«Արտակարգ դրությունը երկարացվում է, որովհետեւ այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, միայն հնարավոր է այս պահի դրությամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում»,-կառավարության մամուլի սրահում այսօր ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով, արտակարգ դրության իրավական ռեժիմով մի շարք գործողություններ հստակ կկանոնակարգվեն՝ մեկուսացում, ինքնամեկուսացում, անձնական ազատության սահմանափակումները:
Ռուստամ Բադասյանը նաեւ ասաց, որ կոնկրետացվել են պարետի գործառույթները, որպեսզի ավելի արդյունավետ որոշումներ հնարավոր լինի կայացնել: Նախարարը նշեց, որ քաղաքացիների ազատ տեղաշարժը թույլատրվելու է որոշակի վարքագծի կանոնների պահպանման պայմանով. «Օրինակ՝ թույլատրվի որոշ վարչական շրջանի շրջանակներում ազատ տեղաշարժը բացառապես որոշակի պայմաններ պահպանելու նկատառումներով։ Եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսի աշխատել, ապա տրանսպորտից օգտվել միայն դիմակների օգտագործմամբ։ Հանրային սննդի ծառայություններ մատուցելիս պարտադիր որոշակի պայմաններ ապահովել։ Պարետը հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ, որոնք պարտադիր պետք է ապահովեն ազատ տեղաշարժի սահմանափակման կամ թույլ տրված ազատ տեղաշարժի շրջանակներում»։
Հիշեցնենք, որ կառավարությունը 1 ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ