ԱԺ-ում վարչապետը հայտարարեց. «Մարդը ունի բանկում 20 մլն դրամ եւ ավելի ավանդ ունի, բայց եկել է հայտարարագրել է պետությանը, որ ինքը 26500 դրամի կարիք ունի»: Այս հայտարարությունը մեկնաբանությունների տեղիք է տվել առ այն, որ բանկային գաղտնիքը խախտվել է, Հայաստանում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հրավիրած ասուլիսում պարզաբանումներ տվեց: Ըստ նրա, նման կասկածներ կարող են առաջանալ, որովհետեւ յուրաքանչյուր անձի ավանդի չափը, նրա վերցրած վարկերի շարժը, այդ ամբողջ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է. «Որեւէ մեկը չի կարող առանձին անձի վերաբերյալ տվյալներ ունենալ, բայց ամփոփ տվյալներ պետական մարմինները ու լրագրողները կարող են հարցում անել ու ստանալ: Օրինակ, կարող են հարցում անել ու ստանալ, թե աջակցություն ստացած մարդկանց մեջ քանի՞ հոգի կան, որ ունեն 20 մլն, 10 մլն ավանդ՝ առանց կոնկրետ ավանդատուներին նույնականացնելու, առանց առանձին մարդկանց հաշիվների շարժի մասին տեղեկատվության: Մարդիկ ասում են, որ ավանդատուների թիվը բանկային գաղտնիք է, ու սա ասում են մարդիկ, որոնք երկար տարիներ պետական պաշտոն են զբաղեցրել»:
Հիշեցնենք, որ Թունյանը հայտարարել էր. «Այն մարդիկ, որոնք իրենց վերլուծաբանի տեղ դրած հրապարակային հայտարարություններ են անում այն մասին, որ վարչապետը բանկային գաղտնիք է խախտել, կամ բութ են կամ սրիկա»: Ինչին հաջորդել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի ելույթն ու ԱԺ-ում ծեծկռտուքը:
Այսօր Թունյանը որոշակի սրբագրեց իր խոսքը՝ նշելով, որ դա վերաբերվում էր այն մարդկանց, ովքեր դա անում են միտումնավոր, ոչ թե հասարակ քաղաքացիներին, որոնք կարող են նման կասկած ունենալ. «Եթե մարդն այս ամեն ինչին տիրապետելով՝ անում է հայտարարություն՝ կոնկրետ շահ հետապնդելով, խոսքս կոնկրետ այդ մարդկանց մասին էր: Ուղղակի քաղաքական փորձառությունս երեւի այնքան չէ, որ խոսքս այնպես ձեւակերպեի՝ շահարկումների տեղիք չտար ու բուն թեման թողած՝ մարդիկ իրենց ուղղված խոսքը չուղղորդեին հասարակության բոլոր անդամների վրա: Իսկ այն մարդիկ, ովքեր ամեն դեպքում իմ խոսքերն ընկալել են այնպես, ինչպես որոշ մարդիկ ներկայացնում են, ես իրենցից ներողություն եմ խնդրում, որովհետեւ իմ խոսքն իրենց ուղղված չէր: Ես չէի կարող մեր հասարակության մեծ մասին վիրավորել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ