Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է դնում հեղափոխությանը «կողմ-դեմ» թեսթը

Մայիս 14,2020 10:00

Ցանկացած հեղափոխությունից հետո հաղթած հեղափոխականներն ասում են մոտավորապես հետեւյալը. «Նրանք, ովքեր դեմ են հեղափոխությանը, դեմ են նաեւ ժողովրդին, եւ, հետեւաբար, տեղ չունեն մեր հասարակության մեջ, չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, իրավունք չունեն իրենց կարծիքն արտահայտելու»: Ձեւակերպումները կարող են տարբեր լինել, բայց իմաստը դա է: Եվ տրամաբանությունն էլ է հասկանալի, քանի որ «մենք մարմնավորում ենք ժողովրդի կամքը, մեր գործունեության մեջ ինչ-որ բացասական երանգները փնտրելը հավասարազոր է ժողովրդի կամքին հակադրվելուն եւ, հետեւաբար, ի սկզբանե մերժելի է»:

Բայց այստեղ երկու հարց է առաջանում, որոնցից առաջինը հետեւյալն է՝ ի՞նչ է նշանակում «դեմ է հեղափոխությանը»: Ես այդ հարցն ինձ եմ տալիս. պետական ավանդույթների տեսանկյունից գերադասելի եմ համարում, որ իշխանությունը փոխվի միայն հերթական (եւ, բնականաբար, արդար) ընտրությունների միջոցով: Եվ այդ պատճառով, ի դեպ, կցանկանայի, որ այս իշխանությունը փոխվի միայն 2023 թվականին: Բայց ես հասկանում եմ, թե ինչու է տեղի ունեցել 2018-ի հեղափոխությունը, ինչն է առաջացրել քաղաքացիների արդար ցասումը, եւ դրա մասին բազմիցս գրել եմ: Դա հասարակական կյանքի օրինաչափություն էր, որին որեւէ մարդու «դեմ» կամ «կողմ» լինելն այս պահիս կարեւոր չէ:

Բայց ենթադրենք, մեր համաքաղաքացիներից որեւէ մեկը հայտարարում է՝ «ես դեմ եմ հեղափոխությանը»: Այստեղ գալիս է երկրորդ հարցը՝ ի՞նչ է, այդ դեպքում նա իրավունք չունի՞ իր կարծիքն արտահայտելու: Ինձ թվում է՝ ունի: Հեղափոխությունը կորոնավիրուսի վարակ չէ, որ թեսթ դնես ու որոշակի պատասխանի դեպքում արտոնես կամ չարտոնես մարդուն իրականացնել Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքները:

Բոլոր հեղափոխություններն առաջ են բերում նաեւ հեղափոխականների մեծամտություն եւ որոշակի արհամարհանք ինչպես գիտելիքի, այնպես էլ էթիկական կանոնների նկատմամբ: Եթե մարդիկ վստահ են, որ իրենց ձեռքն է հեղափոխությանը «կողմ-դեմ» լինելու թեսթը, ապա նրանք, ստացվում է, կարող են համապատասխան վերաբերմունք ունենալ նրանց հանդեպ, ովքեր, իրենց կարծիքով, այդ թեսթը չեն անցել: Վերջերս ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանի եւ իշխող կուսակցության պատգմավորների երկխոսությունը խորհրդարանում ինձ հիշեցնում էր բոլշեւիկյան հեղափոխությունից հետո «հին բուրժուական» իրավագիտության պրոֆեսորի եւ «Ավրորայի» նավաստիների զրույցը՝ «մենք ձեր համալսարանները չենք ավարտել, բայց մեզ բերել է ժողովուրդը, եւ քո փտած գիտությունը մեզ պետք չէ»:

…Առաջարկում եմ առաջիկա հանրաքվեում, բացի Հրայր Թովմասյանից, հարցերի մեջ ներառել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսին ու Մարդու իրավունքների պաշտպանին: Վստահ եմ, քվեարկողների մեծամասնությունը կողմ կլինի նրանց պաշտոնանկությանը: Իսկ ժողովրդի կամքը, ինչպես հայտնի է, ամեն ինչից վեր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Պարո՛ն Աբրահամյան, մի մոռացեք, որ իշխանությունները Ձեզ էլ են “շանս տվել փոխվելու”:

  2. Արթուր says:

    Այո, իսկապես հեղափոխական իշխանությունների ժամանակ արևը սկսել է ծագել արևելքից (միթե չեք նկատում, դա շատ էլեմենտար է Վաթսոն․․․), երևի դա վրիպել է մեր ուշադրությունից, կներեք մեզ, մեղավորներիս․․․․ Նրանք իսկապես արևին շանս տվեցին ընդհանրապես ծագելու․․․ Մենք բոլորս 24/24 և 7/7 պարտավոր ենք փառաբանել ամեն ասպարեզում գլխավոր/գերագույն մասնագետնրի թիմին։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031