Կառավարության այսօրվա նիստում հավանության կարժանանա արտակարգ դրությունը երկարացնելու մասին նախագիծը: Ըստ այդմ, Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով կրկին կերկարաձգվի:
Որպես հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:
Սակայն նախագծում փոփոխություններ են եղել: Օրինակ, եթե նախկինում սահմանափակում էին անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում, ապա այժմ կիրառվելու է հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում: Իսկ անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր արտահայտությունը փոխարինվել է անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում բառերով:
Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։