Լրահոս
Օրվա լրահոսը

Հիփոթեքային վարկի մայր գումարի մարում՝ մինչև 70 %-ի չափով, միանվագ դրամական աջակցություն՝ մարզերում բնակարան ձեռք բերելու համար և կանխավճարի ապահովագրություն. Պետությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքներին

Մայիս 14,2020 14:09

Կառավարության այսօրվա նիստում հաստատել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագիրը»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ծրագրերը՝ նշելով, որ դրանք ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի մաս են կազմում:

Նախարարը նշել է, որ ծրագրերը երեքն են.

«Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է մարզային բնակավայրերում՝ բնակարան ձեռք բերելու համար: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը: Երկրորդ ծրագիրը կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունն է՝ երիտասարդ ընտանիքներին: Երրորդը երեխայի ծննդով պայմանավորված աջակցությունն է՝ հիփոթեքային վարկի մասնակի մարման միջոցով»,- ասել է նախարարը:

Նշենք, որ 2020 թ.-ի պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն նախատեսվել է 526 միլիոն 760 հազար դրամ: Դրանից միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովման համար՝ 540 մարդու, իսկ երեխայի ծննդյան աջակցության տրամադրելու նպատակով 300 շահառուի:

Ըստ առաջին ծրագրի՝ միանվագ դրամական աջակցությունը տրամադրվելու է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին և ուղղվելու է կանխավճարի ֆինանսավորմանը։ Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամն է, որն ավելացվում է շահառուի յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն. դրամով:

Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %-ը:

Մարզային բնակավայրերում ձեռքբերվող բնակարանի դեպքում՝ պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %-ի չափ, բայց ոչ ավելի, քան 1 մլն. դրամը: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա բնակարանի արժեքի ևս 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2 մլն դրամ։

Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելանում է 30 %-ով: Այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2,6 մլն դրամ։

Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում՝ պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման։

Քաղաքացին, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Երկրորդ ծրագիրը նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում: Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ 5 մլն.-ական դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %:

Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը կսահմանվի համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։

Դրամական աջակցության վճարումը կդադարի այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կկազմի 70 %-ից ցածր՝ երկրորդային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում և 80 %-ից ցածր՝ առաջնային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում։

Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Երրորդ ծրագրի շրջանակներում պետության կողմից կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ և ընտանիքում ծնվում է երեխա: Աջակցությունը կուղղվի հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Քաղաքացին իրավունք ունի օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեքային վարկը վերցնելու ժամկետից կամ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։ Աջակցության այս ծրագրից կարող են օգտվել գործող հիփոթեքային վարկ ունեցող այն ընտանիքները, որոնցում երեխան ծնվել է 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, իսկ անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կազմում է 30 մլն. դրամ, որը շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով կավելանա ևս 5 մլն. դրամով:

Աջակցությունը կարող է տրամադրվել միայն այն քաղաքացիներին, ովքեր առնվազն 12 ամիս կատարել են հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը:

Ընտանիքում ծնվող 1-ին և 2-րդ երեխայի դեպքում աջակցության չափը կարող է կազմել վարկի մնացորդային մայր գումարի 10 %-ի չափով՝ մարզային բնակավայրերում ձեռքբերված անշարժ գույքի դեպքում, իսկ Երևան քաղաքում՝ 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը:

3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում աջակցության չափը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 50 %-ի չափով՝ մարզային բնակավայրերում ձեռքբերվող անշարժ գույքի դեպքում, իսկ Երևան քաղաքում՝ 25 %-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը:

Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին և ընտանիքում ծնվում է 1-ին կամ 2-րդ երեխան, ապա աջակցության չափը կկազմի մարզային բնակավայրերում ձեռք բերվող անշարժ գույքի վարկի մնացորդային մայր գումարի 15 %-ը, իսկ Երևան քաղաքում՝ 8 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը:

Մինչև 25 տարեկան շահառուների դեպքում աջակցության չափը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 70 %-ի չափով՝ մարզային բնակավայրերում, իսկ Երևան քաղաքում՝ 35 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը, այն դեպքում, եթե շահառուի ընտանիքում ծնվում է 3-րդ և հաջորդ երեխան։

Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

Վերոնշյալ երեք ծրագրերով աջակցություն ստանալու համար քաղաքացին պետք է դիմի հիփոթեքային վարկի ձեռքբերման մասին պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ արդեն գործող վարկերի դեպքում, կամ այն վարկային կազմակերպությանը կամ բանկին, որի միջոցով նախատեսում է հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերել:

Առաջիկա երկու ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում կմշակվի նաև ծրագրերի իրականացման ձևը:

 

 ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031