Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում է կարգախոսն էլ մշակել՝ բոլորս երեխա ունենալու… եւ գնալ…». Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրն ընդունվեց

Մայիս 14,2020 13:47

Այսօր կառավարության նիստում հաստատվեցին երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության նպատակային ծրագրերը, որոնցից մեկը նախատեսում է աջակցություն՝ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխա ունեցած այն ընտանիքներին, որոնք ունեն հիփոթեքային վարկ:

Նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը նշեց՝ այս ծրագիրը կխթանի ծնելությունը վարկառու ընտանիքներում:

Առաջին ծրագրով, ըստ նախարարի, տրամադրվում է միանվագ աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար, եւ այդ գումարն ուղղվելու է կանխավճարին: 2-րդ ծրագիրն է՝ կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունն է երիտասարդ ընտանիքներին: 3-րդ ծրագիրն է՝ երեխայի ծնունդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարումն է: Այս տարվա բյուջեով, ըստ նախարարի, այս ծրագրի համար նախատեսվել է 526 միլիոն դրամ, որից միանվագ դրամական աջակցությունը կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովագրման համար՝ 540-ի, երեխայի ծննդյան աջակցության նպատակով՝ 300-ի:

Նախագծում նշված է՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որը ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեքային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։

Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեքային վարկի մարման համար՝ շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեկային վարկեր)։

Բաթոյանը մանրամասնեց ծրագրից օգտվելու պայմանները՝ ընտանիքները, որոնց երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, անշարժ գույքի ձեռք բերվող եւ գնահատվող շուկայական առավելագույն գինը պետք է լինի 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ եւ վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

Ըստ նախագծի, երեխայի ծննդյան աջակցության չափը երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ՝ վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երեւանում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է, վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երեւանում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ եւ հաջորդ երեխան է վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երեւանում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է եւ շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երեւանում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ եւ հաջորդ երեխան է եւ շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարզաբանում խնդրեց՝ արդյոք զինվորականները կարող են օգտվել այդ ծրագրից, քանի որ նրանց համար կա արդեն գործող ծրագիր հիփոթեքի մարմանն ուղղված: Պարզվեց՝ կարող են, նախարար Բաթոյանն ասաց՝ զինվորականներն ուղղակի պետք է հաշվի առնեն, թե որ ծրագիրն է իրենց համար ավելի շահեկան:

ԿԲ նախագահը հստակեցրեց՝ ծրագրերը մեկը մյուսին չեն խանգարում: «Պարոն վարչապետ, խնդրում եմ այս հարցը ճշգրտել, թե չէ բանակն ինձ կգրոհի»,-ասաց Տոնոյանը: Վարչապետը կատակեց. «Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ»:

Տոնոյանը կատակեց՝ օրենքն հետադարձ ուժ չի՞ ունենալու: Պատասխանը՝ բացասական էր: Տոնոյանի կարծիքով՝ այս ծրագրում երկրում ծնելիության բում է լինելու, վարչապետն ասաց՝ նպատակը դա է. «Էսքանից հետո մնում է կարգախոսն էլ մշակել՝ բոլորս երեխա ունենալու եւ գնալ…»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031