Facebook ընկերությունն արգելափակել է Instagram-ի այն բոլոր էջերը, որոնք առնչություն ունեն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ:
Ընկերության ներկայացուցիչը RIA Novosti գործակալության հետ զրույցում ասել է, որ Facebook-ը, լինելով ամերիկյան ընկերություն, գործում է ԱՄՆ պատժամիջոցների օրենսդրության շրջանակում և մշտապես միջոցներ է ձեռնարկում՝ իր իրավական պարտականությունները կատարելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Կադիրովը երբեք չի հայտարարել, որ Instagram-ում պաշտոնական էջ ունի: Չեչնիայի պետական հեռուստատեսության ղեկավար Ահմեդ Դուդաևը հայտարարել է, որ այսօր արգելափակված էջերը չեն պատկանում և երբեք չեն պատկանել Ռամզան Կադիրովին: Նրա խոսքով՝ kadyrov_95 օգտահաշիվը, որն ունեցել է շուրջ 3 միլիոն հետևորդ, Ահմադ Կադիրովի անվան հիմնադրամի սեփականությունն է և որևէ առնչություն չունի Չեչնիայի ղեկավարի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ