Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք փոխվել

Մայիս 13,2020 21:45

Հայերս շատ ենք սիրում մեր մասին ձոնված տարբեր գովերգություններ․ «բազմաչարչար, աշխատասեր, տաղանդավոր և այլն»։ Հատկապես հալվում ենք, երբ օտարազգի «հայասերներն» են փառաբանում  մեզ։

Եվ անտեսում ենք մեր իսկ քննադատական կարծիքները մեր բնավորության մասին;

Հայ հասարակության արատների  մասին,  հայտնի է, որ  առաջին անգամ գրել է Մովսես Խորենացին, իր հանրահայտ «Ողբ» -ում։

Հետագայում այս հարցին անդրադարձել են շատերը՝ Ղևոնդ Ալիշան, Վահան Տերյան և , իհարկե Հովհաննես Թումանյան։ Թերևս , եթե մենք հետևեինք  մեծն  Թումանյանի ուղերձներին, այժմ համոզված եմ բոլորովին այլ հասարակություն և պետություն կունենայինք։ Հիշենք «Դառնացած Ժողովուրդ» (1910թ․) հոդվածից հետևյալ հատվածը․ «Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Երեկ մայրս`Բյուրակն Չերազը, հայտնաբերեց արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանի «Ազգի դավաճաններին»  բանաստեղծությունը։ Զարմանալի է, թե  սփյուռքահայը ինչպիսի խորությամբ է հասկացել մեր հասարակության արատները։

Կարծում եմ այս բանաստեղծության վերահրապարակումն այժմ շատ արդիական է։ Հեղափոխության «ամենադրական» երևույթը մեր հասարակության իրական դեմքերի բացահայտումն էր։

ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ

Ալիսա Կիրակոսեան

Թէ ինչու՞ ՝

տխրութիւնս խտացել

Ինչու՞ ամբողջովին բողոք եմ դարձել․․․

 

Մարդու հասակն է

ցուցադրւում ամէնուր

Որի հոգին

ընկել է մթում

ու այլևս չի որոնում

մի շող աստղափայլ

 

Նա կորցրել է

Կերպարն ազնւութեան

կառչել է շահերին

գոյն է փոխում ամէն օր

քծնում է ու ծախու հանում

իրավունք ու խոստում

մաքրութիւն ու խիղճ։

 

Նրա համար

սկզբունք

հաւատարմութիւն

զգացում

պարկեշտութիւն

աճուրդի են հանվուած

ու պոռնիկի նման

յանձնւում է

շահու փոխարէն։

 

Սուտը դարձնում է միջոց

դավաճանութիւնը՝ ճանապարհ

ու շքեղ պաշտօնի

կամ դիրքի ետին թաքնուած

ցուցամոլութեամբ գինով

ուժ է շռայլում

և լցնում է յանուն ազգի՝

բեմերը սնանկ։

 

Նա կեանքն է ապականում

ոլորում է ալիքները նախանձի

արհամարհում ՝ տկարին

հալածում տաղանդին

ու թքում է լրբօրէն

բոլոր սրբութիւններին։

Լինի նա

խմբագիր

հոգեւորական

ազգային գործիչ

ձախող արուեստագէտ

թե տգէտ և թունաւոր կեսուր՝

նոյն է խաւարը հոգու

և էութիւնների բառարանում

նա միքրոպ ՝ կոչւում։

 

Թէ ինչու՞ է

տխրութիւնս խտացել․

ինչու՞ ամբողջովին

բողոք եմ դարձել․․․

 

Պարզ այն պատճառով

Որ անարմատ մարդն այն

հայ է  է կոչւում

ինձ նման։

Կարծում եմ բանաստեղծության տողերում տեսաք այսօրվա շատ քաղաքական-հասարակական գործիչների, լրագրողների, վերլուծաբանների։ Արդյոք, նրանք իրենք  իրենց տեսա՞ն, թե՞․․․

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031