Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության նվերը Շիրակի մարզի գյուղերին․ այն COVID-19 ճգնաժամի դեմ է

Մայիս 13,2020 17:33

Գյուղերում COVID-19 պանդեմիայի հետևանքով սկսված ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Եվրոպական Միության ֆինանսավորմամբ այսօր Շիրակի մարզի երկու խոշորացված՝ Սարապատ և Ամասիա համայնքներին 11 մոտոբլոկ տրամադրվեց․ 5-ը՝ Սարապատ համայնքին, 6-ը՝ Ամասիային։

Մոտոբլոկներն օգտագործելու են 15 գյուղական բնակավայրեր, ընդ որում գյուղտեխնիկան սոցիալապես անապահով ընտանիքներին օգտագործման է տրամադրվելու անվճար, իսկ մյուսներին՝ վարձակալական հիմունքներով:

Այն իրականացվում է Եվրամիության կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի շրջանակներում․ ընդհանուր բյուջեն 11, 7 միլիոն եվրո է, որից 9,7 միլիոն եվրոն ֆինանսավորում է Եվրամիությունը, իսկ 2 միլիոն եվրո էլ համաֆինանսավորում է Ավստրիական զարգացման գործակալությունը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, այն երեք տարվա ծրագիր է, որն իրականացվելու է Հայաստանի երեք հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում և ուղղված է բնական գյուղատնտեսության զարգացմանը։ Ըստ Պասկալ Բոկկերսի, ընտրված են հետևյալ արժեշղթաները՝ մրգեր, հատապտուղներ, հատիկընդեղեն, վայրի խոտաբույսեր, ոչխարաբուծություն։

Պասկալ Բոկկերսի փաստմամբ, ծրագիրը չորս հիմնական բաղադրիչ ունի, անմիջականորեն ուղղված է ֆերմերներին և արտադրողերին, որոնք կստանան տեխնիկական աջակցություն, կլինի նաև գիտահետազոտական, օրենսդրության մշակման աջակցություն, ինչպես նաև կօգնեն հետբերքահավաքային արժեշղթայում ներգրավված մարդկանց։
«Այդ մարզում կլինեն ցուցադրական դաշտեր, որտեղ կներկայացվեն կանաչ տեխնոլոգիաները, որոնք արդյունավետ են թե՛ բնության, և թե՛ օգտագործման առումով»,-ասաց ծրագրի ղեկավարը։ Նա ասաց, որ նման աջակցություն ցուցաբերվում է նաև Մոլդովային, Վրաստանին։
«COVID-19-ին արձագանքը. Եվրոպական Միության ֆոնդերից մոտ 456 հազար եվրո է տրամադրվել այս ծրագրից ընդհանուր, բացի մոտոբլոկերի տրամադրումից, տրամադրվելու են նաև սերմեր, առաջնային կարիքի պարագաներ, ինչպես նաև խորհրդատվություն և լինելու է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության գծով վարչության պետական ծրագրերի աջակցության մասին իրազեկում, քանի որ ունեն մի շարք ծրագրեր, որոնցով աջակցում են ֆերմերին, բայց նրանք այդ մասին տեղյակ չեն, այս ծրագիրը կօգնի իրազեկել»,-ասաց Պասկալ Բոկկերսը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ իր ելույթում նշեց․ «Այսօր կարևոր օր է, որովհետև սա հենց առաջին պտուղն է Եվրամիության կանաչ գյուղատնտեսության ծրագրի։ Եվ շատ կարևոր է, որ այս ընթացքում մեր միջազգային՝ Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության գործընկերները համաճարակային այս վիճակում որոշեցին աջակցությունով նաև հանդես գալ և տրամադրել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերին տեխնիկա, որն իրապես կարևոր է։ Մեր կողմից, երբ քննարկում էինք, թե որ համայնքներն են ընտրելու, մենք որոշեցինք ընտրել այն համայնքները, որտեղ լեռնային գոգավորության վրա գյուղատնտեսության կոմպոնենտներ կան, և այս տեխնիկան շատ լուրջ աջակցություն է լինելու իրենց համար՝ տարբեր գործառույթներ իրականացնելու»։

Մարզպետը վստահություն հայտնեց, որ այս տեխնիկան հնարավորություն կընձեռնի ընտանիքներին` ընդլայնելու իրենց գյուղատնտեսական գործունեության ոլորտը։

Լրագրողների հետ ճեպազրույցում էլ նա նշեց՝ երբ միջազգային գործընկերների հետ քննարկել են համաճարակային իրավիճակը, նրանք այդ ծրագիր շրջանակներում որոշել են նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել, որովհետև այսօր գյուղատնտեսությունն ու գյուղատնտեսական ապրանքները պարենային անվտանգություն են։

Շիրակի մարզպետը նաև ասաց, որ համայնքներն ընտրելիս՝ նախապատվությունը տվել են լեռնային գոտիներում գյուղատնտեսություն ծավալողներին, քանի որ սարերի լանջերին գործ անելիս՝ ձեռքի տեխնիկան նպատակահարմար է։ Մոտոբլոկը, ըստ մարզպետի, բազմաֆունկցիոնալ է, ակոսահանում է, հողի փխրեցում է կատարում։ Տիգրան Պետրոսյանը վստահ է, որ այն ընտանիքները, որոնք կկիրառեն այն, նրանց բարեկեցության վրա այն շուտով կերևա։

Նա նաև ասաց, որ տեխնիկան արդեն բաշխված է խոշորացված համայնքների բնակավայրերի միջև և արդեն իսկ որոշված են այն ընտանիքները, որոնք այս ծրագրի անմիջական շահառուն են, խոսքը՝ սոցիալապես անապահով ընտանիքիների մասին է, որոնց տեխնիկայի օգտագործումը կտրամադրվի անվճար։ Ըստ մարզպետի,  տեխնիկայի օգտագործման համար պատասխանատու են վարչական ղեկավարները։

Սարապատ խոշորացված համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանն էլ ասաց, որ օժանդակությունը ճիշտ ժամանակին և տեղին էր, քանի որ իրենք նման մոտոբլոկներ չեն ունեցել, իսկ դրանք արդյունավետ են մշակաբույսերի տարածքների ընդլայնման համար, հին տեխնիկան վաղուց իրեն սպառել է։

Նա նաև ասաց, որ խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայրից մոտ 7-8 ընտանիք անվճար են օգտագործելու այն, իսկ մնացածները վարձակալելու են, որպեսզի կարողանան տեխնիկայի պահպանման ծախսերը հոգալ։ Իսկ վարձակալության գինը, ըստ Արտուշ Մանուկյանի, դեռ քննարկման փուլում է։ Տեխնիկան կօգնի տնամերձ հողամասերի մշակմանը։

Այսօր փորձակվեցին մոտոբլոկները և Եվրամիության կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավարի և համայնքների ղեկավարների միջև ստորագրվեցին հուշագրեր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031