Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Մեհրաբյան. «Որոշել ենք, որ հավաքականի անդամ բռնցքամարտիկներն առայժմ մարզվեն իրենց բնակավայրերում»

Մայիս 14,2020 13:06

Կորոնավիրուսի համավարակը անավարտ թողեց Լոնդոնում մարտ ամսին բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որում Հայաստանի ազգային հավաքականը բավականին հաջող էր մեկնարկել:

Վերադառնալով Հայաստան՝ հավաքականի անդամներն անցան ինքնամեկուսացման, որին հաջորդեց արտակարգ դրությունը: 40 օր տեւած դադարից հետո, պարետատան հաստատած մեղմացումների արդյունքում՝ հավաքականի անդամ բռնցքամարտիկները երեկ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում վերսկսեցին համատեղ մարզումները:

Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը լրագրողներին ասաց, որ տղաները Լոնդոնի վարկանիշային մրցաշարում գերազանց մարզավիճակում էին եւ մենք, բացի Կորյուն Սողոմոնյանից կունենայինք եւս մի քանի վարկանիշ:

«Նախորդ օրը բոլոր մարզիչներով ժողով անցկացրինք: Քննարկեցինք, թե այս վարակի շրջանում բռնցքամարտը ինչ շարունակություն է ունենալու: Ավելի ապահով լինելու համար որոշեցիք, որ Ենգիբարյանի դպրոցի՝ հավաքականի անդամ տղաները կմարզվեն իրենց դպրոցում, «Դինամոյի» սաները՝ մարզական ընկերության դահլիճում, մյուսները՝ իրենց բնակության վայրում՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ:

Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան այս ընթացքում շարունակելու է բռնցքամարտիկների եւ մարզիչների վարձատրությունը, ինչպես նաեւ հոգալու է հավաքների ու մրցումների մասնակցելու ծախսերը: Ինչ վերաբերում է ապագային, քանի դեռ չկա ԱԻԲԱ-ի ու եվրոպական միության հաստատած հստակ ծրագիր եւ ժամանակացույց, թե ինչ ժամանակահատվածում կանցկացվեն մրցումները, մենք կմարզվենք տարբեր տեղերում: Հասկանալի է, ես հաճախ ներկա կլինեմ Երեւանում եւ Աբովյանում մարզումներին: Ես ամենօրյա մշտական կապի մեջ եմ Գյումրիի եւ Վանաձորի մեր մարզիչների հետ եւ տեղյակ եմ, որ այնտեղ օրական երկու մարզում են անցկացնում: Ես բոլոր մարզիչներին խնդրել եմ, որպեսզի ամեն օր գրանցեն կատարած աշխատանքները, որպեսզի միջազգային մրցաշարերի կոնկրետություն լինելու դեպքում կարողանանք որակյալ նախապատրաստական հավաքներ եւ մրցումների մասնակցություն կազմակերպել»,-ասաց պարոն Մեհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031