Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թաթոյանը կուլ չի գնա այդպիսի պատրաստված սադրանքների»

Մայիս 14,2020 14:00

Արման Թաթոյանի գլխին կուտակվում են նույն «սեւ ամպերը», ինչ Կարեն Անդրեասյանի գլխի՞ն էին

Երեկ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ իշխանական պատգամավորների «հարձակումները» հիշեցրեցին ոչ հեռավոր 2015թ.-ի հոկտեմբերը, երբ ԱԺ-ում Հայաստանի երրորդ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ներկայացնում էր ՄԻՊ-ի 2014թ. գործունեության եւ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ժամանակ ԱԺ քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, քարը քարին չթողեց քննադատելու Անդրեասյանին, ընդհուպ բանը հասավ Անդրեասյանի անձին ուղղված վիրավորանքներին ու հանդիմանություններին, որն ամփոփվեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտնի կոշտ ելույթով: Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորս գիտենք՝ օմբուդսմենը հրաժարական տվեց:

Եվ հիմա՝ հեղափոխությունից հետո գրեթե նույն պատկերն է, այս անգամ՝ իմքայլականներն են Արման Թաթոյանի դեմ:

Այնպես է ստացվել, որ Հայաստանի Մարդու իրավունքների բոլոր 3 պաշտպանները իրենց պաշտոնը լքել են պաշտոնավարման ժամկետի ավարտից շուտ: Եթե առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դեպքում դա կարելի է զոռով պաշտոնից ազատում համարել, որովհետեւ դռները փակում էին, նա գնում էր աշխատանքի ու ասում էր, որ հրաժարական չի տալու, երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանի դեպքում դա բացատրվեց ավելի լավ պաշտոնի անցնելու՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու հանգամանքով, ապա երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը որեւէ բացատրություն անգամ չգտավ՝ իր հրաժարականը մեկնաբանելու համար, ինչը որակվեց որպես ներկուլիսային քաղաքական պարտադրանք:

Սպառնո՞ւմ է արդյոք չորրորդ պաշտպանին՝ Արման Թաթոյանին նույն ճակատագիրը՝ «Առավոտը» այս թեմայով խոսել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ, իմքայլական Սարգիս Խանդանյանի եւ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ: Վերջինս ասաց. «Չեմ կարծում, որ Թաթոյանի մտքով անգամ կանցնի կրկնել ինձ համար վերին աստիճանի անընդունելի Անդրեասյանի քայլը: Ինչպես չի ստացվել Վեհափառին, Սահմանադրական դատարանին հնազանդեցնել, նույն ձեւ չի ստացվելու եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Թող չմոռանա այդ խումբը, որ մարդու իրավունքների հաստատությունը, որը միաժամանակ եւ ազգային մեխանիզմ է դաժան վերաբերմունքի կանխարգելման, դա ոչ միայն ՀՀ կառավարման համակարգի մի մաս է, այլ նաեւ եվրոպական: Լավ, լավը չեն Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները, թեկուզ ամենավատն էլ լինի, իշխանությունները պետք է հետեւեն դրանց, մինչեւ կփոխեն: Բայց միջազգային նորմերը, սկզբունքներն ու ինստիտուտնե՞րն էլ են բոլորը սխալ: Կներեք, դա ի՞նչ ինքնահավանության հիվանդագին աստիճան է, որ իրենք կարծում են՝ միջազգային ինստիտուտներն էլ են զրո իրենց անգրագիտության դիմաց: Պարզապես համոզված եմ, որ Թաթոյանը կուլ չի գնա այդպիսի պատրաստված սադրանքների եւ այդ ինստիտուտի բարձր հեղինակությանը հարիր կշարունակի իր գործունեությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ Թաթոյանին գոտեպնդելով՝ «պինդ կացեք»:

Սարգիս Խանդանյանին հարցրեցինք՝ երբ գլխադասային հանձնաժողովում օմբուդսմենի զեկույցը քննարկվեց, դուք ոչ մի դժգոհություն չարտահայտեցիք, ի՞նչ պատահեց հետո, որ ԱԺ լիագումար նիստում իշխանականների եւ ՄԻՊ-ի հարաբերությունները այսպես լարվեցին: Նա պատասխանեց. «ՄԻՊ-ի հետ համագործակցությունից եւ զեկույցից ընդհանուր առմամբ գոհ ենք: Բայց, այնուամենայնիվ, կային որոշակի դրվագներ, որ կատարելագործվելու, հետագա զեկույցներում բարելավելու անհրաժեշտություն կար: Հանձնաժողովի քննարկման ընթացքում եւս եղան որոշակի հարցեր: Մենք պիտի արձանագրենք, որ զեկույցում պիտի ընտրողաբար չմոտենան դեպքերին ու արձագանքեն, այլ բոլոր դեպքերի ու բոլոր իրավունքների խախտումների մասով պետք է համաչափ արձագանք լինի…Ես չեմ կարծում, որ լարվածության հարց կար: Եղավ որոշակի լարված խոսք, լարված արձագանք, ինչից պետք է խուսափենք»:

Հարցին՝ կարմիր թելի նման իշխանականների ելույթում անցնում էր այն միտքը, որ Թաթոյանը խտրական վերաբերմունք ունի, այսինքն, օմբուդսմենն այսօր դիտարկվում է որպես նախկին իշխանությունների օրոք, նախկին ԱԺ-ի կողմից ընտրված անձ, դիտարկվում է ոչ յուրային, դրա՞ համար է այս լարվածությունը՝ Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակ: Մենք գիտակցում ու հասկանում ենք, որ օմբուդսմենի ինստիտուտն անկախ է, նաեւ հստակ գիտենք, որ օմբուդսմենի ինստիտուտին պետական մարմինները դիմելու հնարավորություն չունեն եւ ոչ էլ ակնկալում ենք, որ պետական պաշտոնյաներին ՄԻՊ-ը պետք է պաշտպանի այլ պետական պաշտոնյաներից, օրինակ: Բայց նաեւ կոնկրետ դեպքերի առումով, երբ խոսքը վերաբերվում է ոչ թե պետական պաշտոնյայի գործունեությանը եւ նրա աշխատանքին, նրա լիազորությունների շրջանակին, այլ նրա սեռին, օրինակ, կոնկրետ Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի կողմից անհաջող մեկնաբանությանը, մենք տվյալ դրվագում ակնկալում ենք, որ ՄԻՊ-ը կարձագանքի, ինչպես բոլոր դեպքերին է արձագանքում»:

Երբ հիշեցրինք՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պատմությունը սկսվեց ԱԺ-ում իր զեկույցից ու իշխանականների հարձակումներից, կարելի է զուգահեռներ տանել Թաթոյանի հետ կատարվածի միջեւ ու կարո՞ղ ենք ասել, որ հիմք է դրվում նաեւ այս պաշտպանին հեռացնելու՝ Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես զուգահեռներ չեմ կարող անցկացնել, որովհետեւ ի տարբերություն նախորդ իշխանությունների եւ նախորդ պաշտպանների փոխհարաբերությունների բնույթի, մեր կառավարող ուժի եւ ՄԻՊ-ի փոխհարաբերությունները միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը: Իսկ նախկինում մարդու իրավունքների խախտումներով հիմնականում զբաղված էին իշխանությունները եւ, բնականաբար, իշխանություններին դուր չէր կարող գալ ՄԻՊ, որն արձանագրում է այդ խախտումները: Մենք փորձում ենք համագործակցել եւ դա շատ լավ ստացվում է մեր մոտ: Ես այստեղ որեւէ նախադրյալ չեմ տեսնում, որ մեզ դուր չի գալիս ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանը եւ մենք նախադրյալ ենք ստեղծում, որ նա հեռանա: Այդպիսի մտադրություն չկա եւ չի էլ կարող լինել»:

Փոխանցեցինք՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ԱԺ-ի երեկվա քննարկումներին հետեւել է այնքան, որքան թույլ է տալիս իր էթիկական դաստիարակությունը, նրան բնավ դուր չէր եկել իշխանականների պահվածքը ու իր դիտարկմամբ՝ սա փորձ է հլու-հնազանդ դարձնելու օմբուդսմենին, դուք դա չե՞ք նկատում՝ Խանդանյանը պատասխանեց, որ բացարձակ ոչ. «Շատ նորմալ, առողջ քննարկում է տեղի ունեցել: Ես չգիտեմ, թե որտեղ է գտնվում Լարիսա Ալավերդյանի էթիկական դաստիարակությունը, բայց ԱԺ նիստը եթե վերանայենք, շատ նորմալ ելույթներ են եղել: Բնականաբար, մենք քաղաքական գործիչներ ենք եւ կարող ենք սուր քաղաքական գնահատական հնչեցնել այս կամ այն երեւույթի նկատմամբ, այնուամենայիվ, այդ ամեն ինչը տեղի է ունեցել առողջ մթնոլորտում: Ես կարծում եմ, վերջին 1,5 տարվա ընթացքում սա լավագույն քննարկումներից մեկն էր ԱԺ-ում, երբ ՄԻՊ-ի ինստիտուտը իրապես կարեւորվեց ու միասին փորձեցինք վերհանել խնդիրները»:

Ճշտեցինք՝ որ ասում է՝ առողջ մթնոլորտում քննարկվեց, իր գործընկերոջ՝ Վաղարշակ Հակոբյանի այն տոնը, որով դիմեց օմբուդսմենին, նորից նորմալ ու առո՞ղջ էր՝ Խանդանյանը պատասխանեց լղոզված. «Մենք պետք է փորձենք մեր խոսքը հնչեցնելիս ավելի հանդուրժող վերաբերվենք երեւույթներին ու քննարկվող թեմային: ԱԺ նախագահը արձանագրեց դա եւ գնահատական տվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031