Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Իրանն անհանգստացած Երևան-Թել Ավիվ ձևավորվող բարեկամական հարաբերություններից

Մայիս 13,2020 23:03

2020 թ․-ի հունվարի 21-23 Իսրայել կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 22-ին այցելեց Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրան հյուրընկալեց Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը:

Իսրայելի Կնեսետում ունեցած ելույթում Հայաստանի նախագահը՝ կարևորեց Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը Հայաստանի հետ։

Անդրադառնալով պատմության նման էջերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությունները տպավորիչ են, և դրանք հուշում են, որ պետք է մտածել ապագայի մասին․ «Կարող ենք համատեղ ստեղծել այդ ապագան և՛ որպես երկու պետություն, և՛ որպես երկու ժողովուրդ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաև Իսրայելը։ Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար։ Հայաստանը կարևորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ։ Ես, որպես նախագահ, նախաձեռնություն ունեմ Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիական հանգույց, քանի որ մենք ունենք մի շարք առավելություններ դա անելու համար։ Մեր երկրում կան բարձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորման ոլորտում ունենք լավ կրթական ծրագրեր»:

ՀՀ նախագահի այցն Իսրայել և նրա ելույթների ընթացքում հնչեցված գաղափարներն ու միտումները հայ-իսրայելական հարաբերությւոնների ընդլայնման վերաբերյալ, ոչ մի կասկածի տեղիք չի տալիս, որ Հայաստանը, որպես նորանկախ և փոքր երկիր, ունի մեծ պոտենցիալներ զարգանալու և բարգավաճելու համար, օրինակ վերցնելով պատմության ընթացքում իր նման փոքր պետություններից՝ ինչպիսիք են Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լույքսենբուրգը և մեզ առավել նման պատմական փորձություն անցկացրած Իսրայել պետությունը։

2019 թ․-ի սեպտեմբերի 19-ին Հայաստանի կառավարությունը որոշեց, որ Հայաստանը դեսպանություն կստեղծի Իսրայելի մայրաքաղաք, Թել Ավիվում։

«Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունը ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա: Դեսպանություն ստեղծելը միտված է ապահովելու Հայաստանի պետական մակարդակով բազմադարյա հայկական ներկայությանը մասնակից լինելը», – Հայաստանի կառավարության նիստում հիմնավորել էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ավելի Վաղ Հայաստանի Արտգործնախարարությունը որոշման հիմնավորումներում Հայաստանի կառավարության գրել էր, որ
«Դեսպանության ստեղծելը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության բազմաթիվ ոլորտներում»։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը նաև հայտարարել էր Իսրայելը ողջունում է երկրում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը:

«Այս որոշումը արտացոլում է նաև վերջին մեկ տարվա ընթացքում պետական հարաբերությունների զգալի առաջընթացը: Դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների նոր և կարևոր գլուխ է, և մենք վստահ ենք, որ սա է՛լ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամությունը և կխթանի երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում», – ասել է Կացը։

Ինչպես Հայաստանի և Իսրայելի պետական բարձրաստիճան պաշտոնատարների հայտարարություններն են վկայում երկկողմ հարաբերությունների ընդլայնումն նպաստում են Հայաստան-Իսրայել գիտական, տեխնիկական, մշակութային, կրթական, գյուղատնտեսության, ջրաոռոգման, անվտանգության և այլ խաղաղանպատակ ոլորտների համագործակցությունների զարգացմանը և այնտեղ չկա երրորդ կողմի դեմ ուղղված որևէ սպառնալից միտում։

Խոսքն այս դեպքում, անկասկած, վերաբերվում է Հայաստանի վաղեմի հարևան և բարեկամ Իրանին, որն բավականին սրված հարաբերություններ ունի Իսրայելի և ԱՄՆ-ի հետ, ինչի հետևանքով Իրանը հայտնվել է համաշխարհային մեկուսացման և միջազգային տնտեսական խիստ պատժամիջոցների ճնշման տակ։

Սակայն, չպետք է կասկածել, որ նախքան Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին որոշում կայացնելը կամ որոշումն ընդունելուց հետո, վստահաբար պաշտոնական Երևանը Թեհրանին տեղեկացրել է իր այս քայլի և նպատակների վերաբերյալ և իրանցի գործընկերներին հավաստել, որ Հայաստանի հարաբերությունների ընդլայնումը ՄԱԿ-ի կողմից ճանաչված ցանկացած պետության հետ, որքան էլ որ նշված պետության հարաբերությունները լարված են մի այլ պետության հետ, ուղղված չեն Իրանի շահերի դեմ։ Սակայն, կարծեք Թեհրանում որոշ ականջներ խլացած են Երևանի կողմից հղված բարեկամական ուղերձն լավ ընկալելու համար։

Այն պայմաններում երբ Երևանը նպատակ ունի տարբեր ոլորտներում բարելավել իր հարաբերություններն Իսրայելի հետ, իրանցիները նախազգուշացնում են, որ այդ քայլը սպառնում է Իրանի արտաքին հարաբերություններին և ենթադրում որ դա ուղղված է Պաղեստինի ժողովրդի շահերի դեմ:

Ըստ Aran News- ի հաղորդման, մարտի 18-ին, Իրանի իսլամական խորհրդարանում Թավրիզի, Օսկուի և Ազարշահրի պատգամավոր Մոհամմեդ Էսմայիլ Սաիդին նշելով, որ Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը քայլ է տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես Պաղեստինի ժողովրդի շահերի դեմ, ասել է․ «Նման քայլն անկասկած չի ընդունվի Իրանի ժողովրդի կողմից, և անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը վերանայի իր որոշումը»։

Սաիդին, հավելել է․ «Տարածաշրջանի ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը չպետք է նման որոշում ընդունի, քանի որ այդ որոշումը կվնասի հայ ժողովրդի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների շահերին»։

Մայիսի 6-ին Իրանի ԱԳ նախարարության կայքի հաղորդման համաձայն, արձագանքելով՝ Թել-Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու Հայաստանի կառավարության որոշմանը Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Այլ երկրներին մենք շարունակ զգուշացրել ենք Իսրայելի էության ու ռեժիմի անօրինականության մասին և մտահոգություն ենք հայտնել Իսրայելի համար ամենաչնչին օրինականությունն ստեղծող քայլերի կապակցությամբ»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Այս մտահոգությունը նաև փոխանցվել է Հայաստանի կառավարությանը, որ նպատակ ունի իր դեսպանատունը բացել Թել-Ավիվում և հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կվերանայի իր որոշումը»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ Երևանը կվերանայի իր որոշումը:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանում Մաշհադ քաղաքի պատգամավոր Նասրոլլահ Փեժմանֆարը, Թել Ավիվում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշման կապակցությամբ ասել է.«Իսրայելը մշտապես եղել է իսլամական աշխարհի կարմիր գիծը և վերջին 100 տարիների ընթացքում այս ռեժիմը մշտապես մերժվել է մուսուլման երկրների ու ժողովուրդների կողմից»:

Փեժմանֆարը հավելել է. «Մենք Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշումը կվերանայի»:

Իսկ Իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ խորհրդական Հուսեյն Ամիր Աբդուլլահյանն այս կապակցությամբ իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Թել Ավիվում դեսպանատուն բացելու Երևանի որոշումը զարմանալի է: Նա հավելել է. «Այդ որոշումն անկասկած հակասում է պաղեստինցիների շահերին, և բացասաբար է անդրադառնալու տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա»:

Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշման վերաբերյալ Իրանի որոշ քաղաքական շրջանակներում առաջացած խառնաշփոթը փարատելու համար կարիք կա Հայաստանի կառավարության և փորձագիտական շրջանակների կողից հստակ պատասխան արձագանքի, որը, ըստ երևույթին, մինչ այժմ չի արժանացել բավարար ուշադրության։

Իհարկե այս խնդրին մանրամասն անդրադարձել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ԱՐՄԵՆՊՐԵՍ-ում հրապարակած հոդվածում նշելով որ նույն Իրանի հետ հարաբերությունների պարագայում մեկ անգամ չէ, որ այդ երկրի բարձագույն ղեկավարությունը մատնանշել է մուսուլման և քրիստոնյա երկու ժողովուրդների օրինակելի բարեկամության, ինչպես նաև Հայաստանի՝ որպես միակ ոչ խնդրահարույց հարևան լինելու իրողությունները։ Եվ չկա այս հանգամանքը հերքող որևէ փաստ, քանի որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանի միակ երկիրն է, որը երբևէ չի ներգրավվել հակաիրանական որևէ ծրագրում։ Բացի նշվածից, Մեծ Մերձավոր Արևելքի կտրվածքով Հայաստանն Իրանի ապացուցված ամենավստահելի տնտեսական գործընկերն է և ամենաանվտանգ տարանցիկ ճանապարհը հյուսիսային ու արևմտյան ուղղություններով։ Իսկ տարածաշրջանային հիմնախնդիրների շրջանակում Երևանը եզակի դերակատարն է, որի դիրքորոշումը չի հակասում Թեհրանի շահերին․ որպես օրինակ՝ զարգացումները Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և այլն։

Հաշվի առնելով՝ Իրանի հետ Հայաստանի բավականին կարևոր և ջերմ հարաբերությունները և տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, անվտանգության, մշակութային, կրթական, համայնքային և քաղաքական համագործակցությունների առավել խորացման անհրաժեշտությունը պետք է նշել, որ Հայաստանը խիստ կարևորում է իր հարաբերությունների ընդլայնումը Մերձավոր Արևելքի մուսուլման երկրների մասնավորաբար հարևան Իրանի հետ և սա չի նշանակում, որ Հայաստանն անտեսում է նախ իր շահերը և ապա բարեկամ երկրների մտահոգություններն ու քաղաքատնտեսական և անվտանգության գերակայությունները տարածաշրջանում։ Հատկանշական է, որ Հայաստանն ամենամոտ հարաբերությունն ունի իր հյուսիսային հարևան Ռուսաստանի հետ, իսկ միաժամանակ ամենաջերմ հարաբերությունները նաև ԱՄՆ-ի և ԵՄ հետ, սակայն մինչ այժմ Հայաստանը թույլ չի տվել, որ իր ազգային և պետական շահերը դառնան այդ մեծ տերությունների մրցակցության առակա, իսկ ավելին այդ հարաբերությունները միշտ բալանսավորվել են Իրանի հետ և քաղաքական ու տնտեսական կապերը պահպանելու ուղղությամբ, չնայած երբեմն Արևմուտքի կողմից թեթև ճնշումներ են գործադրվում Հայաստանի մասնավոր ֆինանսական բաժնի վրա Իրանի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակելու ուղղությամբ, սակայն չնայած միջազգային ռիսկերին Հայաստանի պետական և տնտեսական հարաբերությունները միշտ էլ պահպանվել են հարևան Իրանի հետ։ Սա մի կարևոր հանգամանք է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հաճախ հիշեցնեն իրանցի գործընկերներին և Իրանում որոշ շրջանակների կողմից Երևանի դեմ դիրքորոշված քաղաքական գործիչներին։

Մյուս կողմից, իրանցի գործընկերներին պետք է պարզաբանել, որ Հայաստանին ընդհանրապես չի հետաքրքրում իսլամական աշխարհում տիրող քաոսային իրավիճակը և մուսուլմանների կրոնական ներքին վեճերն ու պառակտումները, որոնց լուծման ուղղությամբ նույնիսկ անկարող են միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ը, Արաբական պետությունների լիգան, Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, Իսլամական կոնֆերանսը, արաբական և իսլամական աշխարհի զանազան կազմակերպությունները և այլն։ Իսկ, եթե մեր բարեկամ և հարևան երկիր Իրանն, որը պնդում է իսլամական աշխարհի առաջնորդի դերում մտահոգված է Պաղեստինի ժողովրդի ճակատագրով և պաշտպանում է իսլամական աշխարհի ընկճված ժողովուրդների իրավունքները, ապա ինչու՞ իր քննադատությունների սլաքն չի ուղղում իր դավանակից պետության Ադրբեջանի և մյուս հարևան՝ Թուրքիայի կողմը, որոնք ամենալայն իմաստով ռազմական, տեղեկատվական և անվտանգության համագործակցություն են ծավալել Իսրայելի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Իրանի տարածաշրջանային ռազմավարական և դավանական թշնամի Սաուդյան Արաբիայի և այլ սունի արմատական-ահաբեկչական խմբերի հետ։ Իրանի մյուս դաշնակիցներ և գործընկերներ Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը, ռազմական, անվտանգության և տեխնոլոգիական բազմաթիվ պետական և պաշտոնական համագործակցության պայմանագրեր են ստորագրել և գործադրել Իսրայելի հետ, որն ավելի սպառնալից բնույթ է կրում Իրանի համար քան Հայաստանի դեռ չկայացած հարաբերութուններն Իսրայելի հետ։ Եվ այս բոլորին պետք է ավելացնել, որ Հայաստանը ոչ ռազմական, ոչ տնտեսական և ոչ էլ անվտանգության կարողությունը և միտումն ունի միջամտելու Մերձավոր Արևելքի և իսլամական աշխարհի կոնֆլիկտներում, որը ոչ միայն կործանարար է Հայաստանի պետության այլև հենց տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Մեր բարեկամ և հարևան Իրանի պետական պաշտոնյաներին և որոշ ծայրահեղական շրջանակներին պետք է հիշեցնել, որ Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան, որը պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի անվտանգությունը տարածաշրջանում, չնայած որոշ հայ փորձագետների կարծիքով դա պետք է հանձնարարվի հենց Հայաստանի ԶՈՒ-երին, սակայն այդուամենայնիվ ռուսների ռազմական ներկայությունը Հայաստանում, նաև նպաստում է Իրանի անվտանգության ապահովման շահերին Կովկասյան տարածաշրջանում և այդ առումով Հայաստանն իր անվտանգության շահերի հաշվին անուղղակիորեն օգնում է Իրանի անվտանգության ապահովմանը տարածաշրջանում մուսուլման մրցակից պետություններ՝ Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների դիմաց։

Հատկանշական է, որ այս մասին վերջերս հենց խոստովանել են իրանական մամուլում։ Իրանական «Արման-ե Մելլի» օրաթերթը «Թուրքիային ընդգրկում են Իրանին մեկուսացնելու արշավում» խորագրով հոդվածում գրել է․ «Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին, ԱՄՆ պաշտոնատարները երկմտում են Իրանի դեմ ուղղակի ռազմական քայլի դիմելու կամ ավելի սահմանափակ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Այնուամենայնիվ կա ռազմավարության երրորդ տարբերակ, որի վրա աշխատում են ԱՄՆ կառավարության որոշ շրջանակներ: Ըստ այդ ռազմավարության՝ ԱՄՆ-ն մտադիր է պատերազմի գնդակն Իրանի դաշտ նետելով, միաժամանակ Վաշինգտոնի համար նվազեցնել առկա վտանգը: Այդ նախագծի համաձայն ԱՄՆ-ն փորձում է հատկապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Թուրքիային աջակցելով վերջնիս հրահրել Իրանի դեմ, ինչը կարող է շատերի համար աներևակայելի թվալ»:

Այն պայմաններում, երբ Իրանի հարևան բոլոր մուսուլման երկրներում ներկա են ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակից երկրների զորայինները և Իսրայելը տնտեսական և քաղաքական ազդեցություն ունի Պարսից ծոցի արաբական երկրներում և նույնիսկ Իսրայելի ռազմական խորհրդականներն ուղղակի ներկա են Իրաքի Քրդստանի տարածքում, Իրանի հարեւան միակ քրիստոնյա երկիր՝ Հայաստանում ներկա են Ռուսաստանի զորայինները՝ Էրեբունիի ավիաբազայում և Գյումրիի 102-րդ ռազմաբազայում և դա մեծ երաշխիք է Իրանի համար, որ իր գործընկեր Ռուսաստանը և անկասկած Հայաստանի բանակը վերահսկում են Թուրքիայի և Կովկասյան տարածաշրջանի կողմից Իրանի սահմաններին և ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները։

Ինչ վերաբերվում է Թեհրանի զգուշացումներին Երևանի որոշման մասին թե Թել—Ավիվում Հայաստանի դեսպանատուն բացելը հակասում է պաղեստինցիների շահերին, և բացասաբար է անդրադառնալու տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա, պետք է նշել, որ դա միանգամայն սխալ մեկնաբանություն է և ընդհակառակը Հայաստանի դեսպանատունը կարող է կայունության և անվտանգության երաշխիքներ ստեղծել պաղեստինցիների և հրեաների հարաբերություններում։ Հայաստանը, ՄԱԿ-ի բանաձևերի և միջազգային օրենքների համաձայն պաշտոնապես ընդունել է, Ռամոլլահում հաստատված Պաղեստինի ինքնավար վարչակազմի լեգիտիմությունը և միջազգային կազմակերպություններում միշտ հանդես է եկել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղություն և կայունություն հաստատելու բանաձևերի օգտին, այն ինչ Իրանի տեսակետից Պաղեստինի և Իսրայելի հակամարտությունը պետք է լուծվի միայն դիմադրության շարժման շարունակական ագրեսիայի ճանապարհով։ Փաստորեն, Իրանի այս մոտեցումը հակասում է միջազգային ընդունված օրենքներին և բանաձևերին։ Մյուս կողմից, երբ Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածության և ուժի կիրառման սպառնալիքներից զերծ մնալու և հարցը միջազգային օրենքների և միջնորդական ձևաչափերով կարգավորելու շրջանակում աշխատել, ինչը նաև համընկնում է Հայաստանի քաղաքականությանը, սակայն Պաղեստին-Իսրայել հակամարտության հարցում զարմանալիորեն Հայաստանից ակնկալում է, միջազգային նորմերին հակասող դիրքորոշում ընդունել և վերանայել իր հարաբերություններն Իսրայելի հետ։ Այստեղ պետք է դիտարկել Իրանին, որ մինչ այժմ Հայաստանը որևէ պաշտոնական հայտարարությամբ չի դիմել բարեկամ Իրանին իր հարաբերություններն վերանայել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, չնայած որպես Իրանի բարեկամ երկիր երևի պետք է նման ակնկալիք ունենա Թեհրանից։

Կարելի է ասել, որ Իրանի դիվանագիտական ապարատում դեռ այն տպավորությունը կա, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ազդեցության և կոպիտ ասած գերակշռության տակ և պաշտոնական Երևանի ինքնիշխան քաղաքականությունները զսպելու համար պետք է թակել Մոսկվայի դուռը։ Սակայն, Թեհրանի նման ենթադրություններին ընդմիշտ վերջ տալու համար պետք է մեր գործընկերներին բաց տեքստով հայտարարել Հայաստանը շահագրգռված է միջազգային օրենքների և ընդունված համաձայնագրերի շրջանակում համագործակցություն ծավալել աշխարհի ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է ապահովել երկկողմ և բազմակողմ շահերը և անվտանգությունը, առանց միջամտելու երրորդ կողմի ներքին գործերին և նպաստել տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու կայունությանը։ ԻԻՀ համարվում է ՀՀ բարեկամ և հարևան գործընկերը և Հայաստանը ինչպես որ մինչ այժմ բազմիցս գործնական դաշտում և միջազգային ասպարեզում ապացուցել է պատրաստ է իր բոլոր հնարավորություններով աջակցել Իրանի կառավարությանը և ժողովրդին միջազգային ծանր տնտեսական պատժամիջոցներից ազատվելու և գլոբալ հանրության և տնտեսական-քաղաքական հարաբերութունների հարթակ վերադառնալու համար։

Վերջում պետք է նշել, որ հայ, հրեա և պարսիկ ժողովուրդները պատմության ընթացքում հանդիսացել են հրեական, քրիստոնեական և իսլամ մեծ կրոնների ընդունման առաջին օջախները և այս ժողովուրդների միջոցով տարածվել է երեք մեծ կրոնների աստվածային ու մարդասիրական արժեհամակարգը և օրենքներն ամբողջ աշխարհում։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հարեւանին մխիթարէք, որ մեր դեսպանը «ջութակ-մութակ նուագող, ոտանաւոր արտասանող» կերպար է, թող շատ չմտահոգուեն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031