Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու փակվեց «վագրերի դրախտը»

Մայիս 14,2020 12:00

Թաիլանդը հայտնի է եղել իր «վագրերի դրախտով»՝ վագրերի մենաստանով, որը իր կողմն էր գրավում հազարավոր տուրիստների:

Այստեղ այցելողները կարող էին  ոչ միայն շշով կերակրել փոքրիկ վագրերին, անգամ լողանալ վայրի գազանների հետ:

Սակայն եղավ մի շրջան, որ «վագրերի մենաստանը» հայտնվեց սկանդալի կիզակետում:

kulturologia.ru-ն նշում է, որ այդ մենաստանի վերաբերյալ առայսօր հակասական տեղեկություններ են տարածվում սոցցանցերում:

Խոսքը բուդդիստական  Վատ Լա Լուանգտա Բուա Յանասամպանո մենաստանի մասին է, որը հատկապես հայտնի դարձավ 2000-ականների սկզբներին: 1994թ. թաիլանդական Խուն ընտանիքը հողատարածք էր հատկացրել նոր մենաստան հիմնադրելու համար, որը գտնվում էր արգելոցային տարածքում: Մենաստանն էլ  շատ շուտով դարձավ  ապաստարան ոչ միայն ճգնավորների ու հավատացյալների, այլեւ վայրի գազանների համար: Հետագայում այստեղ հայտնվեցին վագրեր, սիրամարգեր, վայրի խոզեր, զանազան գազաններ:

1999թ. գյուղացիները հոգեւորականների մոտ բերեցին վիրավոր վագրիկի, որն առանց ծնողների էր մնացել: Ձագուկը սատկեց, քանի որ արնաքամ էր եղել, բայց հետագայում վագրի այլ ձագեր եւ այլ գազաններ  նորից բերվեցին եւ  պահ տրվեցին մենաստանին: Դրանք կամ որսագողերի պատճառով վիրավորված գազաններ էին, կամ ուղղակի գյուղացիներն այլեւս չէին ցանկանում պահել:

2011թ. արդեն 85 վագր կար այստեղ, նրանց կեսը ձագեր էին: Վագրերին կերակրում էին հիմնականում կատուների չոր կերով եւ հավի մսով: Տաճարի ծաղկման շրջանում օրական  300- 600  զբոսաշրջիկ էր այցելում այստեղ, եւ այս բիզնեսը տարեկան 5,7  միլիոն դոլարի եկամուտ էր բերում տաճարին: Աստիճանաբար բուդդիստական տաճարը սկսում էր վերածվել կենդանաբանական այգու, որն աշխատում էր առանց արտոնագրի եւ, բնականաբար, պետք է հայտնվեր իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Care for the Wild International  կազմակերպությունը  բազմաթիվ տվյալներ էր հավաքել յուրատեսակ կենդանաբանական այգու ոչ բարվոք վիճակի, կերը չհերիքելու, կենդանաբույժ մասնագետների ոչ բավարար թվի վերաբերյալ: Նաեւ տեղեկություններ կային, որ գազաններին թմրանյութեր են տալիս, որպեսզի  դրանք ավելի խաղաղ լինեն այցելուների հետ եւ չհարձակվեն նրանց վրա: Բնապահպաններն ու կենդանիների իրավունքներով զբաղվող  39 կազմակերպություններից բաղկացած կոալիցիան ի վերջո դիմեց Թաիլանդի ազգային պարկի գլխավոր տնօրենին, որտեղ ասվում էր, որ վագրերը համապատասխան հոգածության չեն արժանանում, եւ բուդդիստական տաճարը զբաղված է նրանց անօրինական վաճառքով: 2016թ. վագրերին տեղափոխեցին կենդանաբանական այգի եւ արգելոցային տարածքներ: Բնապահպանները նաեւ տասնյակ  սատկած վագրերի  գտան  տաճարի անասնաբուժական սառնարաններում, իսկ հոգեւորականներն արդարացել էին, թե գազանները մահացել են բնական մահով:

2017թ. գարնանը նորից տեղեկություններ տարածվեցին, որ սկանդալային  գազանանոցի տեղում կրկին կենդանաբանական այգի է բացվելու, այս անգամ՝ օրինական: Սակայն այդ գործընթացը ինչ-որ պահի կանգ առավ: Այսօր էլ Թաիլանդը հայտնի է իր տարածքներով ու յուրահատուկ տաճարներով, որոնք զբոսաշրջիկների սիրելի այցելավայրերից են:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031