Երեկ հայտարարվեց, որ Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը կառավարության նոր որոշման մասին չէ։ Ծածուկ ծառայությունը իրականացվելու է 2006 թվականի 1769-Ն որոշման հիման վրա, որտեղ նշվում են խառը և ծածուկ ծառայության մասին իրավակարգավորումները. «Այսինքն՝ այս գործիքակազմը եղել է 2006 թվականից, պարզապես չի կիրառվել կամ ինչ-որ ժամանակ գուցե կիրառվել է։ Միգուցե հիմա այդ իրավակարգավորումը որոշակի շտկումների կարիք ունի, քանի որ 14 տարի է անցել, բայց դա հայտնագործություն չէ»,- ասաց Ղահրամանյանը։
Անդրադառնալով ծառայության անհրաժեշտությանը՝ Ղահրամանյանը հիշեց 2018 թվականի հունվար ամիսը, երբ ՃՏՊ-ների պատճառով զոհերի թիվը զգալի աճել էր նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, և արդեն 2018 թվականի փետրվար ամսին ներդրվեցին շարժական արագաչափերը, ինչը կտրուկ նվազեցրեց փետրվար ամսվա զոհերի թիվը. «Դա այն ժամանակ պահանջված էր, դրական իմաստով շարժական արագաչափերը իրենց ազդեցությունը թողեցին։ Այժմ կրկին զգալի է, որ այն վայրերում, որտեղ չկա տեսախցիկ, վարորդների զգալի մասը պարտադիր իրավախախտում է իրականացնում։ Նույնիսկ դեպքեր են եղել, որ ոստիկանը արձանագրություն կազմելիս հարցնում է, թե ինչու է իրավախախտում թույլ տվել, իսկ վարորդը պատասխանել է, որ ինքը չգիտեր, թե այդ վայրում կարող էր ճանապարհային ոստիկան լինել։ Այսինքն՝ վարորդների մեծ մասը ցանկություն ունի իրականացնելու իրավախախտում այն վայրերում, որտեղ որ չկան տեսանելի վերահսկողական մեխանիզմներ։ Հետևաբար, հաշվի առնելով հատկապես վերջին շրջանում շատ նոսր երթևեկության պարագայում զոհերի թվի չնվազումը, կարծում եմ՝ ծածուկ ծառայության կարիքը կա, բայց թե որքանով այն արդյունավետ կլինի կամ արդյունավետ կլինի՞ առհասարակ, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում այս ծառայությունը իրենից ոչ մի բացասական բան չի ենթադրում»,- ասաց Ղահրամանյանը։
Ի դեպ, այս ծառայությունը գործում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: