփոխություն չենք պատկերացնում և որևէ հարցի լուծում չենք պատկերացնում առանց հանրության և քաղաքացու մասնակցության՝ սկսած տնտեսական ծրագրի իրագործումից շարունակած առողջապահական հարցերի և այս ճգնաժամի լուծմամբ: Մանավանդ մենք տվյալ դեպքում պատրաստ ենք Հայաստանի քաղաքացիներին առաջարկել պարզ կանոններ, որոնց պահպանման դեպքում երաշխավորում ենք, որ նրանք չեն վարակվի կորոնավիրուսով.

Կանոն առաջին՝ պահպանել սոցիալական հեռավորություն և/կամ շփվել միայն դիմակների առկայության դեպքում: Դիմակների առկայության պարագան էլ շատ կարևոր է, որովհետև մարտին մենք Հայաստանի Հանրապետությունում ունեինք դիմակների դեֆիցիտ: Իսկ այսօր, փառք Աստծո, Հայաստանում կա արտադրություն, որը մեր կարիքները 100 տոկոսով կարող է բավարարել և դեռ մի բան էլ արտահանել: Եվ, հետևաբար, պարետատունը հիմա քննարկում է հարցը, թե արդյոք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման: Այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի: Ուրեմն, կանոն առաջին՝ պահպանել սոցիալական հեռավորություն և/կամ շփվել միայն դիմակների առկայությամբ:

Կանոն երկրորդ՝ չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին՝ աչքերին, քթին, բերանի հատվածում:

Կանոն երրորդ՝ օգտվել այնպիսի սպասքից, որը կամ ջերմային մշակում է անցել, կամ էլ համապատասխան ձևով, նյութերով մաքրված է։ Այս կանոնի պահպանման պարագայում առանձնահատուկ պատասխանատվություն պետք է դրվի Հայաստանում գործող հանրային սննդի օբյեկտների վրա:

Եվ, ընդհանրապես, բիզնեսի բոլոր տեսակների համար պարետատունն արդեն կանոններ սահմանել է, և պարետի որոշման նախագիծը պատրաստ է այս ասվածի համատեքստում որոշումներ ընդունելու վերաբերյալ: Նաև ուզում եմ ասել, որ այս պայմաններում մենք ստիպված ենք, պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ այն մտադրությամբ, որ մենք արտակարգ դրության պայմաններում այդպիսի խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է՝ որպես մի գործիք, որն անհրաժեշտ լինի կիրառել ըստ իրավիճակի: Որքան մտածեցինք բոլոր հնարավոր պարագաներն այլ գործիքներով կառավարել, բայց կա մեկ պարագա, որն իրականացնելու համար կարծես թե միայն արտակարգ դրության գործիքն է կիրառելի. դա այն դեպքն է, երբ կոնկրետ բնակավայր անհրաժեշտ է փակել, մուտքը և ելքն այդ բնակավայրից արգելել: Դա հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում, բայց ընդհանրապես կարող են լինել նաև այնպիսի զարգացումներ, որ որոշակի կանոններ պարտադրելու համար պարետատան գործունեութունն այս պահի դրությամբ անհրաժեշտ է, իսկ պարետատունը կարող է գոյություն ունենալ միայն արտակարգ դրության պայմաններում: Այսքանը՝ որպես նախաբան:

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջին օրից՝ ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ  բոլոր մնացած հարցերում եղել է թափանցիկ: Մենք ոչ մի, բացարձակապես ոչ մի տեղեկատվություն, ինչպես և խոստացել էինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից չենք թաքցրել՝ անկախ նրանից այդ տեղեկատվությունը որքանով էր նպաստավոր կամ աննպաստ Հայաստանի կառավարության համար, և մեր կառավարությանը նախկինում երբեք չեն մեղադրել դեպքեր թաքցնելու համար: Երեկ ես, Երևանի փոքր կենտրոնում մի փոքր շրջելով, հասկացա, որ հիմա կասկածներ կան, որ մենք թվերն ուռճացնում ենք: Թե ինչո՞ւ պետք է ուռճացնենք, անհասկանալի է: Եվ, ուրեմն, խնդրում եմ բոլորին. այս երկրորդ՝ ավելի բաց պայմաններում այն սահմանափակումները, որոնք կսահմանի պարետատունը, դրանց կիրառման նկատմամբ պետք է շատ խիստ լինել, և այդ պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ոստիկանության վրա: Երեկ ոստիկանապետի հետ այս թեմայով մենք քննարկում ունեցել ենք: Ցավոք, նախկին շրջանում մենք վստահ չենք, որ այն սահմանափակումները, որոնք սահմանել էր պարետատունը, պատշաճ խստությամբ կիրառվել են: Բայց մենք հույս ունենք, որ մեր թույլ տված սխալներից դասեր կքաղենք, և առաջիկա շրջանում սահմանված կանոններն ավելի  խստորեն կպահպանվեն։ Նաև շատ կարևոր է, որպեսզի պարետի որոշումները լայնորեն լուսաբանվեն, որպեսզի վստահ լինենք, որ մարդիկ լիարժեք տեղեկացված են, թե ինչ է ակնկալվում իրենցից»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031