Ամեն օր նոր կորոնավիրուսով վարակի հարյուրից ավելի դեպք է արձանագրվում, երեկ էլ 142 նոր դեպք է արձանագրվել:
Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա մեկնաբանությամբ՝ դեպքերի նման աճը սոցիալ-հոգեբանական հիմք էլ ունի, օրինակ՝ տարածվում է մի տեսակետ, թե կորոնավիրուսի հիվանդությունը բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է: Ըստ վարչապետի, սրա պատճառներից մեկն էլ այն է, որ դրական ախտորոշված քաղաքացիների 70%-ի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ, ախտանիշ չեն ունենում, եւ ստացվում է, դա միայն թղթի վրա գրված ախտորոշում է:
«Մարդուն դժվար է համոզել, որ ինքը իրոք խնդիր է ունեցել, քանի դեռ այդ ընտանիքի տարիքով անդամը չի վարակվել ու վիճակը չի ծանրացել, մինչեւ ընդհուպ մահվան չի հասել»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ արտակարգ դրությունը երկարացնելու որոշումը կայացնելու են այն ճանապարհով, որ մարդկանց փորձեն համոզել կամ եթե անհրաժեշտություն լինի՝ պարտադրել պահպանել անվտանգության կանոնները, կառավարության ռազմավարությունն այն է, որ կրկին հետ չգնան փակման ռեժիմներին: Փաշինյանը հիշեցրեց՝ նախկինում փակման ռեժիմին են գնացել, որպեսզի այդ ընթացքում հասցնեն հիվանդանոցային կարողություններն ընդլայնել, մահճակալների քանակն ավելացնել, հիմա 300-ից հասցրել են 1500-ի:
Կարդացեք նաև
«Մենք մարտին ունեինք հաշվարկ՝ եթե մեզ մոտ իրադրությունը զարգանա իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում Հայաստանը կունենար 10 հազար մահ։ Մենք չգիտեինք, համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթանա ու եթե անկեղծ ասեմ՝ հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա՞, թե՞ չէ», – ասաց վարչապետը։
Նա նշեց՝ որքան էլ կառավարության ռազմավարությունը սահմանափակումների չգնալն է, ստիպված կլինեն գնալ դրան, եթե ախտանիշներով հիվանդներին ցուցաբերվող բուժօգնության կարողությունները սպառվեն, այսինքն, եթե պարզվի, որ կա ավելի քան 1500 ակտիվ, ախտանիշերով հիվանդ: Օրինակ, այսօր ակտիվ դեպքերը 2217 են, որոնցից միայն մոտ 600-ն են, որոնք որեւէ տեսակի բուժման կարիք ունեն, 6 քաղաքացի թոքերի արհեստական օդափոխության սարքով են:
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց երկարացնել արտակարգ դրության ռեժիմը եւս 30 օրով, այսինքն՝ արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչեւ հունիսի 13-ը: Ըստ որոշման հիմնավորման՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ