Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու համար

Մայիս 13,2020 18:40

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում:

Ըստ առաջադրված մեղադրանքի` վերը նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության հաշվեկշռում գտնվող և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին ամրակցված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների մի մասը, մինչ գնահատման նպատակով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք և հանձնվել ավտոտնտեսության աշխատակիցներին: 2017թ.-ի ընթացքում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից շահագործված, ոչ պիտանի ճանաչված «Տոյոտա Կորոլա» մակնիշի մի շարք ավտոմեքենաներ:

Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաև առանց սահմանված կարգով գնահատում և փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ հանձնարարել և իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով «Տոյոտա Կորոլա» մակնիշի հիշյալ տրանսպորտային միջոցներից ապամոնտաժել է շուրջ 2.744.000 ՀՀ դրամ արժեքի տարբեր դետալներ և հանգույցներ:

Բացի այդ, 2017-2018թթ ընթացքում նույն նպատակով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի, Տաշիրի, Սիսիանի և Կումայրիի բաժիններին ամրակցված՝ չշահագործվող «Ուրալ ԻՄԶ-8» մակնիշի 7 մոտոցիկլետներ, որոնք մինչ գնահատման նպատակով  «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ հանձնելը, պահվել են ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածքում: Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաև առանց սահմանված կարգով գնահատում և փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել և իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով ապամոնտաժել է բոլոր մոտոցիկլետները, դրանցից առանձնացրել հիմնական պահեստամասերը, այնուհետև տրանսպորտային միջոցները հիշյալ ապրանքային վիճակով գնահատման նպատակով հանձնել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին, որի հետևանքով շուրջ 16,200,000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ յոթ մոտոցիկլետները գնահատվել են շուկայականից անհամեմատ էժան՝ ընդհանուր 560,000 ՀՀ դրամ արժեքով:

Տրանսպորտային միջոցների գնահատումից հետո Ս. Բարսեղյանը հանձնարարել և միջնորդավորված եղանակով՝ իր ղեկավարած ստորաբաժանման երկու աշխատակիցների միջոցով մասնակցելով աճուրդին՝ գնահատված արժեքներով ձեռք է բերել 7 մոտոցիկլետներ: Այնուհետև ձեռքբերված մոտոցիկլետները տեղափոխվել են ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք, որտեղ Ս. Բարսեղյանի հանձնարարությամբ դրանք համալրվել են նախկինում ապամոնտաժված դետալներով և օտարվել տարբեր անձանց:

12.05.2020թ.-ին Ս. Բարսեղյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է: 13.05.2020թ.-ին միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Բարսեղյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 

   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031