Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնսերվատորիան ամենազգայուններից է առցանց ուսուցման կազմակերպման հարցում»

Մայիս 14,2020 12:30

Կարծում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը

Պանդեմիան իր օրենքները թելադրեց նաեւ ուսումնական հաստատություններին։ Վերջիններս անցան հեռավար ուսուցման, շուտով կսկսվեն ամփոփիչ, փոխադրական եւ ընդունելության քննությունները, որոնք կանցկացվեն նույնպես հեռավար ձեւաչափով։ Եթե համալսարանական հաստատություններում հեռավար կոչվածը այնքան էլ խոչընդոտներ չառաջացրեց, ապա նույնը չենք կարող ասել մշակութային կրթական հաստատությունների մասին։ Այդ մասին «Առավոտին» հայտնել են ճանաչված շատ արվեստագետներ։ Ուսուցման մասնագիտական առանձնահատկություններով կոնսերվատորիական կրթությունը մշտապես տարբերվել է նույնիսկ մշակութային մյուս բուհերից հենց թեկուզ անհատական մոտեցումներով, յուրաքանչյուր ուսանողի հետ տարվող անհատական պարապմունքներով եւ այլն։

«Առավոտը» կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանից հետաքրքրվեց ստեղծված իրավիճակում բուհի բազմազան խնդիրների, այդ թվում՝ ոչ միայն ուսումնական ընթացքին վերաբերող, հաղթահարելու նախաձեռնությունների եւ ընթացքի մասին։

Ներկայացնում ենք ռեկտորի խոսքը առանց միջամտության։

«Անցյալ տարվա մեկնարկը համավարակի պատճառով արգելակվեց: Այդուհանդերձ, սկսվեց վիրտուալ կոնսերվատորիայի ձեւավորման գործընթացը: Տեսական մասնագիտացումների մասով կարելի է հաջողված համարել համացանցով կազմակերպվող դասընթացները, կատարողական մասնագիտացումների մասով` անհնարին: Ընդունվեցին դասընթացների եւ քննությունների անցկացման ձեւաչափերի փոփոխությունների որոշումներ, որոնք բավականին ցավոտ ընդունվեցին: Անհնարին է հետաձգել ավարտական քննությունները՝ հաշվի առնելով զինակոչի եւ մագիստրոսական ռոտացիաների անհետաձգելիության հանգամանքները: Շուտով կսկսվի ուսանողների տեսաձայնագրությունների հավաքագրումը, ինչը եւ կներկայացվի քննական հանձնաժողովներին:

Ընդունելության երեք ներբուհական քննությունների փոխարեն միայն մասնագիտական քննությամբ ընդունելության հետ հաշտվելը կոնսերվատորիայի համար չափազանց սթրեսային էր, որովհետեւ չկա ընդունելության համար նախնական երաժշտական կրթության մասնագիտական պարտադիր պահանջ եւ միայն ընդունելությամբ է ստուգվում դիմորդի տեսական գիտելիքը: Նախկինում կոնսերվատորիա էին ընդունվում 9-11 քննությամբ: Որոշում ընդունվեց 2021թ. հունվարին անցկացնել տեսական գիտելիքների խստացված ստուգարքներ: Այնպես որ, բուհը չի պատրաստվում իջեցնել իր մասնագիտական պահանջները եւ համեմատաբար հեշտ ընդունելությանը կհետեւի խիստ քննական կիսամյակային զտում:

Փոխադրական քննություններից որոշները եւս անհնարին է առցանց կազմակերպել, ուստի այդ քննությունները կհետաձգվեն մինչեւ սեպտեմբերի վերջ:

Անչափ դժվար է վարձավճարների հավաքագրման հարցը (հիմնականում սոցիալական պատճառներով), ինչը մեղմեց կառավարության աջակցության 14-րդ միջոցառումը: Ցավոք, այս կետի հետ կապված եւս ներկայումս կան ներբուհական խնդիրներ:

Կոնսերվատորիայի վարչական մասը այս ընթացքում աշխատել է գերծանրաբեռնված: Փորձել ենք կազմակերպել փոփոխությունների հնարավորինս ընդունելի տարբերակներ, դասախոսների փոխարինումներ, որովհետեւ կան դասախոսներ, ովքեր չեն կարող առցանց աշխատել մի շարք պատճառներով:

Նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց կարիքավոր դասախոսների օգնություն:

Աշխատավարձերի վճարման խնդիրներ դեռեւս չկան, բայց վարձավճարների հավաքագրման ներկայիս վատ ցուցանիշները հետագայում կարող են խնդիրներ առաջացնել: Կոնսերվատորիան ամենազգայուններից է առցանց ուսուցման կազմակերպման հարցում:

Այս ուսումնական խնդիրներին զուգահեռ պաշտոնապես գրանցվեց «ԵՊԿ-ի բարեկամներ» հիմնադրամը:

Ընթացքում է նոր ԵՊԿ կայք-էջի ստեղծումը: Պետական դրամաշնորհային ծրագրի հաստատմամբ օպերային ստուդիան կսկսի իր նոր բեմադրական կյանքը:

Ընթանում են կոնսերվատորիայի շենքի նախագծային-նախահաշվարկային աշխատանքները՝ կապված առաջիկա վերանորոգման հետ:

Ընթանում են գործիքների ձեռքբերման ծրագրերի հետ կապված աշխատանքներ: Վերանորոգվում են գործիքներ: Սկսված են գրադարանի թվայնացման ծրագրին ուղղված մեծամասշտաբ աշխատանքները:  Տպագրվեց Մ. Տերյանի 80-ականներից հետաձգված «Հայ խմբերգային երաժշտություն» ուսումնական ձեռնարկը: Անցկացվեց առցանց կոմպոզիտորական մրցույթ:

Ապրիլի 24-ի ոգեկոչման ողջ համերգի մասնակիցներն էին ԵՊԿ-ի նախկին եւ ներկայիս շրջանավարտները:

Ընթացքի մեջ է կոնսերվատորիայի հավատարմագրման գործընթացը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում կոնսերվատորիայի բոլոր դասախոսներին եւ վարչակազմին այս դժվարին օրերի բարդություններն ու պատասխանատվությունը կիսելու եւ նախաձեռնող լինելու համար»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031