«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ 2018 թվականի հուլիսի 28-ից սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված: 2019 թվականի մայիսի 18-ին դատարանը բավարարեց Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի եւ նախագահ Բակո Սահակյանի միջնորդությունը եւ փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Այնուհետեւ, հունիսի 25-ին դատարանը բավարարեց դատախազի եւ տուժողի իրավահաջորդի դիմումները եւ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորեց: Այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին`տարբեր հիմնավորումներով: Բոլորն էլ մերժվել են: Մայիսի 8-ին կայացած նիստում դատարան ներկայացան նաեւ ՀՀ երեք վարչապետները` Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ ԱՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը` վերահաստատելու Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու իրենց միջնորդությունը: Նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդներ Տիգրան Եգորյանն եւ Սեդա Սաֆարյանն իրենց ելույթներում փորձեցին ներկայացնել, որ նախկին չորս վարչապետները հեղինակություններ չեն կամ այն հեղինակությունները չեն, որոնք կարող են Ռոբերտ Քոչարյանի «վարքի հսկողը լինել»: Ապա նաեւ մամուլում բազմաթիվ անդրադարձեր եղան այս թեմային`կրկին ասպարեզ բերելով ժամանակին նախկին վարչապետներին առնչվող տարբեր գործընթացներ`ցույց տալով նրանց փոխկապակցվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Այդ գնահատականներն, անկասկած, շատ սուբյեկտիվ են»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին`ինչպե՞ս եք վերաբերվում հանրության մի հատվածի նման մոտեցումներին եւ ընկալումներին, այսպես պատասխանեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: «Եթե անկեղծ լինենք, ապա ես համոզված եմ, որ նախկին վարչապետների` Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի, Անուշավան Դանիելյանի կամ իմ անցած ուղու գնահատականն այդ մարդիկ չէ, որ պետք է տան: Պատմությունը դեռեւս կկարողանա իրերն իրենց անունով անվանել եւ յուրաքանչյուրի դերակատարումն առանձնացնել: Այնպես որ, ես այդ ամենին շատ հանգիստ կվերաբերվեմ: Նույնիսկ, ինչ-որ մի տեղ կարեկցում եմ այդ մարդկանց»,- ասաց մեր զրուցակիցը: Խնդիրը, Խոսրով Հարությունյանը դիտարկում է այն հարթությունում, թե ինչո՞ւ են փորձում վարկաբեկել, ընդ որում, հանիրավի. «Վստահ եմ, նույնիսկ վարկաբեկող կողմերը շատ լավ հասկանում են, նման նախաձեռնությամբ հանդես եկող մարդկանց, այո, հանրային հեղինակության եւ ազդեցության չափն ու սահմանը: Նրանք շատ լավ գիտակցում են, որ հենց այդ գործոնը կարող էր շատ էական ազդեցություն ունենալ, հետեւաբար, կանխավ փորձում էին չեզոքացնել այդ հնարավոր ազդեցությունը»: Նա չի կիսում այն ընկալումը, այդ թվում նաեւ դատական նիստին մասնակիցներից որոշ մասի, թե հեղինակությունը տվյալ դեպքում այն գործոնն է, որով հանդես եկող անձինք պետք է ստանձնեն նախագահ Քոչարյանի վարքագծի վերահսկողությունը. «Անձնական երաշխավորության իմաստն այն է, որ դուք վստահում եք կասկածյալին կամ մեղադրյալին եւ համոզված եք, որ նրա կողմից օրենքի զանցանքի, օրենքի խախտման որեւէ դեպք տեղի չի ունենա եւ, որպես այդ համոզվածության առհավատչյա, դուք ներկայանում եք ի պաշտոնե, որը պետք է դատարանի համար դառնա վստահության երաշխիք: Խնդիրն այն չէ, որ եթե դատարանը որոշեր խափանման միջոցը փոխել, ես պետք է ամեն րոպե Քոչարյանի կողքին լինեի եւ նրան ասեի`այստեղ գնա, անտեղ մի գնա: Նման ընկալում չկա եւ չի էլ կարող լինել: Նման ընկալումը շատ մանկամիտ ընկալում է: Խոսքը նրա մասին է, որ դու կշեռքի նժարին դնում ես քո հեղինակությունը` համոզված`այն անհատը, որի համար դու միջնորդություն ես ներկայացրել, ակնհայտորեն զերծ կմնա որեւէ քայլից, որովհետեւ նախ դու այդ մարդուն լավ ճանաչում ես, ապա, այդ անհատն իր քայլերում հաշվի կնստի նաեւ քո հեղինակության հետ»: Այդ միջնորդության եւ առհասարակ, խափանման միջոցի փոխման հնարավոր իրավական հետեւանքների մասին, մեր զրուցակցի կարծիքով, շատ ճիշտ մեկնաբանություն տվեց ինքը` Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը դատարանում ասաց. «Ես ՀՀ եւ Ղարաբաղի նախագահն եմ, եւ ամենից մեծ զսպող հանգամանքը հենց սա է, որ ինձ՝ Արցախի հերոսիս եւ երկու հանրապետությունների նախագահիս, երաշխավորում են մարդիկ, եւ հանկարծ ես մի քայլ եմ անում, որը իմ հեղինակությունը զրոյի է իջեցնում: Նույնիսկ իմ պարագայում, իմ կենսագրությունը հաշվի առնելով, տիկին Դանիբեկյան, ես սպասում եմ, որ Դուք ինձ պիտի հարցնեք՝ Դուք խո՞սք եք տալիս, որ նման երեւույթներ չեն լինի, եւ եթե ես ասեմ՝ այո, Դուք հանգիստ կարող եք որոշում կայացնել առանց որեւէ երաշխավորագրի, առանց գրավի՝ վստահ լինելով, որ ես հրապարակային տված խոսքս երբեք չեմ խախտի»:
Կարդացեք նաև
«Այսինքն, մենք պետք է հասկանանք, թե ինչի՞ մասին է խոսքը, եթե իրականում ուզում ենք առաջնորդվել իրավունքի նորմով եւ բովանդակությամբ: Բայց եթե նպատակն այլ է, ակնհայտ է, որ այս ամենն անիմաստ է եւ, բնական է, որ պետք է գնան միջնորդների հեղինակազրկման ճանապարհով, որպեսզի վաղը-մյուս օրը հանրությանը ներկայացնելու բան ունենան`ասելով, որ այդ մարդիկ անհրաժեշտ հեղինակություն չէին վայելում, որպեսզի դատարանը նրանց ընդառաջեր: Կա իրավունքի մանիպուլյացիա`օգտագործելով հանրային գիտակցության մեջ շատ հարցերի շուրջ անտեղյակությունը»,- կարծում է Խոսրով Հարությունյանը:
Դատարանի երեկվա որոշման մասին խոսելով էլ, նա նկատեց. «Չգիտեմ ո՞վ հաղթեց, բայց պարտվեց պետությունը. իրավական, ժողովրդավարական պետության հեռանկարը»:
Խոսրով Հարությունյանն «Առավոտի» հարցին ի պատասխան, ասաց, որ միջնորդությունը ներկայացնելիս մի քանի հանգամանք է հաշվի առել. նախ, ինքը խորապես համոզված է, որ տվյալ դեպքում, խափանման միջոցը փոխելը որեւէ խնդիր, վտանգ, այն առումով, որ Քոչարյանը կամ կխուսափի արդարադատությունից, կամ կփորձի խոչընդոտել դատական գործընթացին, չի տեսնում: Հիշեցնում է, որ այդ «վտանգի նվազման» վերաբերյալ կա նաեւ գլխավոր դատախազի հայտարարությունները, նաեւ`դատարանի գնահատականները: Ապա, նա կարծում է, որ խափանման միջոցը պատժամիջոց չէ եւ հիշեցնում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը գաղտնալսման հայտնի ձայնագրությունից` «փակենք Քոչարյանին, բոլորը կսկսեն խոսել»: Խոսրով Հարությունյանը պնդում է. «Չի կարելի որեւէ մեկի ազատությունը կաշկանդելու գնով, փորձել ուրիշներից ցուցմունքներ կորզել: Սրանք հակաիրավական գործողություններ են»: Այս ամենին ավելացնում է իր վերաբերմունքը նախագահի ինստիտուտի նկատմամբ ընդհանրապես`ամբողջացնելով երեք պատճառները, հանուն որոնց ներկայացրել է միջնորդությունը:
Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացվել էր մինչեւ մարտի 17-ը` կորոնավիրուսի համավարակի տարածումը եւ դրանով պայմանավորված արտակարգ դրության հայտարարումը Հայաստանում: Հետագայում, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը խափանման միջոցը փոխելու միջնորդություններին հավելեց նաեւ կորոնավիրուսի հետ կապված սպառնալիքները եւ միջազգային կազմակերպությունների հորդոր-առաջարկը պետությունների ղեկավարներին`ձեռնպահ մնալ կալանավորումներից, մանավանդ, ռիսկային գոտում գտնվող անձանց մասով առավելապես: Իսկ Ռոբերտ Քոչարյանը ռիսկային խմբում է:
Խոսրով Հարությունյանից նաեւ հետաքրքրվեցինք`երկրորդ նախագահի կողմից`նրա բանագնացների միջոցով, ճնշումներ, պարտադրանք եղե՞լ են իր նկատմամբ, որպեսզի ստորագրի միջնորդությունը, կամ գուցե կոմպրոմատներ են եղել, համենայնդեպս, նման հայտարարություններ էլ հնչեցին: Պատասխանը եղավ. «Իհարկե`ոչ: Այս ընթացքում, ես Ռոբերտ Քոչարյանի հետ երբեւէ չեմ շփվել, չեմ հանդիպել: Առաջին անգամ ես իրեն տեսել եմ դատարանի նիստերի դահլիճում: Ես եւ Ռոբերտ Քոչարյանը մի քանի տարի համագործակցել ենք, աշխատել ենք մասին բայց ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ իմ քաղաքական կարիերան ընդհատվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին»: Նկատեցինք`այդ տարիներին Դուք եւ Ձեր ընտանիքի անդամները նաեւ բիզնես-գործունեություն էիք ծավալում, գուցե այդ մասո՞վ խնդիրներ կային եւ Ձեզ պարտադրել են: Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե 2002 թվականից հետո, երբ ես դուրս եմ եկել բոլոր պետական պաշտոններից, միայն մեր ընտանիքը կամ ես եմ զբաղվել բիզնեսով, ապա առնվազն միամտություն է եւ հիմար միամտություն: Շատերն են զբաղվել, այդ թվում նաեւ ես: Իսկ ինչո՞ւ պիտի չզբաղվեի: Իմ կենսագրության մեջ կա բավական լուրջ արտադրական գործունեություն: Ես տարիների ընթացքում ֆաբրիկաներ եմ ոտքի կանգնեցրել`թե Չարենցավանում, թե Աշտարակում: Ինչո՞ւ չպիտի զբաղվեի բիզնեսով: Արդյո՞ք բիզնեսով զբաղվելն անհարգալից գործունեություն է: Իհարկե`ոչ: Ընդ որում, բոլոր պարագաներում, ես եղել եմ շատ օրինապաշտ հարկատու: Այնպես որ, դա որեւէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ»:
Հարցին` ինչո՞վ էր պայմանավորված, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին դադարեցրիք քաղաքական գործունեությունը, հակասություննե՞ր, խնդիրնե՞ր կային, ՀՀ նախկին վարչապետը պատասխանեց. «Ոչ: Եթե հիշում եք, ես հրաժարական եմ տվել եւ դուրս եմ եկել Արամ Սարգսյանի կառավարության կազմից: Ես այդ ժամանակ առիթ եմ ունեցել ասելու, որ այդ հրաժարականը կամ պաշտոնաթողության ինձ արված առաջարկը, պայմանավորված էր զուտ քաղաքական կոնյունկտուրայով եւ որեւէ մի կերպ անդրադարձ լինել իմ պաշտոնական կարողություններին, հնարավորություններին կամ գործունեությանը, չէր կարող: Կար քաղաքական կոնյունկտուրա, կային մարդիկ, որոնք գտնում էին, որ ես չպետք է լինեմ կառավարության կազմում: Արամ Սարգսյանը գնաց այդ քայլին, մենք ունեցել ենք զրույց, որից հետո ես դուրս եմ եկել կառավարության կազմից: Դա եղել է 2000 թվականին: Դրանից հետո համագործակցություն եղել է, որպես քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների կազմակերպիչ, որպես նախագահի խորհրդական, որից հետո ես ոչ մի առաջարկ չեմ ստացել եւ թողել եմ իմ աշխատանքային գործունեությունը: Սա է եղել`ոչ հակասություն, ոչ տարաձայնություն չի եղել: Հետո, ես, այո, զբաղվել եմ բիզնեսով: Իսկ ինչո՞ւ պիտի չզբաղվեի: Այդպես կարելի է ցանկացածին կապել օրվա իշխանությունների հետ: Կարո՞ղ ենք ասել, պնդել, որ բոլոր այն մարդիկ, որոնք այսօր զբաղված են բիզնեսով, դրանով պարտական են օրվա իշխանության ղեկավարին: Առնվազն անհեթեթություն է: Ես հասկանում եմ, որ մարդիկ նույնիսկ փրփուրներից են կախվում, որեւէ մի կերպ ցանկանում են, մասնավորաբար, ինձ վրա սեւ բծեր գտնել. դա հնարավոր չէ: Մեկը փորձ արեց: ԱԺ գործող պատգամավորներից մեկը, որը ամսի 18-ին դատարանում պետք է լինի`ինձ զրպարտելու համար: Այնպես որ, թող շարունակեն: Որքան շարունակեն`այնքան պատասան են ստանալու»:
Հիշեցնենք, ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտրվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել էր. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար եւ ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո եւ մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր կառուցելու ու շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ, որեւէ ձեւով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»: Խոսրով Հարությունյանը Արման Բաբաջանյանի դեմ հայց է ներկայացրել`պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին պատճառված վնասի հիմքով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2020