Կորոնավիրուսի համավարակը մեծ արագությամբ շարունակում է տարածվել աշխարհում։ Հայաստանը նույնպես բացառություն չի կազմում, և ամեն օր մեր երկրում հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում։ Դեռևս հնարավոր չէ ստույգ կանխատեսումներ անել, թե որքան կտևի համավարակի տարածումը։
Եվ համաճարակը կանխելուն ուղղված պայքարում պետք է հաշվի առնել, որ այն, բացի առողջապահական մասից, իր մեջ կրում է նաև տնտեսական լուրջ բաղադրիչ։
Քիչ չէ որ տնտեսության առանձին ճյուղերում վիճակն օրհասական է, և հարցական է, թե ինչպես են մեծ թվով տնտեսվարողներ շարունակելու իրենց գործունեությունը, իսկ բազմաթիվ քաղաքացիներ իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են, սրան գումարվում է նաև առողջապահական համակարգի կոլապսի վտանգը, որը կարող է ստեղծվել այն ժամանակ, երբ հիվանդների քանակն այնքան ավելանա, որ առողջապահական համակարգն ի վիճակի չլինի սպասարկել նրանց, ու շատ հիվանդներ բուժվեն տնային պայմաններում։
Եվ այսպիսի բարդ պայմաններում պետությունը պետք է կանխորոշի իր հետագա անելիքները։ Սակայն ի՞նչ մոտեցմամբ են առաջ շարժվում մեր իշխանությունները։ Կառավարությունը այս պայմաններում չի պատկերացնում, թե կոնկրետ ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է պայքարել վարակի տարածման դեմ։
Կարդացեք նաև
Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է վարակի տարածման դեմ ապակենտրոնացված պայքարի մասին, իսկ իրավիճակի հիմնական պատասխանատվությունը թողնում է քաղաքացիների ուսերին, որոնք պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները։
Եվ ինչպես պարզ դարձավ վարչապետի վերջին ուղիղ եթերից, իշխանությունները մտադիր են սահմանափակումներ կիրառել և իրավիճակից բխող քայլեր կատարել այն ժամանակ, երբ քաղաքացիները չպահեն հակահամաճարակային կանոնները։
Կարճ ասած՝ իշխանությունները սպասում են, որ իրավիճակը դառնա օրհասական, որից հետո միայն լուրջ քայլերի անցնեն։ Իսկ մեղավորը, միևնույն է, մնում է հասարակությունը: Սա արդեն զարմանալի չէ: Այս իշխանությունների պարագայում բոլորը մեղավոր են, այդ թվում՝ իրենց իշխանության բերածները, իսկ իրենք ուղղակի փրկիչներ են…
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: