Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոն» ՔԿՀ-ն շատ հարմար տեղ է կորոնավիրուսից պատսպարվելու համար». Ռոբերտ Քոչարյանի մասին նման հայտարարություններ անողները կպատժվեն. Արամ Օրբելյան

Մայիս 13,2020 19:01

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը կստանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշումը, հիմքերը կուսումնասիրեն եւ ըստ այդմ իրենց հետագա գործողությունները կհստակեցնեն: Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աննա Դանիբեկյանը հրապարակեց արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը: Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, հավանաբար, կբողոքարկի որոշումը: Հարցին`նման որոշումը սպասելի՞ էր, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ իրավաբանության մեջ միշտ էլ ամեն տեսակի որոշում սպասելի է, բայց սա իրավաբանության հետ կապ չունի. «Սա ոչ թե խափանման միջոցի խնդիր է, այլ մարդուն պատժելու խնդիր է»: Պաշտպանն ասաց, որ իրենք հետամուտ են լինելու, որ «այս գործին» մասնակից մարդիկ բացահայտվեն եւ հետագա պատասխանատվության ենթարկվեն`«մանավանդ, որ այդ մարդիկ բարձրաձայն ասել են, որ «Կենտրոն» ՔԿՀ-ն շատ հարմար տեղ է կորոնավիրուսից պատսպարվելու համար»: Նման հայտարարություններ, ըստ պաշտպանի, արել են թե դատախազները`գործի քննության ժամանակ, թե պատգամավորներ. «Մի քանի հոգի այսօր այցելել են եւ ասել են, որ անվտանգ է»:

«Ես հույս ունեմ, որ ժամանակը կգա եւ իրենք հնարավորություն կունենան այդ անվտանգության հետ շփվելու»,- ասաց Արամ Օրբելյանը:

Դատարանի որոշման եզրափակիչ մասը հրապարակելիս`դատավորն ասաց պաշտպանական խմբի անդամների միջնորդությունը մերժելու մասին, մինչդեռ, նաեւ չորս վարչապետները`Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանն էին միջնորդություն ներկայացրել`անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Այս մասով դատարանի որոշման հարցին ի պատասխան Արամ Օրբելյանն ասաց, որ ըստ էության, բոլոր միջնորդություններն էլ դատարանը մերժել է:

Գործի հետագա քննությանը Քոչարյանի կողմից խոչընդոտելու ռիսկը պաշտպանները «զրո» են գնահատում, դատարանը`նախկին որոշումներով, նվազած էր գնահատել: Նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազն ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հետագա ռիսկը նվազած չէ եւ օրինակ էր բերել TV 5 ալիքի տնօրեն Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի գործը, որն արդեն դատարանում է գտնվում: Լրագրողի դիտարկմանը`ենթադրվում է, որ դատավորն էլ դրա վրա պետք է հիմնվի, Արամ Օրբելյանը հակադարձեց. «Եթե որոշման մեջ հղում կատարվի այլ գործի վրա, ապա սա կլինի այլ անձի անմեղության կանխավարկածի խախտում եւ պարոն Քոչարյանին այլ անձի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու փորձ»:

Արմեն Թավադյանի գործը նա համարում է ակնհայտ մանիպուլյատիվ գործընթաց, որը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու համար: Անկախ նրանից, որ Վարուժան Մկրտչյանն ընդունել է իր մեղքը, Արամ Օրբելյանի գնահատմամբ, այդ գործում քրեական իրավունքին առնչվող դետալներ չկան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031