Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. Ճանապարհապարեկային ծառայությունները տասնամյակներ շարունակ ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն են ունեցել. «Հայկական ժամանակ»

Մայիս 14,2020 09:00

Ճանապարհային ոստիկանության կողմից ծածուկ ծառայություն իրականացնելու մասին ոստիկանության հայտարարությունը երեկվանից քննարկումների ու դժգոհությունների պատճառ է դարձել։ Շատերի կարծիքով՝ ոստիկանության այս «թաքնված» օպերացիան պետական բյուջե գումար ավելացնելու միջոց է:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհապարեկային ծառայությունները տասնամյակներ շարունակ ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն են ունեցել։

«Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք, վարորդները ոստիկանության մեքենա կամ տեսախցիկ տեսնելով ձգտում են խախտում չանել, բայց, եթե տեսադաշտում ոստիկանություն չկա՝ բազմաթիվ խախտումներ են կատարում՝ անգամ խուլիգանական գործողությունների նմանվող խախտումներ։ Գիշերները, օրվա տարբեր ժամերին՝ դրիֆթներ են կազմակերպում, տրանսպորտային միջոցներով՝ բարձր արագությամբ հանրային համակեցության կանոններն են խախտում, ինչը մեր բնակիչների արդարացի դժգոհությունն է առաջացնում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մի պահ Երեւանի՝ Հարավարեւմտյան թաղամասում, Էրեբունի զանգվածում, Նորքի զանգվածում գիշերային ժամերին իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել։

«Խնդիրը այն էր, որ երբ ոստիկանությունը մոտենում էր՝ արդեն մարդ չկար, բոլորը հանդարտվում էին։ Իսկ ծածուկ ծառայության դեպքում կարող են կոպիտ ասած բռնել այդ մարդկանց»,- ասաց նա։

Պատգամավորը շեշտեց՝ ՃՈ տեսուչը պետք է պարտադիր լինի համազգեստով, իր վրա կրի բոլոր նշանները, վկայականը. «Պետք է ներկայանա այնպես, ինչպես ՃՈ մեքենայով կանգնեցնելու ժամանակ։ Պետք է մարդկանց մոտ ստեղծել այն մշակույթը, որ ցանկացած տեղ կարող է հայտնվել ոստիկանը եւ ամեն արարքի համար դու կարող ես պատասխան տալ։ Իսկ այսօր ի՞նչ ունենք, տեսնում են ոստիկան չկա՝ անում են այն ամենը, ինչ կարողանում են»։

Նա նշեց՝ ծածուկ ծառայություն իրականացնող ՃՈ ծառայողն ունի նույն լիազորությունները եւ հնարավորությունները ինչ ՃՈ մեքենաներով ծառայություն իրականացնողները. «Ոստիկանը նույնիսկ կարող է տուգանք չկիրառել, կարող է նախազգուշացնել անհրաժեշտության դեպքում։ Կարծում եմ թեթեւ խախտումների համար առաջին օրերին կզգուշացնեն»։

Խաչատրյանն ընդգծեց՝ խնդիրը տուգանելը չէ, իսկ ծածուկ ծառայությունը բավականին ծախսատար եւ մեծ ռեսուրս պահանջող ծառայություն է եւ այն տեսակետները, թե սրանով ուզում են բյուջե լցնել՝ անհիմն են. «Եթե անհրաժեշտ լինի ակտեր գրելու՝ սովորական տեսուչը կգրի եւ նախազգուշացումների փոխարեն արձանագրություններ կկազմեն։ Ծածուկ ծառայության ժամանակ 1-2 գրված արձանագրությունը ազդում է ընդհանուր ֆոնի վրա՝ բոլորը սկսում են զգուշանալ հանգամանքից, անկախ նրանից՝ ոստիկան կա, թե չկա։ Արդյունքում ունենում ենք նորմալ երթեւեկություն եւ տհաճ դրսեւորումների նվազում»։

Պատգամավորի խոսքով՝ կարգապահ վարորդին չպետք է հետաքրքրի, թե ոստիկանությունն իր ծառայությունն ինչ մեթոդներով է իրականացնելու։ Նա ասաց, որ զարգացած երկրներում՝ հատկապես եվրոպական երկրներում ծածուկ ծառայությունը գուցե եւ գերակշռում է բացահայտ ծառայությանը։

Խաչատրյանը նշեց՝ սա նորություն չէ, հեծանիվ չեն հորինել եւ դեռեւս 2006, 2007, 2010 թվականներին մի քանի անգամ կիրառել են, արդյունքներ են ունեցել. «Կարծում եմ ներկայումս դրա կիրառման անհրաժեշտությունը կա, որովհետեւ հանրային դժգոհությունը բավականին մեծ է, ճանապարհապարեկային ծառայության ուժերն ու միջոցները բավարար չեն, որպեսզի ամեն փողոցում, ամեն խաչմերուկում տեղակայվեն, որպեսզի հսկեն բոլոր վայրերը եւ անհրաժեշտ է, որ նաեւ ծածուկ ծառայություն իրականացնեն՝ դրանով կանխարգելելով բավականին մեծ քանակով իրավախախտումներ»։

Հարցին՝ բալային համակարգ ներդրվեց, տարբեր մեխանիզմներ է կիրառվում, սակայն ավտովթարների քանակը չի նվազում, արդյո՞ք սա այն գործիքն է, որը կկարողանա նվազեցնել, Խաչատրյանը պատասխանեց. «Գործիքները բազմաթիվ են եւ երբեւէ մենք չպետք է մտածենք, որ ահա՝ ինչ-որ միջոցառում անելով բոլոր հարցերը կլուծենք։ Միջոցառումները միշտ պետք է լինեն համալիր, միջոցառումները միշտ մի քանիսն են եւ կախված իրավիճակից գործիքակազմը փոխվում է։ Դա նորմալ պրոցես է։ Այդպիսի գործիք չկա, որը մենք կիրառենք եւ բոլոր հարցերը լուծվի։ Կարծում եմ նույնիսկ ուշացած է եւ վաղուց պետք է կիրառվեր այդ ծածուկ ծառայությունը»։

Նա ասաց, որ սրան զուգահեռ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներով եւս ծառայությունը շարունակվելու է, իսկ ծածուկ ծառայությունն իրականացվելու է ամբողջ ՀՀ մասշտաբով։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031