Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ այս տարվա փետրվար ամսին են այցելել ադրբեջանական կողմում հայտնված Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ «Ա1+»-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին, Արայիկ Ղազարյանն ադրբեջանական կողմում հայտնվել է 2019 թվականի օգոստոսի 12-ին, իսկ Կարեն Ղազարյանը՝ 2018 թվականի հուլիսի 15-ին։
«Ես կարող եմ ասել վերջին այցելության մասին, որը կարող ենք հաստատել։ Այն եղել է այս տարվա փետրվարին։ Նրանց վիճակի մասին չեմ կարող ասել, որովհետև նման բաները մենք չենք կիսվում հանրության հետ։ Այդ անձանց միջև մեր երկխոսություններով, մեր մտահոգություններով կիսվում ենք իշխանությունների և ընտանիքի հետ։ Այսինքն՝ այդ շրջանակից դուրս է մնում հանրությունը»,- շարունակեց ԿԽՄԿ ՀԳ հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։
Ամատունին նշեց, որ այցելություններ կատարելու պատրաստակամություն «Կամիր խաչը» միշտ ունի, և ինքը կարող է հաստատել միայն կազմակերպության կատարած այցելության փաստը։ Իսկ Ադրբեջանում հայտնված հայերի ընտանիքները, ըստ նրա, տեղեկություններ ստանում են «Կարմիր խաչ»-ի միջոցով, որովհետև այցելողը կոմիտեի պատվիրակությունն է։
Կարդացեք նաև
Այսինքն՝ ընտանիքները վերջին անգամ տեղեկություններ ստացել են փետրվար ամսին։ «Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նաև չասաց փետրվար ամսին կատարված այցելության ժամանակահատվածը, քանի որ որոշել են այս ընթացքում նշել միայն այցելության ամիսը։
Հարցին՝ ինչո՞ւ է «Կարմիր խաչ»-ի գրասենյակը վերջին անգամ փետրվար ամսին այցելելություն կատարել, պատասխանեց, որ առաջին պատճառը կորոնավիրուսն է։
«Բացի դրանից, ցանկացած հանդիպում մենք կարող ենք կատարել միայն իշխանությունների համաձայնությամբ: Դա նրա համար չեմ ասում, որ թույլ են տալիս կամ ոչ։ Բայց կազմակերպությունը չի կարող ամեն պահի ցանկանալ «դուռը բացել» և մտնել ցանկացած տեղ։ Մուտք գործելը պայմանավորված է փոխադարձ համաձայնությամբ»,- ընդգծեց նա։
Իսկ, թե հաջորդ այցելությունը երբ է նախատեսված, Ամատունին ժամկետներ դժվարացավ նշել, իսկ այցելությունները կատարվում են պարբերականությամբ, և կոմիտեն երբևէ խոչընդոտ չի ունեցել։
«Ինչ վերաբերում է հաջորդ այցելությանը, հնարավորության դեպքում կայցելենք։ Հատուկ օր չկա նախատեսված։ Մենք շատ լավ երկխոսություն ունենք իշխանությունների հետ, նաև կորոնավիրուսի հետ կապված ենք աջակցել, և շարունակում ենք։ Իշխանությունների հետ երկխոսությունն ընթացիկ է, և երբեք չենք դադարել ինֆորմացիա փոխանակել»,- շարունակեց նա։
Իսկ երկխոսության բովանդակությունը, նրա փոխանցմամբ, վերաբերում է պետություններում պահվող անձանց կեցության պայմանների, իրավունքների և ընտանիքների հետ կապին։
Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վիճակի վերաբերյալ տեղեկությունների համար նաև կապ հաստատեցինք ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, մայոր Շուշան Ստեփանյանի հետ։
«Ես իրավունք չունեմ տեղեկություն փոխանցել, դա «Կարմիր խաչ»-ի լիազորությունների շրջանակներում է։ Գուցե իրենք ինչ-որ բան չեն ասում՝ գործընթացին (նկատի ունի գերիների վերադարձի – հեղ․) չվնասելու համար»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը։
Վերջինս նաև ասաց, որ Ադրբեջանում հայ գերիների առողջական վիճակի վերաբերյալ նույնպես չի կարող տեղեկություն տրամադրել, և «Կարմիր խաչ»-ն է այցելություններ անում, և կազմակերպությունն է լիազորված այս հարցերին պատասխանելու։
ԱՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը նույնպես տեղեկություններ չկարողացավ փոխանցել մեր հայրենակիցների վերաբերյալ։
Արցախում «Կարմիր խաչ»-ի առաքելության ներկայացուցիչ Էսթեր Մուսայելյանն ավելին չասաց, քան ասել էր իր գործընկերը՝ Զառա Ամատունին։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին և ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին կատարած զանգերը մնացին անպատասխան։
Եղեգիս համայնքից Արայիկ Ղազարյանի վերաբերյալ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց, որ վերջին 15 օրվա տեղեկությունները չունեն։
«Դրանից առաջ, որ «Կարմիր խաչ»-ը գնացել էր, այնտեղից իրենից նամակ է բերել, որ «ամեն ինչ նորմալ է, էս կոմ, էն կոմ»։ Նամակը 15-20 օր առաջ է բերել»,- շարունակեց Ստեփանյանը։
Վերջինիս խոսքերով՝ վերջերս, որ իրենք այցելության են գնացել Ղազարյանի ընտանիքին, Արայիկ Ղազարյանի նամակներն են կարդացել։ Համայնքապետի խոսքերով՝ Ղազարյանի մայրը ցանկանում էր նաև «Կարմիր խաչ»-ի միջոցով գնա Ադրբեջան՝ որդուն տեսնելու։
«Այն էլ երեխան նամակ էր գրել, որ «պետք չէ, որ դուք գաք և այլն»։ Առողջական վիճակի վերաբերյալ այնքան են իմանում, որքան գրում է՝ «նորմալ ա»»,- եզրափակեց Արթուր Ստեփանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում