Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրենքով լրացուցիչ վերապատրաստում անցնելը դիտվում է բացառապես որպես կարգապահական տույժ, մինչդեռ գործ ունենք արտոնագիրը վերականգնելու հետ

Մայիս 14,2020 13:00

Արթուր Ղամբարյանը դիմել էր վարչական դատարան, խնդրելով` վերացնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 06.02.2019թ. թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետը: Այս մասին անդրադարձել էինք դեռ անցյալ տարվա փետրվարի  21-ին («Դատարանում է փաստաբան Արթուր Ղամբարյանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի»):

ՀՀ վարչական դատարանի դատավոր Գեւորգ Սոսյանը 2019թ. փետրվարի 18-ին որոշում է կայացրել հայցադիմումը վերահասցեագրելու մասին: Ըստ դատարանի, այն ընդդատյա է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին: Նոյեմբերի հինգին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը որոշում է կայացնում դարձյալ վերահասցեագրելու մասին, այս դեպքում` հայցվոր «դատարանին»: Ա. Ղամբարյանը դիմում է վերաքննիչ վարչական դատարան, դատավոր Արթուր Պողոսյանը մերժում է այն վարույթ ընդունել: 77 էջանոց բողոքն ուղարկվում է Վճռաբեկ դատարան, հունիսի  19-ին Վճռաբեկը նույնպես մերժում է բողոքը վարույթ ընդունել: Հուլիսի 30-ին վերաքննիչ վարչական դատարանը` Կ. Չիլինգարյանի նախագահությամբ, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է: Հայցվորը կրկին դիմում է Երեւան քաղաքի դատարան, կրկին գործը այս տարվա հունվարի քսանչորսին մերժվում է: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ է այս գործը, Արթուր Ղամբարյանը երեկ ասաց, թե նիստի օրը դեռ հայտնի չէ:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին արտոնագիրը վերականգնելու համար դիմած Արթուր Ղամբարյանի համար «լրացուցիչ վերապատրաստում» ձեւակերպումն է օգտագործվել,  որը ըստ Ա. Ղամբարյանի` ընկալվում է որպես կարգապահական տույժ, դրանով իսկ կասկածի տակ դնելով իրավաչափ վարքագիծ դրսեւորած իր` փաստաբանի պատիվն ու բարի համբավը:

«Փաստաբանների վերապատրաստման կարգի համաձայն՝ փաստաբանի համար նախատեսում է պարտականություն Պալատի խորհրդի սահմանած ժամանակաշրջանում իր հաշվին լրացուցիչ անցնելու վերապատրաստման դասընթացներ: Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներից ուսումնական հաստատությունում աշխատելու կամ որեւէ այլ հիմքով ազատելու հնարավորություն Փաստաբանների վերապատրաստման կարգով նախատեսված չէ»,-իր հայցադիմումում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, փաստաբան Արթուր Ղամբարյանը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ նա անցյալ տարվա հունվարի 31-ին դիմել է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդ հետեւյալ խնդրանքով՝ 1) վերականգնել փաստաբանական գործունեության թիվ 1759 արտոնագրի գործողությունը. 2) տրամադրել արտոնագրի կրկնօրինակը. 3) ազատել վերապատրաստման դասերից՝ նկատի ունենալով, որ դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

Սակայն ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2019թ. փետրվարի 6-ի թիվ 3/4-Ա որոշմամբ սահմանել է. «Փաստաբան Ա. Ղամբարյանը պարտավոր է 32 ամսվա ընթացքում իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթաց՝ 104 ակադեմիական ժամ ժամաքանակով (կասեցված յուրաքանչյուր ամսվա համար 2 ակադեմիական ժամ՝ 52*2), ըստ ժամանակացույցի»:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նշյալ որոշման «Վերապատրաստման դասընթացից ազատելու հարցի վերաբերյալ» բաժնում սահմանված էր նաեւ. «Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգը … կարգավորվում է Պալատի խորհրդի 18.12.2014թ. 35/8-լ որոշմամբ հաստատված՝ «Փաստաբանների վերապատրաստման կարգի» դրույթներով: Այդ կարգի 16-րդ կետի համաձայն՝ արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթացներ՝ կասեցված յուրաքանչյուր ամսվա համար 2 ժամ ժամաքանակով: Դասընթացներ անցնելու ժամանակաշրջանը սահմանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը»: Սահմանադրության հոդված 39-ով` Մարդու ազատ գործելու իրավունքը, սահմանված է. «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

Ըստ գիտնական-իրավաբանի` հայցվորի, որը տասնյակ մասնագիտական գրքերի հոդվածների հեղինակ է, ցանկացած մասնագետ, անկախ գիտական կոչման եւ գիտական աստիճանից, կարիք ունի վերապատրաստման եւ ինքնազարգացման եւ որ ինքն է ծրագրում, տնօրինում սեփական նախաձեռնությամբ մասնակցել փաստաբանների ընդհանուր վերապատրաստման ծրագրով նախատեսված մի շարք դասընթացների, մասնավորապես,  փաստաբանական դեոնթոլոգիա, փաստաբանական տակտիկա եւ այլն:

Այո, արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ, սակայն ըստ հայցվորի` տարբերվող ժամաքանակով. «Տվյալ դեպքում՝ խորհուրդը իրավասու չէ իմ` հայցվորիս վրա դնել «լրացուցիչ վերապատրաստում անցնելու» ձեւակերպմամբ օրենքով չնախատեսված պարտականություն: Հայցվորը պետք է վերապատրաստում անցնի ընդհանուր կարգով՝ որոշակի ժամաքանակի առանձնահատկություններով:

Խորհուրդն իր ներքին կամ անհատական իրավական ակտերում արտոնագիրը վերականգնած փաստաբանի՝ վերապատրաստում անցնելու պարտականությունը ձեւախեղել է «լրացուցիչ վերապատրաստման» ռեժիմ սահմանելով: Այս պարագայում խնդիրը ոչ թե զուտ իրավական տեխնիկայի կանոնների խախտումն է կամ իրավական հասկացությունների ոչ ճիշտ գործածությունը, այլեւ այն, որ մարդու վրա դրվում է օրենքով չնախատեսված պարտականություն, որը տվյալ դեպքում հանգեցրել է նաեւ հայցվորի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի խախտման: Բանն այն է, որ օրենքով լրացուցիչ վերապատրաստում անցնելը դիտվում է բացառապես որպես կարգապահական տույժ, որը նշանակվում է կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի նկատմամբ»:

Ա. Ղամբարյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել երկու՝ «վերապատրաստում»  եւ «լրացուցիչ վերապատրաստում» իրավական հասկացությունների վրա:

Ըստ նրա, «Օրենքով նախատեսված «վերապատրաստում» եւ «լրացուցիչ վերապատրաստում» իրավական հասկացություններն ունեն էապես տարբեր իրավական բնույթ, բովանդակություն: Օրենքի իմաստով՝ վերապատրաստումը փաստաբանի պարտականությունն է, որի նպատակը փաստաբանների հմտությունների, գիտելիքների եւ մասնագիտական պատրաստվածության բարձրացումն է (Օրենքի 19-րդ, 38-րդ հոդվածներ): Օրենքի իմաստով՝ լրացուցիչ վերապատրաստման դասընթացին մասնակցելը կարգապահական տույժի տեսակ է (Օրենքի 39.9.-րդ հոդված)»:

«Օրենքի իմաստով լրացուցիչ վերապատրաստումը կարգապահական տույժ է: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը կանխորոշել է լրացուցիչ վերապատրաստման իրավական ռեժիմը, այն դիտելով որպես կարգապահական տույժի տեսակ, որը կարող է կիրառվել կարգապահական խախտում կատարելու հիմքով: Խորհուրդը՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձի մարմին, իրավասու չէ ոչ ներքին իրավական ակտերով, ոչ էլ անհատական ակտով փոխելու օրենսդրի կողմից կանխորոշված լրացուցիչ վերապատրաստման իրավական ռեժիմը»,-նշել էր նա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031