Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի՝ ԿՈՎԻԴ-19-ի բռնկման առաջին օրերից Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, մոբիլիզացնելով ռեսուրսները ու համախմբելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, տարբեր ձևաչափերով արձագանքել է երկրում ստեղծված իրավիճակին:
Ստորև ներկայացնում ենք Հիմնադրամի աջակցությամբ իրականացված ու ընթացիկ նախաձեռնություններն ու ծրագրերը:
Հրատապ օգնություն խոցելի խմբերին
«Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցով, մեկ ամսվա սննդի փաթեթներ է տրամադրվել Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում բնակվող 2160 տարեցների և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց՝ հոգալու նրանց կենսական կարիքը ինքնամեկուսացման պայմաններում:
Հիմնադրամի աջակցությամբ Արմավիրի զարգացման կենտրոնը 2 ամսվա սնունդ և հիգիենիկ պարագաներ է առաքել Արմավիրում և Մեծամորում բնակվող 115 տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց:
Կարդացեք նաև
Մարտունու կանանց համայնքային խորհրդի միջոցով երկամսյա սնունդ և հիգիենիկ պարագաներ են առաքվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և 14 այլ համայնքներում բնակվող ավելի քան 120 սոցիալապես խոցելի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց:
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը մեկ ամսվա սնունդ և հիգիենիկ պարագաներ է տրամադրել 370 տարեց և սոցիալապես խոցելի անձանց, որոնք բնակվում են Ալավերդիում, Վանաձորում և հարակից 18 համայնքներում:
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սնունդ ու հիգիենիկ պարագաներ է տրամադրել Երևանի և Լոռու մարզի Տաշիր ու Ստեփանավան համայնքների 300 բնակիչների, որոնք ունեն հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ:
«Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը աջակցություն կտրամադրի Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, ովքեր կորցրել են եկամտի աղբյուրը ԿՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով: 120 ընտանիք միջոցներ կստանան՝ հոգալու երկամսյա սննդի ու բնակարանի վարձակալության ծախսերը: «Հալեպ» կազմակերպությունը կաջակցի նաև սիրիացի փախստականների շահագործվող սոցիալ-ձեռնարկատիրական խոհանոցին և կկազմակերպի սննդի առաքում ԿՈՎԻԴ-19 հիվանդների բուժմամբ զբաղվող 100 բուժաշխատողների և կամավորների համար:
Բժշկական ու առողջապահական աջակցություն
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունն աջակցել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և պալիատիվ խնամքի շահառուներին՝ կազմակերպելով խորհրդատվություն, իրավական աջակցություն, ինչպես նաև ապահովելով առողջապահական ծառայություների պատշաճ մատուցումն այս խմբերի համար: 150 պացիենտների ընտանիքներն ապահովվել են սննդով, կենսական անհրաժեշտության դեղորայքով:
«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրատապ աջակցություն է կտրամադրի՝ ապահովելու պացիենտների և փակ հաստատություններում գտնվողների բուժօգնություն ստանալու իրավունքը ԿՈՎԻԴ-19 համաճարակի պայմաններում: Մի խումբ կամավորներ կվերապատրաստվեն վարակների կանխարգելման և վերահսկման միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև կապահովվեն անհատական պաշտպանության և այլ միջոցներով:
Հիմնադրամի օժանդակությամբ Առողջապահության նախարարության համար ձեռք են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 2200 թեստեր:
Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել անհատական պաշտպանության միջոցներ «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի համար:
Հիմնադրամի աջակցությամբ «Խնամք» ՀԿ-ն խորհրդատվություն կտրամադրի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 71 անձի համար, ովքեր ներգրավված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող շուրջօրյա խնամքի մոբիլ ծառայություններում: Նրանք կստանան նաև սննդի փաթեթներ, անձնական պաշտպանության միջոցներ և հիգիենայի պարագաներ:
Աջակցություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց
Հիմնադրամը, որպես հրատապ օգնություն, օժանդակել է «Կանանց աջակցման կենտրոնին, որը սնունդ, դեղորայք ու բնակարանի վարձակալության միջոցներ է տրամադրել ավելի քան 30 գործազուրկ կամ ցածր վարձատրություն ստացող այն կանանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության և համաճարակի հետևանքով գտնվում են սոցիալական խիստ կարիքի մեջ: Կենտրոնը լայն տեղեկատվություն է տարածել թեժ գիծ ծառայությունների վերաբերյալ՝ ինքնամեկուսացման ժամանակ ընտանեկան բռնության դեպքերի մասին ահազանգելու համար:
Մեր աջակցությամբ Նիյր Իսթ ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղը հրատապ օգնություն է տրամադրել Լոռու, Սյունիքի մարզերում ու Երևանում բնակվող, ընտանեկան բռնության ենթարկված կանանց: Շահառու 32 կանայք ստացել են մեկ ամսվա համար անհրաժեշտ սնունդ, դեղորայք և բնակարանի վարձակալության վճար՝ հաղթահարելու համաճարակի հետևանքով առաջացած դժվարությունները:
Աջակցություն մարգինալացված խմբերին
Մենք աջակցել ենք «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝ հրատապ սոցիալական օժանդակություն տրամադրելու ԼԳԲՏ անձանց, որոնք համաճարակի հետևանքով զրկվել են աշխատանքից՝ չունենալով միջոցներ հոգալու սննդի, բնակարանի վարձակալության ու առողջապահական ծախսերը: Նրանք ստացել են սոցիալական աջակցություն՝ հոգալու կենսական կարիքները ինքնամեկուսացման պայմաններում:
Ներառելով երեխաներին կրթության գործընթացում
ԲՀՀ – Հայաստանը միջոցներ է ձեռնարկել կրթությունը հասանելի դարձնելու հատկապես սոցիալապես խոցելի երեխաների համար, որոնք բնակվում են հեռավոր բնակավայրերում: Հիմնադրամն աջակցել է մարզային «Ցայգ» հեռուստաընկերությանը՝ պատրաստելու ու հեռարձակելու հեռուստադասեր մայրենի լեզվից ու մաթեմատիկայից Շիրակի մարզի տարրական դասարանի աշակերտների համար: Հիմնադրամի աջակցությամբ «Գեղամա» ու «Լոռի» հեռուստաընկերությունները վերահեռարձակում են այդ դասընթացները Գեղարքունիքի ու Լոռու մարզերում:
Աջակցություն քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդական խմբերին
Հիմնադրամի աջակցությամբ քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբերն ապահովվել են անձնական պաշտպանիչ միջոցներով և անցել են համապատասխան վերապատրաստում ԿՈՎԻԴ-19-ի պայմաններում այս հաստատություններում պահվող անձանց առողջության և անվտանգության, ինչպես նաև իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտների վերաբերյալ:
ԿՈՎԻԴ-19-ի մասին հանրային իրազեկության բարձրացում
Հիմնադրամի օժանդակությամբ, Հանրային լրագրության ակումբն ու Իրավունքի զարգացման կենտրոնն իրականացնում են ԿՈՎԻԴ-19 համաճարակի մասին հանրային իրազեկության բարձրացման արշավներ՝ պատրաստելով ու տարածելով տեղեկատվական տեսանյութեր ու պաստառներ, կազմակերպելով վեբինարներն ու առցանց քննարկումներ՝ կրթելով մարդկանց համաճարակի մասին և խրախուսելով քաղաքացիներին դրսևորել բարձր սոցիալական պատասխանատվություն:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան