Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ բռնությունը չի դատապարտվում, հետևաբար՝ բռնության մշակույթը շատ լավ տեղ ունի այսօր Հայաստանում
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանին չորեքշաբթի Հատուկ քննչական ծառայություն էին հրավիրել ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին։
«Դուք գիտեք, որ գլխավոր դատախազությունը տեսանյութերի հիման վրա նյութեր է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, և այսօր ծանուցվել եմ՝ դատաբժշկական փորձաքննության մասին որոշում է կայացվել։ Սկզբից գնացել եմ դատաբժշկի մոտ, հետո եկել եմ այստեղ, բացատրություն եմ տվել»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ ներկայացրել է այն ամենը, ինչ երևում է տեսանյութերում. «Իմ ակնկալիքը ավելի շատ քաղաքական է։ Ես իմ ելույթում էլ եմ ասել՝ հարցը քաղաքական է, քաղաքական հետևանք պետք է ունենա, որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, դա կարող է կրկնվել։ Եվ ամեն պատգամավոր ելույթ ունենալուց առաջ կարող է մտքով անցկացնել, որ կարող է իրեն խփեն, բռնություն կիրառեն իր հայտնած կարծիքի, իր հայտարարությունների համար»։
Կարդացեք նաև
Պատգամավորի կարծիքով՝ բռնությունը չի դատապարտվում, հետևաբար՝ բռնության մշակույթը շատ լավ տեղ ունի այսօր Հայաստանում։ Հարցին, թե արդյոք մանդատները վայր դնելու հարցը քննարկվո՞ւմ է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Չէ, որովհետև իրենք ամեն ինչ անում են, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ, ինչը, բնականաբար չի ստացվի։ Այսինքն՝ ուզում են, որ ընդդիմությունը իր մանդատները վայր դնի, որ իրենք ի՞նչ անեն, երկիրը ուզո՞ւմ են բռնապետություն դարձնել։ Ծեծ կերած մարդկանցից պահանջել մանդատ վայր դնել, երևի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան։ Դա ամբողջատիրական մտածողության հարց է, ինչի մեջ այսօր մեր իշխանություններն են»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ