Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուշ, թե շուտ վերադառնալու ենք սահմանափակումներին, որովհետև դա է պահանջում հանրային առողջությունը, դա է պահանջում պետության անվտանգությունը. Էլինար Վարդանյան

Մայիս 13,2020 17:50

Եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք սահմանափակումների ճանապարհով

 Վարչապետը մտահոգություն հայտնեց վարակի աճի վերաբերյալ։ Մտահոգությունը հնչեցվեց այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը աստիճանաբար իրականություն են դառնում։ Մենք օրական կտրվածքով արդեն հատում ենք 200-ի սահմանը։ Ի վերջո ֆիքսվեց, որ դա ոչ միայն հանրային առողջության, այլ կառավարման լուրջ կոլապսի կարող է բերել։ Վարչապետը նախազգուշացնում է, որ եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք խիստ սահմանափակումների ճանապարհով։

Մենք այս մասին բարեկամաբար զգուշացնում էինք։ Մենք ահազանգում էինք, որ չի կարելի հույսը դնել հասարակության որակի վրա, որովհետև այդ ժամանակ հերթական անգամ կձախողենք, ինչպես ձախողեցինք պսևդոկարանտինի ժամանակ։

Համաճարակի ծավալման թափը կարող էր կոտրվել, եթե մենք չշտապեինք սահմանափակումների թուլացման հարցում։ Կառավարությունն անտեսեց մի խումբ հանրային գործիչների կողմից հնչեցված առաջարկը՝ չեղարկել սահմանափակումների թուլացումը, երկու շաբաթով խստացել սահմանափակումները և այդ ընթացքում ինտենսիվ նախապատրաստվել սահմանափակումների թուլացմանը, և նոր գնալ դրան։ Մեր առաջարկը անտեսելը՝ քաղաքական որոշման հարց էր, բայց նաև քաղաքական պատասխանատվության։

Ամբողջ աշխարհն է շարժվում այդ մոտեցմամբ՝ սահմանափակումները թուլացվում են, երբ երկու շաբաթ անընդմեջ նոր հիվանդների թիվը նվազում է, երբ հիվանդացողների և առողջացածների հարաբերակցությունը հօգուտ վերջիններիս է։ Մենք արեցինք ճիշտ հակառակը։

Վարակի պիկի ժամանակ հրաժարվեցինք սահմանափակումներից՝ հույսը դնելով քաղաքացիների գիտակցության վրա։ Հիմա էլ վարչապետի խոսքն ուղղված էր քաղաքացիներին՝ խնդրելով, պահանջելով վերջիններից լինել պատասխանատու վարակի տարածման հարցում։ Կոչերով արդյունքի չենք հասնելու, որովհետև ոչ կոչը, ոչ էլ կոչ անողը հասարակության մոտ չունեն հեղինակություն։ Մեր հասարակության ներսում կան տարբեր շերտեր, որոնցից ակնկալել սոցիալական հեռավորության, դիմակների կրման, սանիտարական նորմերի և այլ արգելքների պահպանում շատ բարդ է։ Մյուս կողմից, երբ մեկ ամիս առաջ առողջապահության նախարարը խոսում էր դիմակների անարդյունավետության մասին, շատ դժվար է հիմա հասարակությանը համոզել հակառակում։ Միգուցե ժամանակն է կոչերից անցում կատարել և շարժվել պարտադրանքի ճանապարհով՝ պատասխանատվության ուժով պարտադրել հանրային վայրերում կրել դիմակներ, պահպանել սանիտարական նորմերն ու արգելքները։

«Կորոնավիրուսի ճգնաժամը, մեր ընդհանուր ուշադրությունից, հանրային ուշադրությունից դուրս է մնում». վարչապետ:

Վարչապետը ֆիքսեց իրականությունը։ Սակայն ճգնաժամը պետք է դուրս չմնա հատկապես կառավարության ուշադրությունից, հանրային ուշադրությունը ածանցվում է դրանից։ Սա ավելի շատ պետական քաղաքականության, և ավելի քիչ քաղաքացիական պատասխանատվության խնդիր է։ Ճգնաժամի, կոլապսի ժամանակ պատասխանատուն լինելու է պետությունը, կառավարությունը, և ոչ թե սոցիալական հեռավորությունը խախտած քաղաքացին։

Մենք ուշ, թե շուտ վերադառնալու ենք սահմանափակումներին, որովհետև դա է պահանջում հանրային առողջությունը, դա է պահանջում պետության անվտանգությունը։ Կորոնավիրուսի ճգնաժամը չի կարող, չպետք է դուրս մնա կառավարության ուշադրությունից, հակառակ դեպքում հնարավոր չի լինի կանխել այն իրավիճակը, որ սպառնում է Հայաստանին։ Իսկ թե համաճարակի վատ սցենարների դեպքում ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում քաղաքական իշխանությունը կարծես կամաց-կամաց սկսում է գիտակցել։ Վարչապետը, վերջապես, առողջապահության նախարարի թվերի հետևում տեսնում է գալիք իրականությունը։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031